Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշեց հայ մեծանուն երևելիների անուններով անվանակոչել Երևանի մի քանի փողոցներ, համաձայնություն տվեց արձանների տեղադրման և դպրոցների ու հրապարակի անվանակոչության:
Այսուհետ, Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցը կկոչվի հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանի անվամբ:
Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 2-րդ փողոցը կկոչվի հայ ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու անվամբ:
Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 1-ին փողոցն անվանակոչել հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Թերեզա Միրզոյանի անվամբ:
Կարդացեք նաև
Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 10-րդ փողոցը կկոչվի ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի անվամբ:
Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 6-րդ փողոցը՝ նրբանցքներով, անվանակոչվեց հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի անվամբ։
Երևանի ավագանու համաձայնությամբ՝ Ավրորա Մարդիգանյանի հուշակոթող-քանդակը կտեղադրվի Կոմիտասի անվան պանթեոնի հարակից տարածքում։
Հայ մեծանուն քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Ղուկաս Չուբարյանի հեղինակած «Սուրբ եղիցի անունը Քո» արձանը կտեղադրվի Մանկական այգում :
Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի, Շիրազի և Մազմանյան փողոցների հատման վայրում գտնվող հրապարակը կկոչվի Եգիպտոսի հրապարակ:
Երևանի հ.180 հիմնական դպրոցն անվանակոչվեց նշանավոր արձակագիր, հրապարակախոս, գրականագետ Զապել Եսայանի անվամբ:
Երևանի հ. 163 հիմնական դպրոցն անվանակոչվեց ականավոր գիտնական, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի անվամբ:
Երևանի ավագանու 10-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգում ընդգրկված 24 հարցից 9-ը չզեկուցվեց:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ