Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչ արեցին մեր երկրի հետ, ուր հասցրին… էն որ ասում են՝ մտեք ծակը ու դուրս մի եկեք. բնապահպանի արձագանքը Տիգրան Ավինյանին

Ապրիլ 18,2023 16:21

«Եթե ինքը գաղափար չունի կլիմայական պայմաններից, ծառերի տարիքից, դրանց որակից, թող չխոսի: Աշխարհում հարյուր տարեկանից բարձր ծառեր են մարդիկ պաշտպանում, դրանք պահպանվում են պետության կողմից: Իրեն ո՞վ է ասել, որ 50, 70 տարեկան ծառերը իրենց ֆունկցիան կորցնում են, իր կողքի անգրագետ դենդրոլո՞գը: Ու մենք էլ պսեւդո բնապահպաններ ենք… թող գնա, ընդունվի բարձրագույն հաստատություն, սովորի բնապահպանություն, կենդանաբանություն, կենսաբանություն, հետո գա մեզ հետ նստի, խոսի… … Թե ինչ արեցին իրենք մեր երկրի հետ, ուր հասցրին, այսօր ընդհանրապես խոսելու իրավունք չունեն, էն որ ասում են՝ մտեք ծակը ու դուրս մի եկեք»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին բնապահպան Սիլվա Ադամյանը՝ անդրադառնալով Հանրայինի եթերով Ավինյանի պնդումներին, թե քաղաքի հատվող ծառերը 70-ամյա թեղիներ են, որոնք իրենց ֆունկցիան կորցրել են, բները փուչ են, կյանքը սպառել են, եւ պսեւդո մասնագետները, որոնք այս հարցը բարձրացրել են, լավ գիտեն դրա մասին:

Սիլվա Ադամյան

Սիլվա Ադամյանը նկատեց, որ Ավինյանի խորհրդատուները ծառահատումների մասով չեն ներկայացնում ոչ ԳԱԱ-ն, ոչ՝ ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտը, որը Երևանում ծառերի հատման և փոխարինման աշխատանքների վերաբերյալ պաշտոնապես մասնագիտական կարծիք, եզրակացություն այդպես էլ չտվեց. «Քաղաքապետարանը հրապարակել է մի քանի անկախ փորձագետների անուն, ազգանուններ, չեմ էլ ճանաչում նրանց: Որպես անկախ փորձագետ հավաքել են այդ մարդկանց ու ստիպել եզրակացություն տալ, որ ծառն իր ժամկետն ապրել է, չի կարող շրջակա միջավայրին օգուտ տալ եւ այդ պատճառով պետք է փոխարինվի մեկ այլ ծառով: Այդ մարդիկ չեն կարող պաշտոնական եզրակացություն տալ, որովհետեւ մարդիկ են՝ այստեղից, այնտեղից հավաքված»:

Նարե Արամյան

«Բացարձակ անիմաստ, ոչ կոմպետենտ նախադասություններ են, որոնք հնչում են ոմն, նախ չընտրված, ուստի նաեւ ոչ լեգիտիմ մարդու կողմից, որն այսօր ներկայացնում է քաղաքը: Այն դեպքում, երբ այն տեղական կառավարման մարմին է, եւ քաղաքը ներկայացնողն ու քաղաքի անունից հանդես եկող մեկն առնվազն պետք է լինի ընտրված»,- Տիգրան Ավինյանի պնդումներին այսպես հակադարձեց կենդանապաշտպան Նարե Արամյանը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ծառ իր ֆունկցիոնալության տեսանկյունից քանի դեռ կարող է քաղաքային միջավայրին բերել օգուտ, այդ ծառը պետք է մնա իր տեղում՝ անցնելով համապատասխան բուժումներ ու մշակումներ. «Եվ յուրաքանչյուրս պետք է դողանք այդ ծառի վրա, որովհետեւ մեզ ոչ թե 70, այլ 170 տարի է պետք լինելու, որ այսպիսի միջավայրի պայմաններում կարողանանք համապատասխան ծառեր տնկել, աճեցնել ու ունենալ դրանց բացարձակ նշանակությունը, գործառույթը: Այսօր բացարձակապես չի իրականացվում գործառութային կանաչապատում, միայն դեկորատիվ ձեւավորման կանաչապատում է իրականացվում Երեւանում: Դա անթույլատրելի է ոչ միայն մեր օդի ավազանի աղտոտվածության պայմաններում, որը վերջին տարիներին ամենաբարձր բացասական ցուցանիշն ունի. այլեւ, որ չենք կարողանում զուգահեռ իրականացնել ֆունկցիոնալ կանաչապատում: Միայն դեկորատիվ կանաչապատումը չի կարող, բացի վնասից՝ ոչինչ բերել քաղաքային միջավայրին: Սա է նաեւ մեր միջազգային գործընկերների կարծիքը»:

Մեր զրուցակցի համոզմամբ, վերջին տարիների էտման աշխատանքները հենց միտված են եղել ծառերի կենսունակությունը գցելուն. «Ես կարող եմ փաստել, որ այդ էտը՝ ունենք բոլոր լուսանկարներն ու ժամանակագրությունը, ունենք մեր բողոքները ոստիկանություն ու դատախազություն, որոնք ոչ էլ մինչ օրս ոչ մի պատասխան չեն ունեցել: Դրանք էկոցիտի բոլոր հատկանիշները պարունակող գործողություններ են … այդպիսի գործողությունները միտումնավոր են եղել, որ այսօր նրանք կարողանան կոռուպցիոն ռիսկերի բավարարման նպատակով ընդհանրապես հատել այդ ծառերը եւ բերել Երեւանի համար ոչ պիտանի ու թանկ ծառեր… իրենց բերած ծառերը հակասում է ոչ միայն գեղագիտական ու տրամաբանական եւ գիտական պատկերացումներին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930