Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ընդդիմադիրներին, որ դահլիճում են եւ մասնակցում են քննարկմանը

Ապրիլ 18,2023 12:22

«Տնտեսությունն այն միջավայրն ու մեխանիզմն է, որը գեներացնում է եւ պիտի գեներացնի այն գումարները, որոնք մեզ պետք են՝ անկախ, մրցունակ, ինքնիշխան պետություն ունենալու համար։ Ինչո՞ւ ենք այսքան խոսում հարկերից, հարկերը վճարելուց, ինչի՞ ենք այդքան շնորհակալ աշխատող եւ հարկ վճարող քաղաքացիներին, որովհետեւ պետություն ունենալը թանկ հաճույք է»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ պետություն ունենալու հաճույքի ու արտոնության համար վճարում են նրանք, ովքեր ունեն քաղաքական-քաղաքացիական կամք՝ այն պահպանելու եւ զարգացնելու։ Երբ ասում ենք ստվերի կրճատում, ազատ տնտեսական միջավայր, ապա պետք է արձանագրել, որ մինչեւ այս պահը չունենք այնպիսի տնտեսություն, որը կգեներացներ այնքան գումարներ, որոնք մեզ պետք են լիարժեք անկախ պետություն ունենալու համար։ Սա է պատճառը, որ մենք այսքան շեշտում ենք տնտեսական աճը, հարկային եկամուտները»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա շեշտեց, որ բոլոր մարտահրավերներին արձագանքը պետք է լինի հասկանալ դրանց հեղինակների նպատակները․ «Բայց մենք ոչ մի րոպե չպետք է շեղվենք ՀՀ-ի զարգացման օրակարգից»։

Ապա ավարտելով՝ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ընդդիմադիր գործընկերներին՝ դահլիճում ներկա գտնվելու եւ քննարկմանը մասնակցելու համար։ Եվ իրապես, «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մի մասը չէր լքել դահլիճը, ինչպես ավանդաբար դա արվում է կառավարություն-ԱԺ հարցուպատասխանների ժամանակ։

Նիկոլ Փաշինյանը շարունակեց․ «Պատճառն այն է, որ նրանց մասնակցությունն ինձ ավելի մեծ հնարավորություն տվեց կենտրոնանալ ձեռքբերումների եւ կարեւոր հաջողությունների վրա, որոնք իսկապես կարեւոր եմ համարել բարձրաձայնել։ Համոզված եմ, որ հարցուպատասխանի ընթացքում նաեւ ընդդիմադիրների հարցերի շրջանակում ավելի շատ կկենտրոնանանք խնդիրների վրա։ Իմ ելույթի նպատակը չէր ցույց տալ, թե խնդիրներ չկան։ Հակառակը։ Կան եւ ցավոտ են, խորանում են, բայց իմ ելույթն այն մասին էր, թե ինչ գործիքներ պետք է որդեգրենք՝ դրանց դիմակայելու համար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930