ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է եղել 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Գրիգորյանի հիշատակին նվիրված «Դավիթ գանձս» գրքի շնորհանդեսին, որ կայացել է Վերնաշենի միջնակարգ դպրոցում:
Միջոցառմանը ներկա են եղել Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի, Եղեգնաձորի համայնքապետարանի աշխատակիցներ, դպրոցի ուսուցիչներ, Դավիթ Գրիգորյանի ծնողները, հարազատները, հյուրեր:
Արցախյան 44-օրյա պատերազմում իր կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած Դավիթ Գրիգորյանի հիշատակին նվիրված խոսքում Արարատ Գրիգորյանը նշել է՝
– Դավիթ Գրիգորյանը և Արցախյան բոլոր պատերազմներում զոհված մեր տղաները միայն ֆիզիկապես են բացակա մեր կյանքում, որովհետև նրանք մեզ հետ են ամենուր՝ մեր հիշողություններում, մեր աղոթքներում, մեր ամենօրյա գործունեության մեջ, որն ուղղված է իրենց կիսատ թողած գործը շարունակելուն՝ հայրենիքի խաղաղությունն ապահովելուն: Մեր հերոսների պայծառ հիշատակին արժանի լինելու գաղափարն է ուժ տալիս, որպեսզի ամենօրյա գործունեությամբ մենք կարողանանք շենացնել նրանց երազների հայրենիքը, որի համար իր կյանքը զոհաբերեց նաև մեր սիրելի Դավիթը:
Կարդացեք նաև
Մարզպետը առողջություն ու տոկոնություն է մաղթել Դավիթի ծնողներին և շնորհակալություն հայտնել այդպիսի հայրենասեր զավակ դաստիարակելու համար:
Արարատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել նաև դպրոցի տնօրինությանն ու ուսուցիչներին, հայրենասեր և մարդկային լավագույն որակներով օժտված սերունդներ դաստիարակելու համար:
«Դավիթ գանձս» գրքի շնորհանդեսը կազմակերպել էին Վերնաշենի միջնակարգ դպրոցի ուսուցիչները և Դավիթի ծնողները:
Միջոցառման ընթացքում դպրոցի սաները հատվածներ են ներկայացրել գրքում զետեղված բանաստեղծություններից և Դավիթի ստեղծագործական շարադրություններից:
Գիրքը հեղինակել են բանաստեղծուհի Նաիրա Գյոզալյանը և Դավիթի մայրը՝ Լյուդմիլա Հարությունյանը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմ