«Հրապարակի» զրուցակիցն է Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։
– Բազմաթիվ գործարարներ նշում են, որ հենց ավտոմեքենաների, առանձին մասերի ու պարագաների վաճառքը, որ պատժամիջոցների հետեւանքով արեւմտյան երկրները դադարել էին մատակարարել Ռուսաստան, դա է անցած տարի լցրել ՀՀ բյուջեն։
– Չենք կարող այդպես ձեւակերպել, որովհետեւ Հայաստանի բյուջեն լցնողը շարունակում են մնալ հազար խոշոր հարկատուները, իսկ հազար խոշոր հարկատուների գերակշիռ մեծամասնությունը` ավելի շատ հարկ վճարողը, շարունակում են մնալ հանքարդյունաբերության եւ հանրային ծառայությունների ոլորտները, այսինքն՝ գազ, ջուր, կապի օպերատորներ եւ այլն։ Ասել, որ Հայաստանի բյուջեն լցրել են վերաարտահանումները կամ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստանը որպես միջնորդ հարթակ օգտագործելով՝ Արեւմուտք եւ Ռուսաստան կապող օղակի բիզնեսներն են լցրել, այդպես չէ, բայց, այնուամենայնիվ, դա, իհարկե, Հայաստանի տնտեսությանը մեծ խթան էր։ Կարող ենք միանշանակ պնդել, որ Հայաստանի երկնիշ տնտեսական աճն ապահովել է ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին բիզնեսի ռելոկացիան դեպի Հայաստան, ինչպես նաեւ Հայաստանը, որպես միջնորդ հարթակ, Ռուսաստանից ներմուծում-արտահանում Արեւմուտք, ինչպես նաեւ Արեւմուտքից ներմուծում-արտահանում Ռուսաստան։ Որպես ընդհանուր ձեւակերպում, այսպես կարող ենք ասել՝ ոչ թե այս բիզնեսի տեսակն է լցրել Հայաստանի բյուջեն, այլ այս բիզնեսի տեսակը եւ ընդհանուր ռուս-ուկրաինական պատերազմն ապահովել է Հայաստանի երկնիշ տնտեսական աճը։
– Ի՞նչ տեղի կունենա, եթե, բացի կաթնամթերքի ներմուծման արգելքը ՌԴ, այլ տնտեսական պատժամիջոցներ եւս ավելանան։
– Սա ամբողջությամբ գնահատում եմ որպես քաղաքական ենթատեքստ եւ սա Հայաստանի ընտրած քաղաքական ուղու վտանգավոր ընտրության հետեւանքներից մեկն էր։ Երբ մենք նայում ենք ռուսական կողմի մեկնաբանություններին, թե ինչ են ներկայացնում, օրինակ, կաթնամթերքի արտահանման արգելք սահմանելու վերաբերյալ, ներկայացնում են որպես պարսկական հումքի օգտագործում եւ այլն։ Դրանք նոր չեն, այսինքն՝ պատճառները, որոնք նրանք մատնանշում են, միշտ էլ այդպես են եղել։ Միշտ էլ հայկական կողմի վրա որեւէ քաղաքական ճնշում գործադրելու կամ Հայաստանն իր ընտրած ուղուց շեղելու համար Ռուսաստանը, որպես պատժամիջոց, կիրառել է արտահանումների որոշակի սահմանափակումներ՝ դրանով ինչ-որ մեսիջ Հայաստանին տալու կամ հստակ գործողություն իրականացնելու համար։ Վտանգները բավականին մեծ են։ Երբ որ Ռուսաստանը սկսի Հայաստանի արտահանումների կամ ներմուծումների վրա արգելք կիրառել, մենք չպետք է մոռանանք, որ Ռուսաստանը Հայաստանի արտահանվող շուկայի 1/3-ն է զբաղեցնում, այսինքն՝ հայկական արտադրողներն իրենց արտադրանքի 1/3-ը սպառում են հենց ռուսական շուկայում։ Չմոռանանք, որ Հայաստանի բնակչության եկամուտների մոտավորապես 1/3-ը Ռուսաստանից փոխանցվող տրանսֆերտներն են։ Այսինքն՝ եթե Ռուսաստանը քաղաքական որեւէ նպատակից ելնելով որոշի տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանից արտահանումների կամ Ռուսաստանից Հայաստան փոխանցումների վրա, ապա Հայաստանը կունենա աղետալի խնդիրներ։
Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: