Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարեն Գիլոյան․ «Այդ միջադեպն էլ սպորտային իվենթի ժամանակ չի եղել, այլ բացման արարողության ժամանակ, որեւէ մեկը տուժե՞լ է, որեւէ մեկին ֆիզիկապես մի բան եղե՞լ է՝ ոչ»․ «Հրապարակ»

Ապրիլ 18,2023 10:30

Հարցազրույց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ

– Ասացիք, որ միջազգային բոլոր օղակները` ֆեդերացիաներից մինչեւ մամուլ, հիացած են բացման արարողությամբ։ Կարո՞ղ ենք եզրակացնել, որ այս աղմուկն էլ՝ դրոշի հետ կապված, ավելի շատ մենք ենք քննարկում ու դատապարտում, քան միջազգային հանրությունը:

– Ուղղակի ճիշտ բանակցել ու բացատրել է պետք, սկզբից, իհարկե, տպավորությունը շատ վատն էր, այդ պահին շատ վատ ընդունեցին: Նույնիսկ միջազգային ֆեդերացիայի նախագահը, որի հետ բացումից հետո գնացել, մի տեղ նստել էինք, զրույցի ընթացքում ասաց՝ եթե դա չլիներ, կարելի էր օլիմպիական խաղերի բացում անվանել, այ, այդքան լավն էր… ուղղակի չգիտեմ ինչ տվեց դա եւ ինչի համար էր… հիմա բանակցում ենք, խոսում ենք, բացատրում ենք, ասում ենք, որ դա պետական վերաբերմունք չէ, այլ անհատի՝ պահի տակ պոռթկում է…: Կարող էր ֆանտաստիկ լավ լինել, բայց ստվերում հայտնվեց, ու փոխանակ մենք հիմա աշխարհով մեկ գլուխ գովեինք ու պարծենայինք, որ կարող ենք նման լավ բան անել, ստիպված ենք ադրբեջանցիների հարձակումներին պատասխանել…

– Զգեստների պատվերն ո՞վ է իջեցրել Արամ Նիկոլյանին, ու նրա կողմից որեւէ առարկություն եղե՞լ է Ադրբեջանի հետ կապված:

– Դե, թող ասեր, եթե ակցիա էր ուզում անել, թող ի սկզբանե չկարեր: Այդ գումարը որ վերցնում էր ու կարում էր, այդ ժամանակ չէ՞ր մտածում, որ ավելի լավ է չկարեմ, ինչի՞ եմ հետո վնաս տալիս ամբողջ երկրին: Եթե այդքան սկզբունքային էր, թող ասեր` չեմ կարում, ու ինձ փող պետք չէ, թե՞ փողը վերցրեց ու որոշեց գնալ հերոսանալ, ո՞ւմ հաշվին` պետության հեղինակությա՞ն հաշվին…:

– Ադրբեջանի պատվիրակությանը տրվել էին անվտանգության բարձր երաշխիքներ, սովորաբար, միջազգային պրակտիկայում ո՞ր դեպքերում են այս կամ այն պատվիրակությանն անվտանգության երաշխիքներ տրվում:

– Անվտանգության երաշխիքներ տրվում է այն պատվիրակությանը, որը պահանջում է այդ երաշխիքները, մենք էլ երբ գնում էինք Ադրբեջան՝ մասնակցելու մրցումներին, մենք էլ էինք անվտանգության երաշխիքներ պահանջում եւ, ճիշտն ասած, շատ ավելի հանդուրժող էինք, քան իրենք: 2007-ին մեզ տարան իջեցրին օդանավակայանում, ի սկզբանե մենք հյուրանոցում պետք է մնայինք, բայց օդանավակայանում մեզ նստեցրին ավտոբուս ու քշեցին անհայտ ուղղությամբ, տարան Բաքվի եզրին մի փակ պանսիոնատ, որը բարձր պարիսպներ ուներ, եւ պահեցին այնտեղ, բայց մենք չընդվզեցինք, չասացինք՝ մենք այստեղ չենք ուզում: Իսկ մենք իրենց ասացինք` ձեզ առանձին կպահենք, երաշխիքներ կտանք, իսկ իրենք ասացին` չէ, բոլորի հետ ենք ուզում: Մենք էլ ասացինք` ուզում եք, եկեք մնացեք, ու նորմալ ապահովել էինք ամեն բան: Ես այդ գիշեր` միջադեպից հետո, անձամբ գնացել ու բանակցել եմ պատվիրակության ղեկավարի, գլխավոր մարզչի եւ անվտանգության ներկայացուցիչների հետ, որեւէ խնդիր, վտանգ, վատ միջադեպ չեն տեսել, ասում էին` մենք պատրաստ ենք մնալ ու մասնակցել, ուղղակի մեզ հրահանգել են հետ վերադառնալ, մենք էլ չենք կարող չկատարել հրահանգը: Այսքան բան: Եվ հետո՝ այդ միջադեպն էլ սպորտային իվենթի ժամանակ չի եղել, այլ բացման արարողության ժամանակ, որեւէ մեկը տուժե՞լ է, որեւէ մեկին ֆիզիկապես մի բան եղե՞լ է՝ ոչ: Այնպես որ, իրենց պատճառ ու պատրվակ էր պետք` գնալու, սադրանք անելու, եւ ես վստահ եմ, որ իրենք ամեն ինչ անելու էին, որ այդ սադրանքը լինի, ուղղակի Նիկոլյանն արեց այն, ինչն ադրբեջանցիները պիտի անեին։ Այդքան բան:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930