«Վերջին շրջանում ստեղծված իրավիճակի մեղավորներ նախկիններից, դինոզավրերից այն կողմ՝ դուք հռչակել եք հայ ժողովրդին, իր գենետիկ կոդը, այսօր էլ պարզվեց՝ պատմությանը նայելու դիտանկյունը պետք է փոխվի։ 44-օրյա պատերազմի ժամանակ դուք խոսում էիք Թուրքիայի եւ վարձկանների մասին, որ որոշումները Թուրքիան է կայացնում, ոչ թե Ադրբեջանը։ Իսկ այսօր այնպես եք խոսում երկրաշարժային դիվանագիտության մասին, որ մարդ քիչ է մնում հուզվի»,- ԱԺ արտահերթ նիստում այսօր ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նա շարունակեց․ «Դուք մադրիդյան փաստաթուղթը ներառել եք ձեր նախընտրական ծրագրում, իսկ հիմա հայտարարում եք, թե դրանով ԼՂ-ն ճանաչվել է Ադրբեջանի մաս։ Այդ դեպքում Կազանում Ադրբեջանն ինչո՞ւ ստորագրելուց 5 պակաս հրաժարվեց, եթե ՀՀ-ն դրանով Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս։ Կամ, Ադրբեջանն ինչո՞ւ որոշեց Արցախը վերցնել պատերազմով, եթե ՀՀ-ն արդեն ճանաչել էր Արցախն Ադրբեջանի մաս։ Ձեր դիտանկյունը ե՞րբ է փոխվել այս հարցերի վերաբերյալ՝ նոյեմբերի 9-ի՞ն, թե Տեղ գյուղի դեպքից հետո, երբ Ադրբեջանը, պարզվեց, խախտել է նախնական պայմանավորվածությունը։ Դուք ի՞նչ պայմաններում էիք գտնվում, որ այս հարցերի վերաբերյալ ձեր դիտանկյունը փոխվեց»։
Ագնեսա Խամոյանը նաեւ հիշեցրեց, որ Փաշինյանը խոստանում էր հրապարակում հանրությանը հայտնել բանակցածի մասին, հետո էլ ասում էր, թե իր սեփական՝ զրոյական կետից է բանակցում։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Չեք պատկերացնում ինչքան դիպուկ ու լավ հարց եք տալիս։ Ասում եք՝ իմ բանակցած փաստաթղթի մասին ես բան չեմ ասել։ Ճիշտ եք, որովհետեւ ես չեմ հասցրել բանակցել (քմծիծաղում է,-հեղ․), ես բան չեմ բանակցել։ Իսկ 2019թ․ ամռանը սեղանին դրված փաստաթուղթն ինձանից առաջ եղած բանակցությունների ամփոփումն է այն իրավիճակի, երբ Սերժ Սարգսյանն այս ամբիոնից իր հայտնի հայտարարությունն արեց»։
Կարդացեք նաև
Ագնեսա Խամոյանն արձագանքեց, որ Նիկոլ Փաշինյանը 2 տարի շարունակ հայ ժողովրդից թաքցրել է այն փաստը, որ 2019թ․-ին եղել է փուլային փաստաթուղթ, եւ ասել է, թե սեղանին թուղթ չկա։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ