Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թող Վարդան Օսկանյանն այսօր հրապարակի, թե 2018թ․-ին ինչ խորհուրդ էր տալիս ինձ»․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 18,2023 16:30

«Պաշտոնի եկած եւ ինստիտուցիոնալ հիշողություն ունենալու համար մարդը պետք է խորհրդակցի նախկինների հետ։ Մինչեւ հիմա ինձ մի հայտարարություն է հայտնի, որ 2019թ․-ին ասել եք, որ քննարկել եք Ադրբեջանի նախագահի հետ բանակցային գործընթացի պատմության հետ կապված հարցեր։ Այլ մարդ կա՞ պաշտոնյա, նախկին դիվանագետ, բանակցային գործընթացի մասնակից, որի հետ քննարկվել է ողջ բանակցային գործընթացը»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Փաշինյանն ամեն առիթով անում է իրարամերժ, իրականության հետ կապ չունեցող հայտարարություններ։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Իրականում շնորհակալ եմ հարցի համար։ Խոստովանեմ, որ ճիշտ եք ասում, բայց մի նրբությամբ․ դա իմ մասին չի, մեր մասին է։ Ասեմ ինչի։ Ումի՞ց է անկախացել ԼՂ-ն։ Մեկ ընդհանուր պետություն էինք ուզում, մեկ անկախություն էինք ուզում, մեկ ասում էինք, որ Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում․․․Ինչ վերաբերում է քննարկումներին, ապա ԼՂ իշխանությունն իմ բոլոր քայլերից եղել է տեղյակ։ Նույնիսկ բանակցային փաթեթներն եմ փոխանցել ԼՂ իշխանությանը»։

Փաշինյանը շարունակեց․ «Վերջերս մի պաշտոնյա ասում էր, թե ուզում էր այս կամ այն բանն առաջարկել։ Թող առաջարկեր։ Ավելին՝ հիմա թող գրեն ու հրապարակեն այն, ինչ այն ժամանակ ուզում էին առաջարկել։ Չեն անում, որովհետեւ իրենց գրածը նույն հարցերն է առաջացնելու»։

Ապա Փաշինյանը պնդեց՝ եթե նախկիններն իրեն ասելու բան ունեին, թող գային, ասեին։ Գեղամ Մանուկյանը տեղից բղավեց, որ Վարդան Օսկանյանը պատրաստ է եղել ասել։

Փաշինյանն արձագանքեց․ «Ասում եմ՝ Վարդան Օսկանյանն այսօր հրապարակի, թե 2018թ․-ին ինչ խորհուրդ էր տալիս ինձ։ Ես Վարդան Օսկանյանի հետ խնդիր ունեմ, որ ինքն այդ «մադրիդյան սկզբունքներով» ավելի է խորացրել այս շիլաշփոթը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930