Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«5 տարում «Մատենան» պետք է դառնա լավագույն բիզնես դպրոցը տարածաշրջանում». Ռուբեն Հայրապետյան

Ապրիլ 18,2023 15:21

«Մատենա» առաջնորդության եւ մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի համահիմնադիր եւ տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի հետ Aravot.am-ը զրուցել է Առաջնորդության եւ մասնագիտական զարգացման «Մատենա» միջազգային դպրոցի, սահմանած բարձր նշաձողի, Հարվարդի համալսարանի եւ Արցախում իրականացված ծրագրերի մասին:

-2021-ին հիմնադրվեց առաջնորդության եւ մասնագիտական զարգացման «Մատենա» միջազգային դպրոցը, որի առաքելությունն է գիտելիքի կուտակման եւ համաշխարհային առաջավոր փորձի տարածման միջոցով նպաստել մասնագիտական հմտությունների եւ առաջնորդության կարողությունների զարգացմանը: Այս ընթացքում ի՞նչ հաջողություններ է գրանցել «Մատենան», համարո՞ւմ եք, որ իր առջեւ դրված գլխավոր նպատակներն իրականացրել է:

– Այո, ավելի քան մեկ տարի է անցել այն պահից, երբ հզոր գործընկերոջս՝ սոցիալական ձեռներեց և առաջնորդ Ռուբեն Վարդանյանի հետ միասին հիմնադրեցինք «Մատենան»: Եվ թեպետ մեկ տարին կարճ ժամանակահատված է միջազգային դպրոցի նպատակների իրագործումը գնահատելու համար, սակայն, հիմնադրման օրվանից սկսած, «Մատենան» ունեցել է հստակ մշակված ռազմավարություն, որտեղ նշվել է, թե ինչպիսի արդյունքներ պետք է գրանցվեն 1 տարում, 3 տարում, 5 տարում և այդպես շարունակ: Այս առումով, մեր թիմը մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի կատարենք և նույնիսկ գերակատարենք առաջին տարվա ծրագիրը:

Այս ընթացքում «Մատենան» սկսել է համագործակցել ղեկավարների կրթության ոլորտում աշխարհի լավագույն 20 բիզնես դպրոցներից 6-ի հետ, համատեղ կրթական ծրագրեր իրականացնել ըստ «Financial Times»-ի Գերմանիայի լավագույն բիզնես դպրոցի՝ «ESMT Berlin»-ի, Հարվարդի համալսարանի Դեյվիսի կենտրոնի, Կանադայի լավագույն բիզնես դպրոցներից «HEC Montreal»-ի, Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի, ինչպես նաև Սկոլկովո կառավարման դպրոցի հետ:

«Մատենան» կարողացել է ներգրավել նաև աշխարհի առաջատար մասնագետների, ինչպիսիք են համաշխարհային հսկա «IBM»-ի և Բոստոնի խորհրդատվական խմբի երկարամյա փոխնախագահ, կորպորատիվ ռազմավարության պրոֆեսոր Քենեթ Քևերյանը, Ավստրիայի խոշորագույն բանկային խմբի՝ «Erste Group»-ի թվային տրանսֆորմացիայի տնօրեն Արա Աբրահամյանը, «Oracle» կորպորացիայի նախկին փոխնախագահ Իգոր Խալաթյանը, առաջնորդների պատրաստման ուղղությամբ Եվրոպայի լավագույն մասնագետներից «McKinsey» ընկերության՝ Բելգիայի և Լյուքսեմբուրգի գրասենյակի երկարամյա ղեկավար Պիեր Գուրջյանը և այլք։

«Մատենան» գործընկերների հետ համատեղ հիմնել է նաև թվային փոխակերպման կենտրոն՝ «Matena ICDT», սկսել է համագործակցել մի քանի հարյուր կազմակերպությունների, այդ թվում՝ խոշոր բանկերի և ՏՏ կազմակերպությունների գերակշիռ մասի հետ, իր կրթական ծրագրերում մասնակիցներ է ունեցել պետական կառավարման համակարգից, այդ թվում` 3 փոխնախարար, իրականացրել է բազմաթիվ այլ ծրագրեր և միջոցառումներ:

Կրթական ծրագրերը «Մատենայում»

– «Մատենայի» կրթական մոդելն ու ծրագրերը ի՞նչ ազդեցություն և փոփոխություններ մտցրին Հայաստանի կրթական ոլորտում այս մեկ տարվա ընթացքում։

– Չգիտեմ, թե որքանով է մեզ հաջողվել, բայց «Մատենան» փորձում է ցույց տալ, թե ինչ է նշանակում իրական արդյունք ապահովող որակյալ կրթություն, սահմանել համապատասխան նշաձող այդ ուղղությամբ, ինչպես նաև արմատավորել շարունակական կրթության մշակույթը Հայաստանում. անկախ նրանից, թե անհատն ինչ բարձունքների է հասել, չպետք է դադարի սովորել, այլապես հետ կմնա արագ փոփոխվող աշխարհից:

Շատ ուրախալի է նաև, որ կրթաթոշակների նոր մշակույթ է ստեղծվում «Մատենայի» շուրջ: Կարևորելով առաջնորդների դերը համակարգերի զարգացման գործում, ինչպես նաև գնահատելով այդ նպատակին ուղղված «Մատենայի» բարձրակարգ կրթական ծրագրերը՝ առաջին 3 ընկերությունները՝ Յունիբանկը, «Անիվ» հիմնադրամը և «HENDERSON»-ը սկսել են հատուկ կրթաթոշակներ տրամադրել կրթության, գիտության, մշակույթի և առողջապահության ոլորտների առաջնորդներին: Այդպիսով, նրանք միանում են Հայաստանում որակյալ կրթությունը հասանելի դարձնելու մեր կարևորագույն առաքելությանը:

«Մատենայի» մասնակիցները՝ Գերմանիայի «ЕSMT Berlin»-ում

 

– Քանի՞ շրջանավարտ է ունեցել «Մատենան», նրանց հետ կապված ի՞նչ հետաքրքիր դրվագներ կներկայացնեք:

-«Մատենա» միջազգային դպրոցն արդեն ունի շուրջ 200 շրջանավարտ՝ առաջնորդներ տարբեր բնագավառներից և բազմաթիվ ընկերություններից: Ստեղծվել է «Մատենայի» շրջանավարտների ակումբը, ընտրվել է ակումբի առաջին նախագահը, որը ստանձնել է պատասխանատվություն՝ զանազան մասնագիտական և ժամանցային միջոցառումների շնորհիվ մատենացիների կյանքն ավելի հետաքրքիր և արժեքավոր դարձնելու համար, ինչպես նաև՝ նպաստելու «Մատենայի» օրեցoր աճող համայնքի պահպանմանը և զարգացմանը:

Հետաքրքիր դրվագները շատ են «Մատենայի» շրջանավարտների ակումբի ակտիվ կյանքում, սակայն մեզ համար ամենահետաքրքիրն ու արժեքավորն այն է, որ շրջանավարտներից շատերը վերադառնում են՝ սովորելու նոր ծրագրերում:

 

– Ո՞ւմ համար են «Մատենայի» ծրագրերը։

-Ինչպես գործող ղեկավարների, որոնք ցանկանում են բարելավել առաջնորդության և կառավարման իրենց հմտությունները, այնպես էլ բոլոր այն մասնագետների, որոնք պոտենցիալ առաջնորդներ են և պատրաստվում են նման պատասխանատվություն ստանձնել:

Կրթական ծրագրերը «Մատենայում»

– Քանի՞ մասնագիտական ուղղությամբ եք արդեն իրականացրել ծրագրեր։

– Մասնագիտական ուղղություններն արդեն շատ են՝ ռազմավարություն, առաջնորդություն, փոփոխությունների առաջնորդում, բիզնեսի զարգացում, տվյալների հիման վրա որոշումների կայացում, բիզնես բանակցությունների արվեստ, թվային փոխակերպում և այլն:

Կրթական ծրագրերը «Մատենայում»

 

– Խնդրում եմ ներկայացնեք Հարվարդի համալսարանի հետ իրականացվող ծրագիրը:

-Նախ, Հարվարդի համալսարանի՝ Հայաստանում լինելն ինքնին բացառիկ երևույթ է, և մենք շատ ուրախ ենք, որ մեր հզոր գործընկերը վստահել է «Մատենային», որովհետև դա նաև մեզ համար կարևոր ու պատասխանատու գործընկերություն է: Հարվարդի համալսարանի Դեյվիսի կենտրոնի «Negotiation Task Force»-ի հետ միասին՝ «Մատենան» իրականացնում է ղեկավարների մասնագիտական զարգացման երկամսյա ծրագիր, որն ուղղված է բանակցություններ վարելու և գործարքներ կնքելու հմտությունների զարգացմանը: Այդ բացառիկ կրթական ծրագիրը ներառում է իրական կյանքի սիմուլյացիոն վարժություններ Հարվարդի համալսարանի դասախոսների կողմից, որի ընթացքում մասնակիցները նաև սովորում են բանակցությունների վարման հարվարդյան եզակի մեթոդաբանությունը:

-«Մատենա» միջազգային դպրոցը սկսում է եւս մեկ դասընթաց Արցախի Հանրապետության հանրային, մասնավոր ոլորտներում աշխատող մասնագետների համար: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ սա Արցախի համար, եւ ընդհանրապես այս համատեքստում խնդրում եմ ներկայացնել Արցախյան ծրագրի առանձնահատկությունն ու կարեւորությունը:

-Սա «Մատենայի» արդեն երրորդ ծրագիրն է Արցախում։ Առաջինն անցկացվել էր 2022-ի նոյեմբերին՝ Արցախի պետական կառավարման մարմինների բարձր օղակի ղեկավարների համար։ Դեկտեմբերին կազմակերպվել էր ծրագրի երկրորդ փուլը՝ պետական բարձր և միջին օղակների աշխատողների համար։ Այս նոր ծրագիրն Արցախի Հանրապետության հանրային և մասնավոր ոլորտներում աշխատող այն մասնագետների համար է, որոնք ցանկանում են զարգացնել առաջնորդության հմտությունները և ստանձնել պատասխանատվություն իրենց բնագավառում, կազմակերպությունում կամ թիմում: Ընդ որում, Արցախի ծրագրերի բոլոր մասնակիցներն ամբողջական կրթաթոշակ կստանան «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության կողմից։

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը թեև փոխեց մեր ծրագրերի ժամկետները, բայց ևս մեկ անգամ ընդգծեց դրանց կարևորությունը։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցները չզրկվեն կրթություն և նոր գիտելիք ստանալու իրենց իրավունքից: Համակարգերի զարգացումը սկսվում է առաջնորդներից, և անչափ կարևոր է, որ Արցախում լինեն իսկապես պատրաստված առաջնորդներ, որոնք ոչ միայն լավ մասնագետներ են, այլ պատրաստ են պատասխանատվություն ստանձնելու՝ իրենց ոլորտներում կամ կազմակերպություններում իրավիճակ փոխելու և նպաստելու Արցախի Հանրապետության զարգացմանը, ինչը նաև անվտանգության երկարաժամկետ երաշխիքներից է: Շատ է ասվում, որ, առանց անվտանգության խնդիրը լուծելու, զարգացում հնարավոր չէ, սակայն դա երկկողմանի գործընթաց է. առանց զարգացման, երկարաժամկետ և կայուն անվտանգություն հնարավոր չէ: Թերևս, տարիներ շարունակ այս միակողմանի մոտեցումն է եղել մեր հիմնական սխալը, որ այսօր իրավիճակն այդքան բարդ է:

«Մատենայի» ծրագրերն Արցախում

– «Մատենայի» եւ Արամ Խաչատրյան տուն-թանգարանի համագործակցությանն էլ խնդրում եմ անդրադառնալ, ինչը, անշուշտ, աննախադեպ էր Հայաստանի համար:

-Այո, մենք հարևաններ ենք: Երևանի սրտում՝ Կասկադի անմիջական հարևանությամբ, ստեղծվել է այս յուրահատուկ «կրթամշակութային կլաստերը», որի կենտրոնում գտնվում է մեր հրաշալի լուսազարդ այգին: Այստեղ հաճախակի հավաքվում են մատենացիները, և՝ ոչ միայն մատենացիները, անցկացնում են օգտակար և հաճելի կրթամշակութային ժամանց: Հատկապես ամռան ամիսներին կյանքն այստեղ եռում է:

Մասնագիտական քննարկում «Մատենայի» այգում

 

-Առաջիկա տարիներին ի՞նչ նշաձողի է ձգտելու «Մատենան»:

–          Ինչպես արդեն նշեցի, «Մատենան» ունի հստակ ռազմավարություն, որում ամրագրված են առաջիկա տարիների մեր նպատակները և գործողությունները: Արդեն սկսել ենք առաջին «EMBA» և «MBA» ծրագրերի ուղղությամբ աշխատանքը: Այդ նույն ռազմավարության մեջ նշված է նաև, որ 5 տարում «Մատենան» պետք է դառնա լավագույն բիզնես դպրոցը տարածաշրջանում:

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Գլխավոր լուսանկարում՝ «Մատենայի» համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930