Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ անհիմն քրեական հետապնդում է իրականացվում կազմակերպված խմբի կողմից. Թաթուլ Պետրոսյան

Ապրիլ 18,2023 14:26

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին, որը 2023 թվականի մարտի 16-ից կալանավորված է, հանրային աջակցության կարիք ունի, ինչի նպատակով էլ ստեղծվել է նախաձեռնող խումբ:

Նախաձեռնող խմբում ընդգրկված է 12 անդամ՝ այդ թվում` Տավուշի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը և այլք։

«Եթե մենք իսկապես ապրեինք իրավական երկրում, ապա կարծում եմ, որ միայն պաշտպանի ներկայությունը բավարար կլիներ, որ ենթադրյալ կասկածյալի կամ մեղադրյալի իրավունքներն ամբողջությամբ պաշտպանված լինեին։ Բայց մենք ապրում ենք մի երկրում, որտեղ գիտենք, թե իրավունքը որքանով է հարգվում իշխանության, իրավապահ համակարգի կողմից»,-հանրային աջակցության խումբ ստեղծելու իր հիմնավորումը ներկայացրեց պահեստազորի գնդապետ, «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն ՀԿ խորհրդի անդամ Հայկ Նահապետյանը:

Հայկ Նահապետյան

Ըստ նրա, սա միայն Գրիգորի Խաչատուրովի խնդիրը չէ, 44-օրյա պատերազմից հետո թիրախավորվել է զինվորականությունը. «Այսօր հանիրավի բանտերում են գտնվում մեր ընկերները՝ բարձրաստիճան զինվորականներ, որոնց նկատմամբ մեղադրանքներ են հարուցված։ Եթե արդար նախաքննություն, ապա դատաքննություն լինի, ավազի վրա կառուցված տան նման կքանդվեն այդ գործերը»։

Թաթուլ Պետրոսյան

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանի գնահատմամբ, Գրիգորի Խաչատուրովին մեղսագրվող արարքը բացարձակ կապ չունի նրա նկատմամբ հարուցված քրեական գործի հետ, նրան մեղսագրվող արարքի հեղինակները շատ վառ երեւակայություն ունեն, քանի որ քրեական գործում որեւէ ապացույց չկա: Դրա ապացույցներից մեկն էլ, ըստ բանախոսի, այն է, որ այս գործով վարույթ իրականացնող մարմինը պահանջել է փակ դատաքննություն՝ միացնելով 12 մեղադրյալների գործերը, որոնց թվում՝ նաեւ նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործն է: Թաթուլ Պետրոսյանը համոզված հայտարարում է՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ անհիմն քրեական հետապնդում է իրականացվում կազմակերպված խմբի կողմից, որի անդամ է նաեւ կալանքի որոշում կայացնող դատավորը. «Գլխավոր դատախազը, որը կատարում է Նիկոլ Փաշինյանի հրամանը, հանձնարարել է դատախազին, ԱԱԾ ղեկավարը հանձնարարել է քննիչին եւ այլն ու արդեն եղավ՝ կազմակերպված խմբի կողմից կալանավորում եւ 5-10 տարվա ազատազրկում է սպառնում»:

Անդրադառնալով Գրիգորի Խաչատուրովին մեղսագրվող արարքին էլ, Թաթուլ Պետրոսյանը նկատեց՝ 2004-2010 թվականներին Գրիգորի Խաչատուրովը, լինելով N զորամասի հրամանատար, իբր թե տեղեկացել է, որ ՊՆ հաշվեկշռում կա 1.2 հա հողատարածք ու անշարժ գույք, տեղյակ է եղել, որ Անշարժ գույքի կոմիտեի աշխատակիցները որոշել են այդ գույքն օտարել «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով նախատեսված արգելքի պայմաններում, կադաստրային արժեքից մի քանի անգամ էժան. «Պատկերացրի՞ք քննիչի ու հսկող դատախազի ձևակերպումները։ Այն, ինչ որ ասում եմ, դրանց վերաբերյալ քրեական գործում որևէ ապացույց չկա։ Ավելին, իբր Գրիգորի Խաչատուրովը խնդրել է Սեյրան Օհանյանին, նա էլ համաձայնել է, որ այն ձևակերպվի Խաչատուրովի ընկերոջ՝ եթե չեմ սխալվում, Էդգար Արշակյանի անունով։ Պատկերացնում եք, իբր այդ կերպ հողատարածքն անցել է Խաչատուրովի սեփականության ֆոնդին»:

Նա ընդգծեց, որ Խաչատուրովին մեղսագրվող արարքի վերաբերյալ ապացույցներ չկան, ողջ գործը կառուցվել է հարակից հողատարածքում գործող պոմպակայանի մեխանիկի պատմածի վրա, վերջինն ասել է՝ լսել է, որ այդ հողը պատկանում է Գրիգորի Խաչատուրովին, իրեն պատմել է մի անձ, որը վաղուց հանգուցյալ է.

«Ահա ամբողջ քրեական գործը կառուցված է սրա վրա, որը փաստ ասել չի կարելի։ Հետևանքների մասին եմ ուզում ասել, իրավապահ մարմինները, որոնք կատարել են այս խայտառակությունը՝ հսկող դատախազ, գլխավոր դատախազ կոչեցյալ, քննիչ, ԱԱԾ տնօրեն պետք է հասկանան, որ վաղը պատասխանատվության ենթարկվելու են Գրիգորի Խաչատուրովի ապօրինի ձերբակալելու ու կալանավորելու համար»:

Միքայել Համբարձումյան

Պահեստազորի գնդապետ, «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ, համահիմնադիր Միքայել Համբարձումյանն էլ պարզաբանեց՝ միավորումը այս ձեռնարկին միացել է, քանի որ փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող եւ անվտանգային խնդիրներ ունեցող երկրում, ուժերը միավորվելու փոխարեն, զիվորական ոլորտից հեռացվում են գործի գիտակ մարդիկ:

Գրիգորի Խաչատուրովի կալանավորման գործընթացում, Միքայել Համբարձումյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ խոսքը 16 տարվա վաղեմության դեպքի մասին է եւ այս տարվա հունվար ամսին կլրանա վաղեմության ժամկետները, ինչն իր հերթին նվազեցնում է ենթադրյալ արարքի հանրային վտանգավորությունը։ Բացի այդ, նա տարակուսած է՝ արդյոք տարիներ առաջ գույքի ձեռքբերման գործարքը հանրորեն վտանգավոր արարք է իրենից ներկայացնում։ Վերաքննիչ դատարանը Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանք է կիրառել՝ գտնելով, որ Խաչատուրովը կարող է ազդեցություն ունենալ գործի քննության վրա. բանախոսն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ կալանքը կիրառվել է նախաքննության ավարտական փուլում, մինչդեռ, սովորաբար, կալանք կիրառվում է այն դեպքում, երբ պետք է դեռևս մի շարք քննչական գործողություններ իրականացվեն, վկաներ հարցաքննվեն։

Նյութերի նախապատրաստումն իրականացվել է ԱԱԾ-ի կողմից, իմանալով իր գործընկերների աշխատանքը, Միքայել Համբարձումյանը վստահ է, որ իրականացվել են լայնածավալ գործողություններ ու կարեւոր է համարում այն հանգամանքը, որ, ըստ իրեն, առկա չեն տվյալներ, որ Խաչատուրովի կողմից որևէ քայլ արված լինի, որը կարող է մեկնաբանվել՝ որպես դատավարության մասնակիցների նկատմամբ ապօրինի ազդեցություն։

Միքայել Համբարձումյանն ընդգծեց, որ ղեկավարումից, զինվորական միջավայրից փաստացի մեկուսացնում են բոլոր այն գեներալներին, որոնք ունակ են բեկում մտցնել ստեղծված իրավիճակում։

Դավիթ Ամալյան

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ- երգահան Դավիթ Ամալյանը, որի որդին զոհվեց 44-օրյա պատերազմում, ի աջակցություն Գրիգորի Խաչատուրովի իր խոսքը սկսեց Ռուբեն Հախվերդյանի հետ տասը տարի առաջ ունեցած զրույցը պատմելով. «Ասացի՝ էս վատ մշակույթը տարածվում է, եկեք միանանք, միասնական ինչ-որ բան անենք։ Ասաց՝ «Կենդանիների աշխարհում»-ը նայե՞լ ես։ Տեսե՞լ ես, որ առյուծները միասնական լինեն։ Ասացի՝ չէ։ Պատասխանեց՝ իսկ շակալները միշտ միասնական են։ Ցավոք սրտի, սա մեր դաժան իրականությունն է, շակալների թե քանակը, թե համախմբման որակը բարձր է։ Բայց այս դեպքում մենք դատապարտված ենք անհատների միասնության, քանի որ այլ ելք չունենք»:

Նա մեկ այլ պատմություն էլ հիշեց, արդեն զորավար Անդրանիկի կյանքից. վերջինս գյուղերում ձի է փնտրում, մի մարդ անընդհատ իր հիվանդ ձին է բերում, տալիս Անդրանիկին. «Անդրանիկը գնդակահարում է այդ մարդուն։ Ծիծաղելի կլիներ, եթե Անդրանիկին ձերբակալեին։ Իմ իրավաբան ընկերը մանրամասն ներկայացրեց հարցը, ես էմոցիոնալ հարթության մեջ կխոսեմ, եթե նույնիսկ Գրիգորի Խաչատուրովը վերցրել էր կամ եսիմ ինչ էր արել, չգիտեմ, հիմա դուք հեկտարով հող չե՞ք վերցնում, սիրելի ինչ-որ բաներ կամ ոչ մի բաներ, ծիծաղելի է դրա համար պատժել մի մարդու, որն ամենակարևոր մարդկանցից է։ Սրանց մոտ տղայական մոտեցում չկա, իրենք էս տեսակից չունեն իրենց մեջ, սա աբիժնիկություն է, սրանք փողոց դուրս չեն եկել, չգիտեն, դա ինչ է նշանակում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930