ԱԺ արտահերթ նիստում այսօր ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս պահին ՀՀ-ում 55 000 բնակարաններ են կառուցվում։ ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հարցրեց՝ ցածր եկամուտներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովմանն ուղղված ի՞նչ ծրագրեր են քննարկվում, որովհետեւ ոչ բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն բնակարան ձեռք բերելու։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ նման քննարկում կա․ «Բայց վերջերս փորձում եմ տրամաբանությունը փոխել։ Ունենք դատարկվող գյուղերի խնդիր, մյուս կողմից՝ դեպի այդ դատարկվող գյուղերը կառուցում ենք ճանապարհներ։ Այդ գյուղն իր ստեղծման օրից այդքան ներդրում չի տեսել։ Եղել է գյուղ, որ երկու միլիոն դոլարով ճանապարհ ենք կառուցել, եւ այդ գյուղի ողջ անշարժ գույքը միասին այդքան չարժի։ Ուստի մյուս քայլն ենք անում՝ այդ գյուղերում դպրոցներ ենք կառուցում։ Հետո ամբուլատորիաներ ենք կառուցելու»։
Այս պատճառով Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ սոցիալական բնակարանաշինությունը պետք է լինի մարզերում, այլապես գյուղերը լրիվ կդատարկվեն․ «Եթե ճանապարհ չկա, մարդը ո՞նց ապրի գյուղում։ Կամ, եթե դպրոց չկա, երեխան ո՞ւր գնա»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ