Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը վարպետության դաս է անցկացրել Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի «Չայկովսկի» կամերային նվագախմբի երաժիշտների համար։ Նվագախումբը կազմավորվել է 2019 թվականի սկզբին։ Ինչպես նշում է նվագախմբի դիրիժոր Դավիթ Մարուխյանը, այս ընթացքում ելույթներ են ունեցել Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Կամերային նվագախմբի ստեղծման գաղափարը հենց դպրոցի աշակերտներինն էր, որոնք հավաքվեցին և որոշեցին կազմավորել այս գեղեցիկ կոլեկտիվը։ Նվագախմբի առաջիկա ելույթն ապրիլի 19-ին է։ Դավիթ Մարուխյանը նշում է, որ մաեստրո Սմբատյանի հետ շփումը պատանի երաժիշտների համար ուսանելի և ոգևորող կլինի։
Վարպետության դասի ընթացքում Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ մանկապատանեկան կամերային նվագախումբը փորձեց Չայկովսկու Սերենադը, որը լարային նվագախմբի համար գրված բարդագույն ստեղծագործություններից է։ Այս ստեղծագործությունը նվագախումբը կատարելու է ապրիլի 19-ին կայանալիք համերգին։
Սերգեյ Սմբատյանը կարևորում է մասնագիտական առումով պատանի կատարողներին ուղղորդելն ու աջակցելը։ Նա հետագայում նույնպես նման հանդիպումներ անցկացնելու պատրաստակամություն հայտնեց։ Մաեստրո Սմբատյանը պատանի երաժիշտներին հրավիրեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգներին՝ հաղորդակից դառնալու ավագ գործընկերների աշխատանքին բեմում։
Նվագախմբի երաժիշտները նշեցին, որ տպավորված էին վարպետության դասից։ Մարի Մուրադյանն ընդգծեց, որ դասը հետաքրքիր և ուսանելի էր. «Նվագախմբում յուրաքանչյուր ձայն առանձին շատ կարևոր է, և մաեստրո Սմբատյանի խորհուրդներից էր՝ ոչ միայն կենտրոնանալ սեփական կատարման վրա, այլև զուգահեռաբար ուշադիր լսել նաև մյուս երաժիշտներին։ Նվագախումբը մեծ թիմ է, և այստեղ շատ կարևոր է թիմային աշխատանքը»։
Կարդացեք նաև
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ