Լրահոս
Օրվա լրահոսը

2021-ի դրությամբ 112,599 միգրանտ չի վերադարձել իր բնակավայր․ վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ-ում միգրացիոն հոսքերի ցուցանիշը

Ապրիլ 18,2023 17:05

2019-2021 թվականների ընթացքում Հայաստան է ժամանել 66 հազար մարդ, 83 հազարը մեկնել է Հայաստանից, որից շուրջ 70.5%-ի՝ երկրից բացակայությունը հաշվառման պահի դրությամբ կազմել է մինչեւ 12 ամիս, 29.5%-ինը՝ 12 ամսից ավելի։

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի Հանրապետության 2019-2021 թվականների միգրացիոն պատկերը։

Կոմիտեի տվյալներով՝ 2019-2021 թվականների ընթացքում միգրացիոն տեղաշարժերում ընդգրկված բնակչությունից՝ 158 հազար 320 մարդ մեկնել է իր բնակավայրերից, 2021-ի դրությամբ 112 հազար 599-ը չի վերադարձել, 45 հազար 721-ը վերադարձել է։ Առաջին անգամ տվյալ բնակավայր ժամանած միգրանտների թիվը կազմել է 35 հազար 435: Նշված ժամանակահատվածում ներհանրապետական միգրացիոն հոսքը կազմել է 44 հազար 807։ Այսինքն՝ ընդամենը միգրանտների 23.1%-ի տեղաշարժը եղել է Հայաստանում։

2019-2021 թվականներին միգրացիոն հոսքը՝ ՀՀ-ից մեկնած, վերադարձած կամ ՀՀ-ում տեղաշարժված միգրանտների ընդհանուր թիվը կազմել է 193 հազար 755, որից միջազգային միգրացիան կազմել է 148 հազար 948 մարդ։

Իրենց բնակավայրերից մեկնած միգրանտների 66%-ը՝ 74 հազար 335-ը մեկնել է ՌԴ, վերադարձածների մեծ մասը՝ 56.6%-ը նույնպես Ռուսաստանից է։

Ըստ հետազոտության՝ միգրացիայի միջազգային հոսքերը կազմում է 148 հազար 948 մարդ, որից 25 հազար 928-ը՝ Արցախի Հանրապետություն։ 25 հազար 928-ից 5 հազար 706-ը մեկնել է ԱՀ, 10 հազար 224-ը՝ վերադարձել, 9 հազար 998-ն էլ, ինչպես նշված է հետազոտությունում՝ ԱՀ նոր վերադարձած միգրանտ է։

Հետազոտությունն անդրադարձել է նաեւ միգրացիայի հիմնական պատճառներին։ Ըստ այդմ՝ մեկնածների եւ վերադարձածների շրջանում միգրացիայի հիմնական պատճառն աշխատանքն է։ Միգրացիոն հոսքերում ընդգրկված քաղաքացիների 45.8%-ը միգրացիայի պատճառ է նշել աշխատանքը, 12.2%-ը՝ ընտանեկան կամ ընտանիքի հետ վերամիավորում, 3.7%-ը՝ բնակություն հաստատելը, 5%-ը՝ ուսում, վերապատրաստում։

Ուշագրավ է, որ միգրանտների 5.1%-ը՝ 9 հազար 832-ն է միգրացիայի պատճառ նշել պատերազմական գործողությունները։ Տվյալ բնակավայր նոր ժամանած միգրանտներից 7 հազար 586-ն է միգրացիայի պատճառ նշել պատերազմական գործողությունները։

Արտերկրից ստացվող փոխանցումներն էլ, ըստ ՎԿ հրապարակած տվյալների, մշտական բնակչությունից 113 հազար 121-ը արտերկրից ստացել է տրանսֆերտներ, որից 74.9%-ը՝ ՌԴ-ից, 11.9%-ը՝ ԱՄՆ-ից կամ Կանադայից, 9.3%-ը՝ եվրոպական երկրներից, 1.2%-ը՝ ԱՊՀ երկրներից, 2.8%-ը՝ այլ երկրներից։

Տրանսֆերտներ ստացածների մեծ մասը ՝ 93.8%-ը նշել է, որ գումարն օգտագործել է ամենօրյա ծախսերի համար՝ ընթացիկ սպառման նպատակով եւ միայն 1%-ն է տրանսֆերտի նպատակ նշել անշարժ գույքի ձեռք բերում կամ կառուցում։

Հետազոտության համաձայն, մեկնած միգրանտների 90.3%-ը կազմել են տղամարդիկ, կանայք՝ 9.7%։ Վերադարձած միգրանտների 77.2%-ը նույնպես կազմել են տղամարդիկ, կանայք՝ 22.8%, նոր ժամանած միգրանտների շրջանում ցուցանիշը հակառակն է՝ կանայք են գերակշռել՝ 61.6%, տղամարդկանց ցուցանիշը նոր վերադարձած միգրանտների շրջանում կազմել է 38.4%։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930