Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հավանաբար Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ այսօր ռեալ վտանգ կա ներկա ՀՀ համար եւ այդ պատճառով է նման հայտարարություններ անում»․ Ռոբերտ Ղեւոնդյան

Ապրիլ 18,2023 15:53

«Նիկոլ Փաշինյանի մոտեցումը չափից դուրս ռեալիստական է․ վարչապետն ավելի շատ տեղեկատվություն ունի, հավանաբար անհրաժեշտ էր այս պահին խոսել այդ մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղեւոնդյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում այսօր ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «․․․Խաղաղությունը հնարավոր է, եթե մենք մեր բոլոր միջազգային հարաբերություններում ոչ միայն այսօրվա, այլեւ ապագայի համար հստակ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետություն ենք ճանաչում 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը, ավելի կոնկրետ՝ Հայկական ԽՍՀ տարածքը, որում մենք 1991 թվականին անկախություն ենք ստացել, եւ մենք որեւէ այլ երկրից որեւէ տարածքային պահանջ ոչ միայն չունենք, այլեւ չենք ունենալու երբեւէ: Եթե մենք այս միտքը չարձանագրենք, այն չդարձնենք մեր հանրության սոցիալ-հոգեբանություն, ոչ ոք մեզ թույլ չի տալու զարգանալ, որովհետեւ ոչ ոք չի համակերպվի այն մտքի հետ, որ մենք զարգանում ենք, ուժեղանում ենք, որ այդ զարգացումն ու ուժն ուղղենք ուրիշների դեմ՝ մեր երկրի տարածքները ընդլայնելու համար»։

Քաղաքագետ Ռոբերտ Ղեւոնդյանի խոսքով՝ շատ կարեւոր էր հետագա հավակնությունների մասին վարչապետի խոսքը, այն, որ Հայաստանի Հանրապետությունը հետագայում էլ տարածքային հավակնություններ չի ունենալու Ադրբեջանի նկատմամբ։ «Հավանաբար դա կապված է նաեւ Հայաստան-Թուրքիա գործընթացի հետ, որի շրջանակներում մենք հիշում ենք, որ նախկինում Թուրքիան պայմաններ էր առաջադրում, որոնցից մեկը ներկա սահմանները ճանաչելն էր։ Եվ կարծես թե նախկին իշխանությունները հրաժարվել էին, եթե չեմ սխալվում, երկրորդ նախագահը խոսում էր այն մասին, որ անհրաժեշտ է այդ խնդիրը թողնել ապագային։ Հավանաբար Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ այսօր ռեալ վտանգ կա Հայաստանի ներկա Հանրապետության համար եւ այդ պատճառով է նման հայտարարություններ անում»,- ասաց քաղաքագետը։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ իրերի իրական դրությունը։ Իսկ իրավիճակը հետեւյալն է՝ այն տարածաշրջանում, որտեղ մենք կարող էինք պատմական հավակնություններ ունենալ, հայ էթնիկական միավորի քանակը բազմակի անգամ զիջում է այլ էթնիկական միավորների քանակին՝ թե քրդերին, թե թուրքերին, թե ադրբեջանցիներին։ Հետեւաբար, այս պահին նույնիսկ ապագա հավակնությունների մասին խոսելը կարող է վտանգավոր լինել։ «Իմ կարծիքով՝ եթե կգա ժամանակ, երբ մենք կլինենք թվաքանակով գոնե համադրելի թուրքական պետության քաղաքացիների հետ, գոնե 30-40 մլն կլինենք, այդ դեպքում նշանակություն չի ունենալ, թե մենք այսօր ինչ ենք հայտարարել, կարող ենք այդ հավակնությունները նորից բարձրաձայնել։ Այսինքն՝ 29 հազար 800 քառակուսի կմ վրա զարգանալ, առաջադիմել եւ իմ նշած երազանքի մակարդակին հասնելու հնարավորություններ պահպանել կարելի է միայն այնպես, ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավաստիացնել աշխարհին, որ մենք չունենք հավակնություններ եւ չենք ունենալու»,- հավելեց նա։

Դիտարկմանը, որ Ադրբեջանի այսօրվա գործողությունները չեն երաշխավորում, որ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքի վրա հնարավոր է խաղաղ ապրել, ինչի մասին նաեւ հենց Նիկոլ Փաշինյանն է հայտարարում ու խոսում միջազգային մեխանիզմների անհրաժեշտության մասին, Ռոբերտ Ղեւոնդյանը պատասխանեց․ «Ակնհայտ է, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանը չզարգանա, որովհետեւ անկախ նրանից, թե մենք այսօր ինչ կհայտարարենք, հնարավորություն ունենալու դեպքում Հայաստանը փորձելու է ավելին ունենալ: Այո, Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի մենք չզարգանանք, եւ, իմ կարծիքով, այստեղ վարչապետի նշած զարգացման հայեցակարգն ու հնարավորությունը կապված չէ Ադրբեջանի գործողությունների հետ, այլ կապված է Հայաստանի եւ միջազգային հանրության շփումների հետ»։

Ինչ վերաբերում է Արցախի հարցին՝ քաղաքագետը նշում է, որ պետք է պայքարել Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու համար։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930