Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազգային ժողովում՝ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի փոխնախագահներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Կարդացեք նաև
Կառավարության հարգելի անդամներ,
Հարգելի լրագրողներ,
Սիրելի երեխաներ,
Սիրելի ժողովուրդ,
Այսօր այստեղ եմ՝ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:
Զեկույցի տպագրված տարբերակը ձեր սեղաններին է, հրապարակված է համացանցում եւ առավելեւս այս պարագայում, կարծում եմ, մենք պետք է անդրադառնանք ոչ միայն 2022 թվականի արդյունքներին եւ խնդիրներին, այլեւ ապագայի այն նախագծին, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին:
Բայց մինչ այդ ուզում եմ անդրադառնալ լավատեսությանը, որովհետեւ Ապագայի որեւէ նախագիծ հնարավոր չէ իրականացնել առանց լավատեսության բավարար պաշարի:
Եւ ուրեմն՝ առանցքային հարցը հետեւյալն է. փոթորկալից այս ժամանակներում կա՞ արդյոք Հայաստանի Հանրապետությունում լավատեսության անհրաժեշտ պաշար՝ ապագայի մասին ոչ միայն խոսելու, ոչ միայն նախագծելու, այլեւ այդ ապագան կառուցելու եւ իրագործելու համար: Իմ պատասխանը միանշանակ է եւ աներկբա. ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների՝ Հայաստանի Հանրապետությունում ապագայի մասին խոսելու, ապագան պլանավորելու եւ այդ ապագան կառուցելու համար անհրաժեշտ լավատեսություն, այո՛, կա, եւ ես վստահ եմ դրանում: Լրահոսը նման վստահություն, իհարկե, չի տալիս, հանրային քննարկումները նման վստահություն չեն տալիս, միջազգային իրադրությունը առավելեւս նման վստահություն չի հաղորդում:
Բայց հենց այսօր, հենց այս պահին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում շուրջ 55 հազար բնակարանի կառուցման գործընթաց: Շուրջ 55 հազար բնակարանի կառուցման գործընթաց:
Սա Հայաստանի Հանրապետության բնակարանային՝ երբեւէ ստեղծված ֆոնդի շուրջ 6 տոկոսն է, բազմաբնակարան շենքերում բնակելի ֆոնդի 12.2 տոկոսը:
Երրորդ հանրապետության պատմության մեջ բնակարանաշինությունը երբեք այսպիսի ծավալներ չի ունեցել, եւ այսօր բնակարան են ձեռք բերում ոչ միայն ավանդաբար հարուստները, այլեւ միջին խավը, որը Կառավարության վարած տնտեսական քաղաքականության բերումով աշխատելու, արարելու եւ իր աշխատանքի արդյունքը տեսնելու հնարավորություն է ստացել:
Ընդ որում, 2022 թվականի արդյունքներով բնակարանի ձեռքբերման դեպքում ֆիզիկական անձանց հիպոթեկային վարկի տոկոսների եկամտային հարկից վերադարձի ծրագրի շահառուների թիվը կազմել է 29 հազար 197 մարդ, այսինքն՝ 2022 թվականի արդյունքներով ահա այս թիվն ունենք, որը 2021 թվականի ցուցանիշը գերազանցել է 8277 անձով կամ 39,5 տոկոսով, իսկ 2018 թվականի ցուցանիշը` 25 հազար 176 անձով կամ 626 տոկոսով: Այս թվերի մասին ես շատ եմ մտածում՝ փորձելով հասկանալ ինչ են նշանակում այս թվերը:
Սահմանային անկայունության, Հայաստանի Հանրապետության անվտանգային խոցելիության, աշխարհակարգի փլուզման պայմաններում Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ բնակարան են ձեռք բերում, հազարավոր ներդրողներ բնակարան են կառուցում: Ինչո՞ւ են նրանք այսպես վարվում, ի՞նչ է նշանակում քաղաքացիների այս վարքագիծը: Իմ գնահատմամբ՝ դա նշանակում է եւ կարող է նշանակել միայն մեկ բան. մարդիկ հավատացել են Կառավարության խաղաղության օրակարգին, մարդիկ հավատում են, որ խաղաղություն լինելու է, եւ իրենք իրենց հայրենիքում երջանիկ ապրելու եւ արարելու հնարավորություն են ունենալու, այլապես իմաստ չէր ունենա բնակարան ձեռք բերել, առավելեւս՝ բնակարան կառուցել: Մարդիկ հավատում են կառավարող մեծամասնության «Ապագա կա՛» կարգախոսին:
Հարգելի ներկաներ,
Այս ամենը չեմ ասում որպես հաճելի փաստի արձանագրում, այլ ասում եմ եւս մեկ անգամ ընդգծելու մեր՝ նկատի ունեմ Կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության բացառիկ պատասխանատվությունը բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր հավատում են Հայաստանի Հանրապետության ապագային: Պիտի ընդգծեմ նաեւ մեր բացառիկ պատասխանատվությունը բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք կասկածով են վերաբերվում այդ ապագային: Եւ այդ պատասխանատվությունը պատմական այս ժամանակաշրջանում ունի եւ կարող է ունենալ միայն մեկ արտահայտություն: Դա խաղաղությունն է, ինչը նշանակում է կարգավորված հարաբերություններ մեր բոլոր չորս հարեւանների հետ: Ու քանի որ Վրաստանի ու Իրանի Իսլամական Հանրապետության հետ մենք հարաբերությունների ոչ թե կարգավորման, այլ առավել խորացման խնդիր ունենք, խաղաղություն, ուրեմն, նշանակում է կարգավորված հարաբերություններ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ:
Հարցերի հարցը, իհարկե, հետեւյալն է. իսկ որքանո՞վ է դա իրատեսական, որքանո՞վ է իրագործելի: Ընդ որում, այս հարցն ունի երկու երես. Առաջինը՝ քանի որ խաղաղությունը միայնակ չեն կառուցում, որքանո՞վ Ադրբեջանի գործողություններն ու քաղաքականությունը կլինեն խաղաղությանը միտված, եւ երկրորդը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, եթե քաղաքական-դիվանագիտական մակարդակում ձեռք բերվեն կոմպրոմիսներ, այդ կոմպրոմիսները որքանո՞վ ընդունելի կլինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, եւ քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան այդ կոմպրոմիսների, երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը:
Բայց սա նույնպես մեր պատասխանատվությունն է, հարգելի գործընկերներ, եւ մենք պիտի մեր մտքերի ու գործողությունների ընթացքը հասկանալի դարձնենք Հայաստանի քաղաքացիներին, եւ երբ նրանք դա հասկանան, նրանք դա նաեւ կընդունեն: Եւ եթե ուշադրություն դարձրել եք, ձեզ եւ մեզ հայտնի շատ ուժերի առանցքային նպատակն է այնպես անել, որ մենք կորցնենք քաղաքացիների հետ մեր զրույցի, մեր խոսակցության թելը, փակվենք մեր կաբինետներում, կառավարական շենքերում եւ կորցնենք էմոցիոնալ, վիզուալ եւ քաղաքական կապը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ: Կամ աղմուկի մեջ խոսակցությունը կորչի:
Մենք նման բան թույլ պիտի չտանք եւ երբ տուն առ տուն, գյուղ առ գյուղ, թաղամաս առ թաղամաս, քաղաք առ քաղաք մարդկանց բացատրենք, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունենում մեր երկրի շուրջ, նրանք մեզ կհասկանան: Նրանք մեզ հասկանում են, հակառակ դեպքում՝ մենք այստեղ չէինք լինի: Նրանք մեզ հասկանում են, որովհետեւ, ինչպես ասել եմ մեր մի քանի հավաքներում, մեր ամենամեծ թերությունը եւ ամենամեծ առավելությունն այն է, որ մենք ամենեւին էլ, այսպես ասած, «իշխող, կառավարող էլիտա» չենք. մենք Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացիներ ենք, ովքեր կառավարելու մանդատ են ստացել ժողովրդից:
Այս իրավիճակի թերությունն այն է, որ բարոյական արգելքներն ու արգելակները մեզ թույլ չեն տալիս ժողովրդի թիկունքում գործարքների գնալ այլ էլիտաների հետ, ինչը մեր շուրջը մեծացնում է լարվածությունը: Առավելությունն այն է, որ մենք շարունակում ենք էմոցիոնալ, սոցիալ-հոգեբանական ամուր կապի մեջ լինել, պորտալարով կապված լինել մեր ժողովրդի հետ, ինչը հնարավորություն է տալիս լռելյայն հասկանալ շատ բաներ, որոնց բարձրաձայնումը կարող է բերել նույնիսկ միջազգային սկանդալների եւ աշխարհքաղաքական պրոբլեմների:
Եւ ուրեմն, վերադառնալով խաղաղության հնարավորությանը եւ նման հնարավորություն ստեղծելու խնդրին, պիտի արձանագրեմ հետեւյալը. խաղաղությունը հնարավոր է, եթե մենք մեր բոլոր միջազգային հարաբերություններում ոչ միայն այսօրվա, այլեւ ապագայի համար հստակ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետություն ենք ճանաչում 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքը, ավելի կոնկրետ՝ Հայկական ԽՍՀ տարածքը, որում մենք 1991 թվականին անկախություն ենք ստացել, եւ մենք որեւէ այլ երկրից որեւէ տարածքային պահանջ ոչ միայն չունենք, այլեւ չենք ունենալու երբեւէ:
Եթե մենք այս միտքը չարձանագրենք, այն չդարձնենք մեր հանրության սոցիալ-հոգեբանություն, ոչ ոք մեզ թույլ չի տալու զարգանալ, որովհետեւ ոչ ոք չի համակերպվի այն մտքի հետ, որ մենք զարգանում ենք, ուժեղանում ենք, որ այդ զարգացումն ու ուժն ուղղենք ուրիշների դեմ՝ մեր երկրի տարածքները ընդլայնելու համար:
Ավելին, տվյալ պարագայում ոչ թե մեր զարգացումը թույլ չտալն է լինելու ուրիշների օրակարգի խնդիր, այլ մեր առնվազն պետության գոյությունը թույլ չտալն է դառնալու ուրիշների օրակարգի խնդիր: Եւ այս իրավիճակում մեզ ոչ ոք չի օգնելու: Ոչ ոք չի օգնելու: Ու հիմա ես տեսության մասին չեմ խոսում, այլ իրականության, որը վերջին տարիներին անընդհատ կանգնում է մեր առաջ եւ այսօր էլ կանգնած է: Վերջին տարիներին այս իրադրության մեծ կամ փոքր մասշտաբների արտահայտումը տեսել ենք մի քանի անգամ:
Եւ ուրեմն, մեր զարգացման օրակարգի ռազմավարական նպատակը պետք է լինի տարածաշրջանային միջավայրի հետ ներդաշնակ եւ խաղաղ ապրելը՝ մեր երկրի անվտանգությունն ու բարեկեցությունը որպես նպատակ ունենալով: Իհարկե, սա հնարավոր է, եթե նույն ռազմավարությունը որդեգրեն նաեւ մյուսները: Բայց մենք կարող ենք դա առաջինը անել. այս է պատճառը, որ ես այս բարձր ամբիոնից բարձրաձայնում եմ այդ խնդիրը եւ արձանագրում այս մոտեցումը:
Ընդ որում, սա որեւէ կերպ չի նշանակում մոռանալ մեր պատմությունը, այլ նշանակում է փոխել պատմության ընկալման դիտանկյունը, սոցիալ-հոգեբանական ընկալումը: Այս համատեքստում պիտի ընդգծեմ մի չափազանց կարեւոր նրբություն, ինչի մասին խոսվել է, խոսվում է տարբեր հարթակներում, բայց հիմնականում կիսաձայն: Մենք ինքնիշխան պետության պատմագրության դպրոց ստեղծելու հարցում մեծ հաջողություններ չունենք, եւ մեր պատմագիտական բովանդակության մի զգալի հատվածը սահմանափակված է խորհրդային պատմագիտության կաղապարում, որն ինչ-որ առումով համահունչ է Հայկական անկախ պետության չգոյությանը եւ անգամ հակոտնյա է ինքնիշխանության հայեցակարգին:
Խոսքը, քավ լիցի, ամենեւին էլ պատմական փաստերի սխալ լինելու մասին չէ, այլ փաստերին նայելու դիտանկյունների, դրանցից բխող եզրակացությունների եւ հետեւությունների մասին, այդ փաստերը որպես ապագայի կառուցման շինանյութ օգտագործելու ճարտարապետության ոճի եւ նախընտրությունների մասին: Եւ մեր մեծագույն մոլորությունն այն է եղել, թե մենք խորհրդահայ պատմագիտության հենասյուների վրա կարող ենք անկախ պետական գիտակցություն ստեղծել:
Օրինակ՝ հայրենասիրության մեր մոդելի խնդիրը: Այս թեմայով մի քանի անգամ խոսել եմ ե՛ւ հրապարակային, ե՛ւ աշխատանքային մակարդակում եւ ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել մի լրջագույն պրոբլեմ. Հայաստանի Հանրապետությունը եւ/կամ հայկական պետականությունը հայրենասիրության մեր ավանդական մոդելի առաջնային օբյեկտ չի եղել երբեք, եւ սոցիալ-հոգեբանական մակարդակում այս իրավիճակը պահպանվում է նաեւ այսօր: Իսկ պատճառը մեկն է. հայրենասիրության այդ մոդելի հեղինակը մենք ինքներս չենք, եւ ժամանակն է սա խոստովանել: Մենք առավելագույնը համահեղինակ ենք, իսկ առավել մեծ հավանականությամբ՝ սպառող:
Եւ ուրեմն, այն, ինչ ասացի, իրականում հայրենասիրության մեր սեփական, ավելի ճիշտ՝ մեր պետական մոդելի ստեղծման անհրաժեշտության օրակարգին է վերաբերում: Եւ ես արձանագրում եմ, որ օրակարգում նման հարց կա, եւ այդ հարցի լուծումը կենսական անհրաժեշտություն է, ազգային անվտանգության հարց:
Վերադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ պիտի արձանագրեմ, որ, այո, մեր երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն կա: Եւ այդ հնարավորությունը, պիտի խոստովանեմ, մեծացել է վերքաղաքական, վերդիվանագիտական գործոնների, ավելի ճիշտ՝ մարդկային արժեքների շնորհիվ, այն բանից հետո, երբ մենք որոշեցինք մարդկային, հարեւանային արժեքների վրա հիմնված տրամաբանությամբ արձագանքել Թուրքիայում այս տարվա սկզբին տեղի ունեցած աղետալի երկրաշարժին, եւ Թուրքիայի կառավարությունն ու հանրությունը մեր գործողությունները հենց ճիշտ այդպես էլ ընկալեցին եւ ընդունեցին:
Մենք Թուրքիա փրկարարական ջոկատ եւ հումանիտար օգնություն ուղարկելու որոշում չէինք կայացնի, եթե չփոխեինք պատմությունն ու դրանից բխող խնդիրներն ընկալելու մեր դիտանկյունը այս ժամանակահատվածում, եթե մնայինք հայրենասիրության վերը հիշատակված մոդելի մեջ, Թուրքիան էլ Մարգարայի կամուրջը մեր բեռների եւ փրկարարական ջոկատի համար չէր բացի, եթե չհավատար մեր անկեղծությանը:
Եւ արտգործնախարար Միրզոյանի՝ Անկարա կատարած այցի շրջանակում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության դիմաց ծածանվող Հայաստանի Հանրապետության տասնյակ դրոշները միայն արարողակարգային ատրիբուտ չեն, այլ մի զարմանալի արձանագրում, որ հույսը կարող է ծագել այնտեղ, որտեղ տիրում է հուսահատությունը: Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության դրոշները վեր խոյացան մեր հարաբերությունների եւ աղետալի երկրաշարժի բերած ավերակների վրա, եւ ես հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստան-Թուրքիա սահմանը իրոք կբացվի եւ հիմք կստեղծվի հարեւանային բնականոն հարաբերությունների զարգացման համար:
Այս առումով չափազանց կարեւոր է, որ առաջիկա ամիսներին երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար սահմանը բացելու պայմանավորվածությունը կյանքի կոչվի:
Իհարկե, դա կարող է նաեւ տեղի չունենալ, եթե հումանիտար եւ հարեւանային արժեքների բերած նոր ընկալումները, տպավորությունները ժամանակի ընթացքում սառեն, խամրեն, եւ քաղաքական, դիվանագիտական որոշումների վրա նրանց ազդեցությունը ի չիք դառնա: Հույս ունեմ՝ նման բան տեղի չի ունենա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, այստեղ ամեն ինչ շատ ավելի բարդ է: 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը էյֆորիայի մեջ է եւ մտածում է վերցնել հնարավորինս շատ բան, իսկ եթե հնարավոր է՝ վերցնել ամեն ինչ: Եւ նրա այս ընկալումն ավելի է բորբոքվում միջազգային իրադրությամբ: Ըստ էության՝ Ադրբեջանը ուղղակի կամ անուղղակի դառնում է կամ դարձել է էներգետիկ եւ լոգիստիկ խաչմերուկ, ու նրա կարեւորությունը թե՛ Ռուսաստանի, թե՛ որոշ արեւմտյան երկրների համար մեծացել է: Բայց այս իրավիճակը ե՛ւ ռիսկեր ունի, ե՛ւ հնարավորություններ:
Ռիսկերը տեսնում ենք գրեթե ամեն օր, իսկ հնարավորությունը թերեւս այն է, որ Հարավային Կովկասն ինքնին մի մեծ խաչմերուկ է, եւ դրանում ոչ պակաս կարեւոր է նաեւ Հայաստանի ու Վրաստանի դերը։ Այս համատեքստում տարածաշրջանի կայունությունը եւ խաղաղությունը կարող է դառնալ կոնսենսուս Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, որովհետեւ եթե մեր տարածաշրջանը նորից պայթի, առնվազն էներգետիկ առումով դա կարող է պրոբլեմ դառնալ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի համար՝ էներգետիկայից բխող այլ հետեւանքներով:
Բայց, իհարկե, խաղաղությունը կախված է նաեւ մեզնից եւ մեր դիրքորոշումներից, ու իմ անկեղծ մղումն է ամեն հնարավորը անել՝ Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու համար: Արդյոք հնարավո՞ր է նման զարգացում: Կարծում եմ՝ իսկապես հնարավոր է, բայց դրա համար անհրաժեշտ է առերեսվել մի շարք խնդիրների հետ, որոնց մի մասին վերը անդրադարձա, բայց, իհարկե, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում դրանք ավելի մանրամասն պարզաբանման կարիք ունեն:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրն իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ, առանց երկիմաստությունների եւ որոգայթների, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն եւ պարտավորվեն այսօր եւ երբեւէ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել:
Իրականում Ադրբեջանի նախագահի հետ այս մասին պայմանավորվել ենք 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում եւ հոկտեմբերի 31-ին Սոչիում, ինչը արձանագրվել է համապատասխան հրապարակային հայտարարություններով: Այսուհանդերձ, թե՛ Երեւանից, թե՛ Բաքվից հնչում են պաշտոնական հայտարարություններ, որոնցով դիմացի կողմը մեղադրվում է պայմանավորվածությունները չպահելու մեջ:
Ես հիմա ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն:
Ասեմ նաեւ, որ Ադրբեջանի այն պնդումները, թե խաղաղության պայմանագրի բանակցությունների ընթացքում Հայաստանը հրաժարվել է կամ հրաժարվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ամբողջությամբ, իրականությանը չեն համապատասխանում, եւ մենք դա կարող ենք ապացուցել: Մենք ինքներս ենք առաջարկել, որ պայմանագրին կցվեն Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք:
Բայց այստեղ է, որ հասնում ենք ամենամեծ ու ամենաբարդ խնդրին՝ Լեռնային Ղարաբաղին: Եւ կա մի նրբություն, որը, ըստ էության, վերջին 16 տարվա ընթացքում խիստ հրատապ է եղել, բայց դրան այդպես էլ մենք երբեք անդրադարձ չենք կատարել: Եւ խնդիրն այն է, որ մենք սովորաբար անդրադարձ ենք կատարում ու անդրադարձ ենք կատարել Լեռնային Ղարաբաղի ապագային, բայց կարեւոր էր եւ կարեւոր է հակամարտության գոյության ողջ ընթացքում որեւէ պահի Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հարցին նույնպես անդրադառնալ:
Իրականում վերջին հինգ տարվա ընթացքում ես սա մի քանի անգամ եմ փորձել անել, բայց, ցավոք, ամեն անգամ թեման վերաճում է ընդդիմություն-իշխանություն բանավեճի, ինչը նույնպես նորմալ է: Բայց իրականում կա գործնական խնդիր՝ հարցի պատասխանը օբյեկտիվորեն գտնելու անհրաժեշտություն, եւ ես հիմա դա կփորձեմ անել այնպես, որ ասվածը որեւէ մեկին ուղղված մեղադրանքի տեսք չունենա, որպեսզի մենք կենտրոնանանք հարցի բովանդակության եւ ոչ թե ձեւի վրա:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ընթացքում տարածքային ամբողջականության սկզբունքն ու ինքնորոշման սկզբունքը դրվել են կողք կողքի: Սրանով իրականում արձանագրվել են իրողություններ, որոնք մենք չենք խոստովանել, բայց, անկախ մեր խոստովանությունից, դրանք գոյություն ունեն: Այս համատեքստում՝ ինքնորոշման իրավունք նշանակում է, որ դու ինքնորոշման իրավունքի շահառուի պայմանականորեն Ա կարգավիճակը վերանայելու հարց ես դնում: Դա տեսականորեն կարող է նշանակել՝ Ա կարգավիճակը վերանայել, դարձնել կարգավիճակ Բ, կամ վերանայել եւ չփոխել, կամ վերանայել, դարձնել Ա պլյուս 1 կամ Ա մինուս 1 կարգավիճակ – պայմանականորեն եմ ասում, որ լրացուցիչ քաղաքական կրքեր չբորբոքեմ, այլ կենտրոնանանք բովանդակության վրա – այսինքն՝ ապագա կարգավիճակը դարձնել ցանկացած այլ բան, եւ այստեղ ամեն ինչ պարզ է: Բայց առանց ֆիքսելու Ա կարգավիճակը, որն ուզում ես զարգացնել, փոխել եւ դարձնել Բ կարգավիճակ, ապագա որեւէ կարգավիճակի մասին, այսինքն՝ ինքնորոշման մասին խոսք լինել այս տրամաբանությամբ չի կարող, որովհետեւ եթե ինքնորոշման հարց ես բարձրացնում, նշանակում է ինչ-որ մի բանի մաս ես, եթե ինչ-որ մի բանի մաս չես, ուրեմն կամ արդեն ինքնորոշվել ես կամ ինքնորոշման կարիքը չունես:
Հիմա, մենք ինքներս, սեփական ձեռքերով (ձեզ հայտնի ժամանակ) -էլի չեմ ասում, թե երբ, որ լրացուցիչ կրքեր չբորբոքեմ – բանակցային, քաղաքական, աշխարհքաղաքական այս իրողությունը ստեղծել ենք, ոչ միայն ստեղծել ենք, այլեւ ցեմենտել ենք, բայց դրանից հետո ասել ենք, որ Լեռնային Ղարաբաղի համար ցանկանում ենք Բ կարգավիճակ, բայց այդպես էլ երբեք հրապարակային չենք ընդունել Ա կարգավիճակը: Եւ սրանով խաբել ենք ինքներս մեզ, Հայաստանի ժողովրդին եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Բայց էլի ուզում եմ ուշադրություն դարձնենք հետեւյալի վրա. առնվազն հիմա՝ սա չեմ ասում որեւէ մեկին մեղադրելու համար, այլ արձանագրելու, որ մինչեւ այս ակնհայտ փաստի եւ իրողության հետ չառերեսվենք, երբեք խաղաղություն չենք ունենա: Երբեք:
Բայց, ինչպես ասել եմ, խաղաղությունը համարում եմ իմ քաղաքական հանձնառությունը՝ առանձնապես հիմա, առանձնապես 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի վստահության քվեի վերահաստատումից հետո: Եւ այս համատեքստում, իհարկե, չափազանց կարեւոր է, որ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ բանակցությունների, երկխոսության միջազգային մեխանիզմ ձեւավորվի, եւ այդ մեխանիզմն ապահովի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության ապահովման օրակարգի իրացումը:
Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի համատեքստում հաջորդ կարեւոր խնդիրը, որի մասին կուզենայի խոսել, հետեւյալն է.
Չափազանց կարեւոր է, որ խաղաղության հնարավոր պայմանագրի իրագործման երաշխավորող միջազգային մեխանիզմներ ձեւավորվեն, հակառակ դեպքում՝ պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է պատերազմ բռնկվել կամ նոր էսկալացիա տեղի ունենալ: Կարեւոր է նաեւ կողմերի միջեւ ծագած վեճերի լուծման մեխանիզմների գոյությունը, որ եթե կողմերը ի վիճակի չլինեն ծագած խնդիրները՝ պայմանագրի տեքստի մեկնաբանությունների հետ կապված, ուղիղ բանակցություններով լուծել, լինի ատյան, որը դա կանի եւ որի որոշումը պարտադիր լինի կողմերի համար:
Իհարկե, տնտեսական եւ տրանսպորտային կոմունիկացիաների բացումը նույնպես չափազանց կարեւոր է խաղաղության համար: Բայց այս խնդրին բազմիցս եմ անդրադարձել՝ արձանագրելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով սահմանված ճանապարհները պետք է վերաբացվեն կողմերի սուվերենության եւ իրավազորության հիման վրա: Իրավազորության կիրառման պրակտիկ կողմը, իհարկե, պիտի եւ կարող է համապատասխանել տեխնոլոգիական ժամանակակից պահանջներին, բայց այստեղ կարեւորը ոչ այնքան տեխնիկական դետալներն են, որքան իրավական բովանդակությունը:
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի փոխնախագահներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Հարգելի լրագրողներ,
Սիրելի երեխաներ,
Սիրելի ժողովուրդ,
Ընդհանուր գծերով ահա ներկայացրի այն շրջանակը, որում տեղավորվում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այս ընթացքում տեղի ունեցող բանակցությունները: Ներկայացրեցի նաեւ այն գործոնները՝ սկսած սոցիալ-հոգեբանականից եւ ավարտած աշխարհքաղաքականով, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունեն բանակցային գործընթացի վրա: Եւ սա արեցի երկու պատճառով. առաջինը՝ առկա տեղեկատվությունը հանրության, այդ թվում խորհրդարանական ընդդիմության հետ կիսելու նկատառումով եւ երկրորդը՝ վերահաստատելու համար խաղաղության օրակարգին մեր քաղաքական թիմի եւ անձամբ իմ հավատարմությունն ու հանձնառությունը:
Հայաստան-Ադրբեջան սահմանին, Լեռնային Ղարաբաղում, Լաչինի միջանցքում տեղի ունեցած իրադարձություններին այս ելույթում չեմ անդրադառնում, որովհետեւ գործնականում ամեն շաբաթ Կառավարության նիստում այդ խնդիրների մասին խոսել եմ: 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիային եւ հետագա իրադարձություններին անդրադարձել եմ հայաստանյան եւ միջազգային ամենատարբեր հարթակներում, իմ կողմից հրավիրված ասուլիսներում: Խնդրին մանրամասն անդրադարձ կա նաեւ Կառավարության զեկույցում, որը ձեր սեղաններին է, եւ հավանաբար հարցուպատասխանի փուլում էլ այդ բոլոր հարցերին անդրադառնալու հնարավորություն կունենամ:
Ելույթի այս հատվածում ուզում եմ անդրադառնալ 2022 թվականի եւ 2023 թվականի առաջին եռամսյակի արձանագրած տնտեսական ցուցանիշներին:
2022 թվականին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 12.6 տոկոս, ինչը աննախադեպ է վերջին 15 տարիների համար: Սա նշանակալի աճ է, եւ համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների՝ աշխարհի բոլոր երկրների մեջ Հայաստանն իր տնտեսական աճով չորրորդն է: Ուզում եմ ընդգծել, որ 2021 թվականին մեկ շնչին ընկնող՝ 4679 ԱՄՆ դոլար ՀՆԱ-ն 2022 թվականին դարձել է 6569 ԱՄՆ դոլար: Սա էական աճ է: Իհարկե, այստեղ որոշակի դեր ունի նաեւ փոխարժեքը, բայց փոխարժեքը միակ գործոնը չէ: Մյուս կողմից էլ՝ փոխարժեքը, հայկական դրամի գնողունակության աճը եւ արժեքի աճը նույնպես էական տնտեսական գործոններ են, որի ազդեցությունների մասին խոսելու առիթ, իհարկե, կունենանք:
2022 թվականի տնտեսական հաջողությունը մեզ մղում է ավելի արագացնել այն բարեփոխումները, որ մեր օրակարգում են, որպեսզի կարողանանք սպասարկել աճի ավելի բարձր ուղեծիր եւ ամրապնդել այսօրվա մեր տնտեսական ձեռքբերումները, ստեղծել ամուր հիմք՝ հաջորդ տարիներին տարեկան 7 տոկոս տնտեսական աճի համար։
Պետք է ընդգծել, որ 2022 թվականի տնտեսական աճը տեղի է ունեցել մի միջավայրում, որտեղ բազմաթիվ ներդրողներ, ի հեճուկս արտաքին մարտահրավերների, նախընտրել են Հայաստանում ստեղծել կամ մեր երկիր տեղափոխել իրենց ընկերությունները: Տեղական ներդրողները, նաեւ օգտվելով Կառավարության աջակցության ծրագրերից, ապահովել են ներդրումների բավական բարձր մակարդակ։ 2022 թվականին մեր երկրում ստեղծվել է ավելի քան 12 հազար ընկերություն եւ 25 հազար անհատ ձեռնարկություն, կատարված ընդհանուր ներդրումների ծավալի նախնական գնահատումը կազմում է 1 տրլն 688 մլրդ ՀՀ դրամ կամ ՀՆԱ մոտ 20 տոկոսը: Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը համարյա եռապատկվել է, դարձել գրեթե 1 մլրդ ԱՄՆ դոլար՝ շոշափելիորեն աճելով 2021 թվականի եւ նախորդ բոլոր տարիների նկատմամբ։ Այս ցուցանիշը բացարձակ ռեկորդ է Հայաստանի համար։ Կարեւոր է ընդգծել, որ հաշվետու տարում Հայաստան են մուտք գործել մի շարք գլոբալ ընկերություններ, ինչը չափազանց կարեւոր է մեր երկրի տնտեսական կերպարի համար:
Այս իմաստով էական է նաեւ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը: 2022-2026 թվականների՝ կառավարության պարտքի բեռի նվազեցման ծրագրով նախատեսված էր 2022 թվականին այդ ցուցանիշը հասցնել 60,5 տոկոսի, իսկ 2026 թվականին՝ 53,8 տոկոսի, մինչդեռ 2022 թվականի արդյունքներով կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշն արդեն իսկ նվազել է 50 տոկոսից՝ կազմելով 46,7 տոկոս։ Իհարկե, այստեղ նույնպես փոխարժեքը մեծ դեր ունի, բայց նաեւ փոխարժեքը մեզ հնարավորություն է տալիս ավելի էֆեկտիվ կառավարել արտաքին պարտքը: Եւ սա ստեղծում է լրացուցիչ «կայունության պաշար»՝ հնարավոր հետագա ռիսկերին դիմակայելու համար։
Պիտի հատուկ անդրադառնամ 2022 թվականի բյուջետային ցուցանիշներին:
2022 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 926 մլրդ ՀՀ դրամ, որը 2017 թվականի նկատմամբ ավելի է 768 մլրդ ՀՀ դրամով կամ 2 մլրդ 20 մլն ԱՄՆ դոլարով կամ 66.3 տոկոսով, իսկ 2018 թվականի նկատմամբ՝ 670 մլրդ ՀՀ դրամով կամ 1 մլրդ 820 մլն ԱՄՆ դոլարով կամ 53 տոկոսով: Այստեղ ե՛ւ դրամն եմ հատուկ նշում, ե՛ւ դոլարը, ե՛ւ աճի տոկոսը, որպեսզի հասկանալի լինի, որ այստեղ ոչ միայն փոխարժեքային էֆեկտներն են, այլեւ հենց դրամով 66.3 տոկոսով բյուջեի հարկային եկամուտներն աճել են, իսկ 2018 թվականի նկատմամբ՝ աճը 670 մլրդ ՀՀ դրամ, կամ 1 մլրդ 820 մլն ԱՄՆ դոլար, կամ 53 տոկոս:
2022 թվականին շարունակվել է գրանցված աշխատատեղերի թվի աճը: Դեկտեմբերին գրանցվել է աշխատատեղերի Հայաստանի պատմության բացարձակ ռեկորդ՝ 704 հազար աշխատատեղ: Սա նշանակում է, որ 2018 թվականի մայիսից ի վեր Հայաստանում ստեղծվել է 156 հազար 431 աշխատատեղ:
2022 թվականին գործազրկությունը նվազել եւ կազմել է 13 տոկոս՝ 2018-ի 19 տոկոսի համեմատ: 2022 թվականի երրորդ եռամսյակում, ընդ որում, գործազրկության մակարդակը կազմել է 116 տոկոս, որը վերջին 14 տարիների ընթացքում ամենացածր ցուցանիշն է։
2022 թվականի ընթացքում ֆիզիկական անձանց հիպոթեքային վարկի տոկոսների գծով վերադարձվել է 36.5 մլրդ ՀՀ դրամ եկամտային հարկ, որը 2017 թվականի ցուցանիշը գերազանցում է 34.8 մլրդ ՀՀ դրամով կամ շուրջ 1409 տոկոսով:
Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկների համաձայն` 2022 թվականին մեկ աշխատողի միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 235 հազար 576 ՀՀ դրամ, որը 2018 թվականի ցուցանիշը գերազանցում է 62 հազար 849 ՀՀ դրամով կամ 36 տոկոսով, իսկ 2021 թվականի ցուցանիշը՝ 31 հազար 528 դրամով կամ 15,5 տոկոսով: Սա կարեւոր ցուցանիշ է, որն ի ցույց է դնում 2022 թվականի 8,6 տոկոս գնաճը հակակշռելու քաղաքականության արդյունավետությունը՝ հաշվի առնելով, որ 1 աշխատատեղին բաժին ընկնող միջին ամսական աշխատավարձի աճը գնաճից ավելի է շուրջ 80,2 տոկոսով:
Ես ուզում եմ մենք վերադառնանանք 2022 թվականի փետրվար եւ արձանագրենք, որ մեր մեծագույն մտահոգություններից մեկն այն էր, որ հիմա այնպիսի գնաճ տեղի կունենա, որը շատ լուրջ սոցիալական ցնցումներ կառաջացնի: Եւ գնաճն, իրոք, տեղի ունեցավ, բյուջեով նախատեսված մաքսիմումից, ըստ էության, կրկնակիից ավելի գնաճ ունեցանք, բայց արդյունքում շատ ավելի մեծ աշխատավարձի աճ արձանագրեցինք: Մյուս սոցիալական ծրագրերին ես կանդրադառնամ առաջիկայում:
Առանձնահատուկ ուզում եմ ընդգծել առողջապահության ոլորտին վերաբերվող հետեւյալ տվյալը. 2022 թվականին պետական պատվերի շրջանակում փոխհատուցված՝ հիվանդանոցային եւ դժվարամատչելի հետազոտությունների, բժշկական օգնության ու սպասարկման դեպքերի թիվը կազմել է 786 հազար 864։ 2017 թվականի համեմատ՝ սպասարկված դեպքերի թիվն աճել է 437 հազար 568 դեպքով կամ 125 տոկոսով, այսինքն՝ ավելի քան կրկնապատկվել է: Սա այն թիվն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետական բյուջեի միջոցների հաշվին տարբեր ծրագրերով օգտվել են ամենատարբեր առողջապահական ծառայություններից: Եւ այդ թիվը նշանակում է, որ 2022 թվականին՝ 2017 թվականի համեմատ, ամեն օր Հայաստանի Հանրապետության քաղաքացին 1198 դեպքով ավելի շատ է բժշկական հետազոտության, վիրահատության կամ այլ բժշկական օգնություն ստացել պետական բյուջեի հաշվին: Այս առումով ուզում եմ հիշեցնել, որ դեռեւս 44-օրյա պատերազմից առաջ մեր կայացրած որոշումով զինծառայողների ընտանիքի անդամները, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների ծնողները դարձան եւ այսօր էլ շարունակում են մնալ առողջապահության պետպատվերի շահառու: Իսկ 2020 թվականից հետո մենք սոցիալական այս որոշակի խմբի պետպատվերով սպասարկումը դարձրեցինք առանց հերթի:
Մեկ ուրիշ կարեւոր ցուցանիշ. գիտության ոլորտի, ներառյալ ռազմարդյունաբերության ֆինանսավորումը 2022 թվականին բացարձակ արժեքով կազմել է 29,7 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ` 2021 թվականի նկատմամբ ավելի է շուրջ 10 մլրդ ՀՀ դրամով կամ 50,5 տոկոսով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 15,5 մլրդ ՀՀ դրամով կամ 108 տոկոսով: Այսինքն՝ 2017 թվականի համեմատ գիտության, ներառյալ ռազմարդյունաբերության ֆինանսավորումը կրկնապատկվել է: 2022 թվականին գիտական ոլորտի 2589 աշխատողների աշխատավարձը բարձրացել է 66-ից 166 տոկոսով, ինչը Հայաստանի ապագայի գործում կարեւոր ներդրում է: Ուզում եմ հիշեցնել, որ այս ծրագիրը՝ գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման գործընթացը, շարունակվելու է մինչեւ 2025 թվական, այսինքն՝ բարձրացված աշխատավարձերը նորից են բարձրանալու՝ 2021 թվականի համեմատ 105-ից 300 տոկոսով, իսկ 2589 աշխատողները պետական գիտական հաստատություններում աշխատողների 80 եւ ավելի տոկոսն են, որոնք անցել են ատեստավորում, այսինքն՝ սկզբից ատեստավորում, հետո աշխատավարձի բարձրացում։
Հարգելի ներկաներ,
Ուզում եմ անդրադառնալ եւս մեկ ցուցանիշի, որն այսօր պիտի հրապարակեմ առաջին անգամ: Ասելու կարիք չկա, թե Հայաստանի զարգացման համար ինչքան կարեւոր է տարածքային համաչափ զարգացումը: Եւ 2022 թվականի արդյունքները ամփոփելով՝ արձանագրեմ, որ վերջին հինգ տարվա ընթացքում Կառավարությունը մարզերում իրականացրել է աննախադեպ չափերի ուղիղ ներդրումներ: Պետական բյուջեից մարզերում իրականացված ներդրումները 2022 թվականին կազմել են 145 մլրդ ՀՀ դրամ, այսինքն՝ մոտ 335 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2018-2022 թվականների ընթացքում՝ շուրջ 561 մլրդ ՀՀ դրամ կամ 1.2 մլրդ ԱՄՆ դոլար: Սա մարզերին է վերաբերում: Մեր մարզերում այս ծավալի ներդրումներ չեն իրականացվել ոչ միայն նախորդող որեւէ հնգամյակում, այլեւ նախորդող որեւէ տասնամյակում, նույնիսկ տասնհինգամյակում՝ հնարավոր է: Այս ծրագրերով կառուցվել եւ նորոգվել են ջրագծեր, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, ամբուլատորիաներ, անցկացվել է լուսավորություն, կառուցվել, նորոգվել կամ հիմնանորոգվել են ավտոճանապարհներ:
Մյուս կողմից, պիտի արձանագրեմ, որ վերջին հինգ տարիներին միայն սուբվենցիոն ծրագրերով Կառավարությունը շուրջ 52 մլրդ ՀՀ դրամի կամ 112 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ է արել մարզերում, եւ այս թիվը չի ներառում սուբվենցիոն ծրագրերում համայնքների ներդրման չափաբաժինը: Այսինքն՝ 2018-2022 թվականներին՝ մարզերում ավելի քան 100 մլրդ ՀՀ դրամի կամ 240 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ են իրականացվել միայն սուբվենցիոն ծրագրերով:
Մեր քաղաքական կարեւոր հանձնառություններից մեկը՝ հայկական ավիացիայի վերածնունդը, այլեւս իրագործված է: 2022 թվականին հայկական ավիաընկերությունների կողմից շուրջ 951 հազար ուղեւոր է փոխադրվել, որը 2018 թվականի ցուցանիշը գերազանցում է 1241 տոկոսով կամ 12.4 անգամ: 2022 թվականի արդյունքներով՝ հայկական ավիաընկերությունները տիրապետում են մեր օդային ուղեւորափոխադրումների շուկայի շուրջ 25 տոկոսին, իսկ ոլորտում ստեղծվել է շուրջ 500 նոր աշխատատեղ: Հայաստանցի օդաչուները, որ երկար տարիներ մեր երկրում մասնագիտական աշխատանք գտնելու գործնական հնարավորություն չունեին, վերադառնում են Հայաստան, որովհետեւ հայկական ավիաընկերություններում բացվել են, ինչպես արդեն նշեցի, բազմաթիվ աշխատատեղեր:
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի փոխնախագահներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Հարգելի լրագրողներ,
Սիրելի երեխաներ,
Սիրելի ժողովուրդ,
Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ տնտեսական առումով լավատեսական են նաեւ 2023 թվականի մեկնարկային ցուցանիշները: Հունվար-փետրվարի արդյունքներով՝ շարունակում ենք տնտեսական ակտիվության ցուցանիշի երկնիշ աճ ունենալ՝ 10.9 տոկոս: Առաջին եռամսյակի բյուջետային եկամուտները գերակատարվել են շուրջ 14 մլրդ ՀՀ դրամով: Կարեւոր է արձանագրել նաեւ, որ այս տարվա առաջին եռամսյակի հարկային եկամուտները 2018 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցում են 221.5 մլրդ ՀՀ դրամով կամ 92.3 տոկոսով: Իսկ եթե հաշվի չառնենք եկամտային հարկի գծով վերադարձված գումարները, այս թիվը 2018 թվականի առաջին եռամսյակի համապատասխան ցուցանիշը գերազանցում է շուրջ 234 մլրդ ՀՀ դրամով կամ 97.2 տոկոսով: Այսինքն՝ 2018 թվականի առաջին եռամսյակի բյուջետային հարկային եկամուտները գրեթե կրկնապատկել ենք:
2023-ի առաջին եռամսյակում քաղաքացիներին եկամտային հարկի վերադարձի գումարները՝ 2018 թվականի համեմատ, գերազանցում են շուրջ 12.5 մլրդ ՀՀ դրամով կամ 1417 տոկոսով, իսկ 2017 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը` շուրջ 12.9 մլրդ ՀՀ դրամով կամ 2573 տոկոսով:
Սա բարձրաձայնում եմ արձանագրելու համար, որ մենք հարկեր ոչ միայն ավելի շատ հավաքում ենք, այլեւ շատ վերադարձնում քաղաքացիներին: Եւ եթե հարկեր հավաքելու մեր ցուցանիշները նախկինից ավելի են երկնիշ տոկոսներով, ընդհուպ մոտենում են եռանիշին, հարկերը վերադարձնելու ցուցանիշները եռանիշ եւ քառանիշ տոկոսներով են տարբերվում:
Հավաքված հարկերը քաղաքացիներին վերադարձնելու կարեւոր ուղղություններից մեկը կենսաթոշակներն են, եւ տեղյակ եք, որ կենսաթոշակների 2023 թվականի հունվարի 1-ից նախատեսված բարձրացումը մենք իրականացրինք 2022 թվականի սեպտեմբերից, այսինքն՝ 4 ամիս նախատեսվածից ավելի շուտ՝ հենց նկատի ունենալով բյուջետային բարենպաստ պայմանները: Այդ բարձրացման եւ 2022 թվականի բարձրացումների շնորհիվ մեր երկրում նվազագույն կենսաթոշակն աճեց 19 տոկոսով՝ 26 հազար 500 դրամից դառնալով 31 հազար 600 դրամ: Իհարկե, բացարձակ թվերը մեծ չեն, բայց մենք ավելացնում ենք եղածի վրա: Նաեւ աճեց նվազագույն կենսաթոշակի եւ պարենային զամբյուղի արժեքի հարաբերակցությունը՝ կազմելով 76 տոկոս՝ 2018 թվականի 66 տոկոսի փոխարեն: Գիտեք, որ կենսաթոշակների բարձրացում տեղի է ունենալու նաեւ այս տարվա հուլիսի 1-ից:
Բայց կենսաթոշակի ոլորտում մենք ներդրել ենք ոչ միայն ֆորմալ, այլեւ ոչ ֆորմալ բարձրացումների մեխանիզմ, եւ դա տեղի է ունեցել որոշակի ինստիտուցիոնալ բարեփոխումների շնորհիվ: 2022-2023 թվականներին տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում հանրապետության բոլոր քաղաքների եւ հազարից ավելի բնակչություն ունեցող բնակավայրերի շուրջ 498 000 թոշակառուներ իրենց թոշակներն ստանում են անկանխիկ եղանակով, սա թոշակառուների ընդհանուր 85 տոկոսն է: Զուգահեռ մենք արեցինք հաջորդ քայլը, եւ 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ է դրվել «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը», որի իմաստը հետեւյալն է. կենսաթոշակառուների եւ նպաստառուների կողմից անկանխիկ առեւտրի 10 տոկոսի չափով հետվճար է իրականացվում, այսինքն՝ կենսաթոշակից կամ նպաստից իրականացված անկանխիկ առեւտրի 10 տոկոսը Կառավարության եւ բանկերի կողմից վերադարձվում է քաղաքացիներին:
Ու որպեսզի անկանխիկ առեւտրի իրական հնարավորություն ստեղծվի հանրապետության բոլոր կենսաթոշակառուների եւ նպաստառուների համար, Կենտրոնական բանկը եւ Պետական եկամուտների կոմիտեն նախորդ տարվա հուլիսից էականորեն ակտիվացրին ՊՈՍ տերմինալների ցանցի ընդլայնման աշխատանքը: Գիտեք՝ սրանք այն սարքերն են, որոնք հնարավորություն են տալիս անկանխիկ առեւտուր անել խանութներում: Արդյունքում շատ կարեւոր ինստիտուցիոնալ զարգացում ունեցանք. եթե 2022-ի հուլիսի 1-ին հանրապետության ակտիվ ՊՈՍ տերմինալները կազմում էին 22 հազար 293 հատ, 2023-ի փետրվարին դարձել է 70 հազար 267: Այսինքն, այս փետրվարի դրությամբ 2022-ի հուլիսի նկատմամբ գործող ՊՈՍ տերմինալների թիվն աճել է 215 տոկոսով: Հետաքրքիր է, որ 2017 թվականի նկատմամբ աճը կազմել է 816 տոկոս:
Ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականի հուլիսին կենսաթոշակառուների կամ նպաստառուների կողմից իրականացվող անկանխիկ առեւտրի ծավալները ձգտում էին 0-ի, այսինքն՝ թոշակառուներն անկանխիկ առեւտուր, ըստ էության, չէին անում: Բայց նախորդ 8 ամիսների ընթացքում մենք ամսական մի քանի հարյուր միլիոն դրամի աճ ենք արձանագրել, եւ արդեն 2023 թվականի մարտին կենսաթոշակառուների ու նպաստառուների իրականացրած անկանխիկ առեւտրի ծավալը կազմել է շուրջ 4 մլրդ ՀՀ դրամ, ավելի կոնկրետ՝ 3 մլրդ 993 մլն ՀՀ դրամ: Եւ ահա, այս առեւտրի արդյունքում թոշակառուները եւ նպաստառուները մարտին ստացել են 336 մլն ՀՀ դրամի հետվճար, այդքան գումար հետ է վճարվել իրենց: Ծրագրի մեկնարկից մինչեւ մարտը ներառյալ՝ կենսաթոշակառուները եւ նպաստառուները 19 մլրդ 754 մլն ՀՀ դրամի անկանխիկ գործարքներ են իրականացրել, իսկ դրանց դիմաց տրվել է ավելի քան 1,6 մլրդ ՀՀ դրամ հետվճար։ Սա նույնպես կենսաթոշակների եւ նպաստների բարձրացում է՝ այս անգամ արդեն Կառավարության, բանկերի, կենսաթոշակառուների եւ նպաստառուների համագործակցության շնորհիվ: Ուզում եմ ընդգծել, որ մարտին ծրագրի շահառուների թիվը հատել է 100 հազարը, այսինքն՝ ավելի քան 100 հազար կենսաթոշակառու եւ նպաստառու, մինչդեռ 2017 թվականի հուլիս-օգոստոսին այդ թիվը կազմում էր 10-15 հազար:
Այս ծրագիրը համարում եմ ամենավառ արտահայտություններից մեկը մեր ծրագրային այն մոտեցման, որ մեր կայացրած որոշումները ոչ թե մեկ, այլ զուգահեռ մի քանի խնդրի լուծմանը պիտի ուղղված լինեն: Այս որոշմամբ մենք ուժեղացնում ենք սոցիալական պաշտպանության համակարգը, ուժեղացնում ենք պայքարը ստվերի դեմ, անկանխիկ առեւտրի ցանցն են զարգացնում եւ ստանում ենք այլ հարակից էֆեկտներ: Օրինակ՝ ոչ միայն կենսաթոշակառուների, այլեւ ընդհանրապես անկանխիկ առեւտրի աճի տեմպերը տպավորիչ են:
2022-ին անկանխիկ գործարքների ծավալը հասել է 1.3 տրլն ՀՀ դրամի՝ 2021 թվականի նկատմամբ աճելով, մեկ տարվա մեջ, 58 տոկոսով, իսկ 2017 թվականի նկատմամբ գրեթե տասնապատկվել է անկանխիկ առևտուրը: Ինչո՞վ է կարեւոր, որովհետեւ եթե առեւտուրն անկանխիկ է, մեծ հավանականությամբ՝ ստվերից դուրս է, այսինքն՝ պետական եկամուտներն են աճում, տնտեսական ցուցանիշներն են աճում: Աճել են նաեւ ընդհանրապես առեւտրի ծավալները. օրինակ՝ 2023 թվականի առաջին եռամսյակում դուրս է գրվել 2,4 տրլն ՀՀ դրամի հաշվարկային փաստաթուղթ, որը 591 մլրդ ՀՀ դրամով կամ 1.4 մլրդ ԱՄՆ դոլարով կամ 31,3 տոկոսով ավելին է, քան 2022 թվականի առաջին եռամսյակում։ Այս ցուցանիշն ինչո՞վ է կարեւոր՝ այսքան ավելի գումար ոչ միայն երեւացել է պետությանը, այլեւ մտել է կոնկրետ տնտեսություն, որովհետեւ դրանք կոնկրետ բիզնեսներ են, սրճարաններ են, ռեստորաններ են, փոքր եւ միջին բիզնեսներ են, որոնք 1.4 մլրդ-ով ավելի շրջանառություն են ունեցել՝ նախորդ տարվա ընդամենը 3 ամսում: Իսկ ՀԴՄ կտրոնները 2023 թվականի առաջին եռամսյակում 564 մլրդ ՀՀ դրամի արժեքով են տպվել, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանից ավելի է 48,7 մլրդ ՀՀ դրամով կամ 9,4 տոկոսով։
Սա ոչ միայն տնտեսական աճի, այլեւ ստվերի դեմ մեր հետեւողական պայքարի կարեւորագույն արգասիք է:
Եւ ուզում եմ ընդգծել, որ տնտեսական քաղաքականության կարեւորությունը, հատկապես արդի իրավիճակում չի կարելի թերագնահատել, որովհետեւ, ի վերջո, մենք պետք է քաղաքականապես ճշգրտենք, ձեւակերպենք, թե ինչ նկատի ունենք ասելով տնտեսություն: Ի վերջո, տնտեսությունն այն միջավայրն է, այն մեխանիզմն է, որը գեներացնում է կամ պիտի գեներացնի այն գումարները, որ մեզ անհրաժեշտ է անկախ, ինքնիշխան, մրցունակ պետություն ունենալու համար:
Ինչո՞ւ ենք այսքան խոսում հարկերից, ինչո՞ւ ենք այսքան խոսում հարկեր վճարելուց, ինչո՞ւ են այդքան շնորհակալ բոլոր օրինապահ, աշխատող եւ հարկ վճարող քաղաքացիներից: Որովհետեւ, հարգելի գործընկերներ, պետություն ունենալը թանկ հաճույք է: Եւ պետություն ունենալու հաճույքի եւ արտոնության համար վճարում են նրանք, ովքեր ունեն քաղաքական եւ քաղաքացիական կամք՝ այդ պետությունն ունենալ, այդ պետությունը պահել, այդ պետությունը պահպանել եւ զարգացնել: Եւ մենք պետք է արձանագրենք՝ երբ ասում ենք ստվերի կրճատում, երբ ասում ենք ազատ տնտեսական միջավայր, դա ի՞նչ է նշանակում, որ մինչեւ այս պահը մենք դեռեւս չունենք այնպիսի տնտեսություն, որը գեներացնի այնքան գումարներ, որ մեզ անհրաժեշտ է լիարժեք, անկախ, ինքնիշխան եւ մրցունակ պետություն ունենալու համար:
Սա է պատճառը, որ մենք այդքան շեշտադրում ենք տնտեսական աճը եւ պետական բյուջեի հարկային եւ ոչ միայն հարկային եկամուտները: Եւ ուզում եմ նորից ընդգծել, որ մեր ռազմավարական ընկալումն հետեւյալն է. բոլոր կարգի մարտահրավերներին մեր արձագանքը պետք է լինի ե՛ւ սիմետրիկ, ե՛ւ ասիմետրիկ: Ասիմետրիկ նշանակում է՝ հասկանալ այդ մարտահրավերները սրելու եւ սրողների նպատակը: Նրանց նպատակն է՝ խաթարել Հայաստանի Հանրապետության բնականոն զարգացումը եւ մեզ բոլորիս ժամանակ չթողնել զբաղվել Հայաստանի Հանրապետության զարգացման օրակարգով: Բայց մենք արձանագրում ենք, որ ոչ մի րոպե չպետք է շեղվենք Հայաստանի զարգացման օրակարգից, որովհետեւ խոսքը մեր այսօրվա, մեր վաղվա եւ մեր սիրելի երեխաների ապագայի մասին է:
Հարգելի գործընկերներ,
Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ընդդիմադիր գործընկերներին՝ այսօրվա քննարկմանը մասնակցելու եւ ներկա գտնվելու համար: Եւ դա ունի շատ կոնկրետ պատճառ: Իսկ պատճառն այն է, որ նրանց մասնակցությունն ինձ ավելի մեծ հնարավորություն տվեց կենտրոնանալ ձեռքբերումների եւ մի շարք կարեւոր հաջողությունների վրա, որոնք իսկապես կարեւոր եմ համարել բարձրաձայնել: Եւ այդ հնարավորությունն ստեղծվել է այն բանի արդյունքում, որ, համոզված եմ, որ հարցուպատասխանի ընթացքում ընդդիմադիր, նաեւ ոչ ընդդիմադիր մեր գործընկերների կողմից բարձրացված հարցերի շրջանակում ավելի շատ կկարողանանք կենտրոնանալ պրոբլեմների վրա: Որովհետեւ իմ ելույթի նպատակն այն չէր ամենեւին՝ ցույց տալու կամ համոզելու, որ մենք պրոբլեմներ չունենք, որ պրոբլեմները չկան, որ պրոբլեմները մոռացվել են: Ընդհակառակը, պրոբլեմները կան, պրոբլեմները, ցավոք, տեղում են, խորանում են, բայց իմ ելույթն այն մասին էր, թե ինչ գործիքներ մենք պետք է որդեգրենք, եւ ի՞նչ գործիքներ ենք որդեգրում այդ պրոբլեմներին դիմակայելու համար:
Իհարկե, ես այս զեկույցի բովանդակության մի փոքր հատվածին եմ անդրադարձել միայն, «ԱԺ Կանոնակարգ» օրենքով Ազգային ժողովից կարող է լինել եւս երեք զեկույց, երեք զեկուցողներն իրենց ոլորտները եւ քաղաքականությունները կներկայացնեն եւ հաճույքով կպատասխանեն ձեր բոլորի հարցերին: Այս փուլում ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ուշադրության համար եւ պատրաստ եմ պատասխանել ձեր բոլոր հարցերին:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ