Լրահոս
Օրվա լրահոսը

Հալեպում խորհրդաժողովին քննարկվեցին Միջին Արեւելքի Հայ դատի հանձնախմբերի գործունեության հիմնական ուղղությունները

Ապրիլ 18,2023 11:45

Ապրիլի 16-17-ը Հալեպում գումարվեց ՀՅԴ Հայ դատի Միջին Արեւելքի հանձնախմբերի խորհրդաժողով, ներկայացվեցին շրջանների աշխատանքների վերաբերյալ զեկույցներ, Միջին Արեւելքում Հայ Դատի հետապնդման ուղղությամբ մարտահրավերները եւ առաջարկվեցին լուծումներ՝ դիմագրավելու մատնանշված խնդիրները։

Խորհրդաժողովին մասնակցում էին Հայ Դատի Միջին Արեւելքի գրասենյակի (Բեյրութ) տնօրեն Վերա Յաղուբյանը, Իրանի (երկու շրջաններից), Լիբանանի, Սիրիայի եւ արաբական մի շարք երկրներում գործող Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներ, ՀՅԴ կառույցի տարածաշրջանի մարմինների եւ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ, հրավիրյալ պատասխանատու ընկերներ։ ՀՅԴ Բյուրոյից ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ եւ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Երկօրյա խորհրդաժողովը

Ա) Զեկույցներ եւ լուսաբանություններ ստացավ Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում եւ նրանց շուրջ տեղի ունեցող, ինչպես նաեւ Հայ դատի աշխատանքներին առնչվող Միջին Արեւելքում աշխարհաքաղաքական զարգացումների մասին։
Բ) Զեկույցներ եւ լուսաբանություններ ստացավ Հայ Դատի Կենտրոնական եւ Միջին Արեւելքի գրասենյակների, ինչպես նաեւ առանձին երկրներում անցած մեկ տարվա ընթացքում Հայ Դատի հանձնախմբերի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ։
Գ) Ներկայացված «Հայ Դատի աշխատանքներին առնչվող աշխարհաքաղաքական զարգացումները Միջին Արեւելքում» խորագրով զեկույցից հետո ծավալեց քննարկում։
Դ) Քննարկեց «Միջին Արեւելքի Հայ դատի աշխատանքների քաղաքական առաջնահերթություններն ու գործունեության հիմնական ուղղություններն արտաքին եւ ներքին ճակատներում» ընդհանուր թեման՝ եզրակացություններ անելով հետեւյալ հարցերի շուրջ․

– Ցեղասպանության ճանաչում, հատուցումներ, Հայաստան-Թուրքիա, հայ-թուրքական հարաբերություններ, Թուրքիայի հակահայ քաղաքականություն եւ այլն.
– Արցախի ինքնորոշման իրավունք, Ադրբեջանի հակահայ քաղաքականություն եւ այլն։
Ե) Քննարկեց եւ բանաձեւեց առաջարկներ «Ընդհանուր մարտահրավերներ, մարդուժի խնդիր, գրասենյակներ-շրջաններ կապ» նյութի շուրջ։

Սպառելով օրակարգի հարցերը՝ խորհրդաժողովը փակվեց հյուրընկալ շրջանի եւ Հայ Դատի Միջին Արեւելքի ու Կենտրոնական գրասենյակների պատասխանատուների խոսքերով։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930