«Հեղափոխությունից 5 տարի անց խոսում ենք «5-րդ շարասյան» մասին եւ չենք բացահայտում դրա քաղաքական ասպեկտները։ Դատաիրավական բարեփոխումներն ուշանում են, բայց հստակ է, որ այդ շարասյան գոյությունը ոչ միայն իրավական հետեւանք պետք է կրի, այլ քաղաքական։ Դատաիրավական բարեփոխումների տեմպն ինչպե՞ս եք գնահատում»,- ԱԺ արտահերթ նիստում այսօր ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Հիմնավորումն այն է, որ այս պահին ավելի քան 53 անձինք, մեծամասամբ զինվորականներ եւ բարձրաստիճան սպաներ, անցնում են պետական դավաճանության գործերով։ Մարդիկ իրենց դիրքերի տեղերը փողի դիմաց փոխանցել են հակառակորդին։ Սա քաղաքական հատվածի անդրադարձ էլ է։ Պատերազմի ժամանակ իմ ազգականներից մեկն եկավ իմ աշխատասենյակ ու ասաց, որ այսինչ բարձրաստիճան սպան զորքի մեջ խուճապ է տարածում ու ասում, թե Նիկոլը հողերը տվել է, անիմաստ է կռվել։ Ես ազգականիս դուրս արեցի սենյակից ու ասացի՝ եկել ՀՀ բանակի սպայի մասին ինձ բան ես ասո՞ւմ։ Վերջերս էլ պատահաբար իմանում եմ, որ քրեական գործ կա, եւ այդ դրվագը հիմնավորվելու շատ մեծ հնարավորություն ունի։ Փաստացի ես ազգականիս, ընտանիքի անդամիս վռնդել եմ աշխատասենյակից նրա համար, որ բան է ասել քսան տարի պետությանը ծառայած սպայի մասին, որը հասել է զինվորական բարձր կոչման»։
Ինչ վերաբերում է դատաիրավական բարեփոխումներին, Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դանդաղ, բայց ընթանում են, եւ իրենց նպատակն անկախ դատական համակարգ ունենալն է։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ