ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասներ էր ներկայացրել Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի ներկայացուցիչների հետ ապրիլի 11-ին կայացած հանդիպումից, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը եւ քննարկվել է «Գոյը» Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացնելու հարցը:
168.am-ի հետ զրույցում նախարարն ասել էր, թե «Գոյին» առաջարկել է մտահոգությունների չեզոքացման ճանապարհ, պատրաստակամություն են հայտնել, որ նրանք իրենց բոլոր նոր ծրագրերը կարող են որակական փոփոխություններից հետո իրականացնեն նոր ձևաչափով:
Aravot.am-ը Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի ռեժիսոր եւ գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանից եւս հետաքրքրվեց հանդիպման մանրամասներից, հարցրինք՝ ընդունելի՞ են արդյոք նախարարության առաջարկները:
Արթուր Սահակյանը թեեւ ներկա չի եղել հանդիպմանը, բայց տեղյակ է, թե ինչի մասին է խոսվել: «Մենք ասել ենք, որ որեւէ մեկն իրավունք չունի թատրոնի ճակատագիրը որոշել, մեր կողմից սա է հնչել: Ինքը ինչ-որ պատճառաբանություններ է խոսակցության ընթացքում բերել: Մեր դերասաններին ինչ-որ բաներ ասել է, որ չէ…բան…Բայց հասկացել է, որ ոչ մի բան էլ չի հասկանում, հասկացել է, որ իրենք լիքը սխալներ ունեն, որոնք իրենց համար բոլորովին նպաստավոր չեն: Մենք պնդել ենք, որ էդպիսի բան չի կարող լինել, որ մենք գնանք, անունը մնա, չգիտեմ ինչ…Ոչ մի դեպքում՝ թատրոնը կա, թատրոնը մնում է…»:
Կարդացեք նաև
«Գոյ» կենտրոնի գեղարվեստական ղեկավարն ընդգծեց, որ e-draft-ում տեղադրված նախագծի օգտին ֆեյքեր են քվեարկում, ապա հավելեց. «Ինչպես արդեն նշեցի՝ մեր կողմից ասվել է եւ ասվում է, որ այդպիսի բան չի կարող լինել: Եթե, ինչպես իրենք ներկայացնում են իրավական պետություն է՝ իրենց ասելով, ուրեմն դա իրավական չէ, թող մտածեն, որ նման բան չի կարող լինել՝ ոչ ֆիզիկապես, ոչ պայմանականորեն: Մենք մնում ենք «Գոյ» կենտրոն, իսկ իրենց ֆանտազիաները թող իրագործեն իրենց ընտանիքներում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ 168.am-ից