Դիզայներ Արամ Նիկոլյանի ակցիան, որի ընթացքում նա ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշը այրեց ու դուրս հանեց դահլիճից, բազմակողմանի քննարկումների արժանացավ: Չեմ պատրաստվում կրկնել «լայնախոհների» եւ «ազգայնականների» փաստարկները՝ ցանկացողները դրանց ծանոթանալու լայն հնարավորություն ունեին նախորդ շաբաթ-կիրակի: Պետությունը, կարծում եմ, պետք է դրան հստակ գնահատական տա՝ իր կազմակերպած միջոցառումները ոչ մի քաղաքական ցույցերով չպիտի խաթարվեն:
Չեմ ցանկանում նաեւ ողջունել կամ, առավել եւս, դատապարտման խոսքեր հնչեցնել այդ գործողությունն իրականացնողի հասցեին: Ես ընդհանրապես ինձ իրավունք չեմ վերապահում որեւէ մեկին դատապարտելու. չնայած ժամանակին իմ բացասական վերաբերմունքն արտահայտել եմ բողոքը՝ դրոշ այրելու ձեւով արտահայտելու ավանդույթին եւ այդ հարցում կարծիքս չեմ փոխել:
Պարզապես տվյալ դեպքում ուզում եմ հասկանալ, թե ինչի՞ դեմ էր բողոքում Արամ Նիկոլյանը: Չեմ կարծում, որ նրա բողոքի հասցեատերը Ադրբեջանն էր: Հարեւան երկրի եւ նրա քաղաքացիների բարբարոսական, անպատկառ վարքի դեմ Երեւանում բողոքելն անիմաստ է: Կա հայկական պետություն, կան հասարակական կազմակերպություններ, որոնք այդ խնդիրները պետք է բարձրացնեն միջազգային հարթակներում, նաեւ քարոզչությամբ ազդեն միջազգային լսարանի վրա, ինչն, ի դեպ, իմ կարծիքով, շատ վատ է արվում:
Ակցիան, որքան հասկանում եմ, հասցեագրված էր հայաստանյան լսարանին, մեր հասարակությանը, որի մեջ, եկեք համաձայնեք, էապես նվազել է արժանապատվության զգացումը: Մեր համաքաղաքացիները բավականին սառնասիրտ են ընդունել պատերազմում նվաստացուցիչ պարտությունը, հազարավոր զոհերը, տարածքների կորուստը, Արցախի շրջափակումը, ՀՀ ինքնիշխան տարածքի՝ նույն Ադրբեջանի կողմից զավթումը եւ այլն: Ինչի՞ց է երեւում այդ անտարբերությունը: Շատ բաներից, նաեւ, իհարկե, 2021 թվականի ընտրությունների արդյունքներից: Բայց նախեւառաջ՝ նրանից, որ պարտվելու, կորցնելու, զիջելու գործընթացը շարունակվում է ամեն օր եւ ամեն ժամ, բայց մեր հասարակությանն, ըստ ամենայնի, բավարարում են իշխանությունների բացատրություններն ու արդարացումները:
Կարդացեք նաև
Շաբաթ օրվա ակցիան, ենթադրում եմ, մեր հասարակությանն արթնացնելու, սթափեցնելու նպատակն ուներ: Արդյո՞ք դա հնարավոր է անել՝ դրոշ այրելով: Խիստ կասկածում եմ: Մարդկանց հոգիները ցինիզմի, նիհիլիզմի, սպառողականության ախտից բուժելը երկարատեւ գործընթաց է: Համոզված եմ, որ «բժիշկները» պետք է լինեն քաղաքական շահագրգռվածություններ, անձնական հավակնություններ չունեցող եւ զոհողությունների պատրաստ մարդիկ: Եվ բուժել կարելի է առանց օրենքը խախտելու եւ առանց պետության միջազգային վարկը վնասելու:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Տարրական տրամաբանություն է՝ եթե ընդունում ես թշնամի երկրի ներկայացուցիչներին, ապա բարի եղիր ապահովել նրանց անվտանգությունը, լավ է, որ ընդամենը դրոշ են վառել, եթե սա պետության կողմից մնա անպատիժ, ուրեմն պետության ղեկին նստածների կազմակերպածն է, որ վարկաբեկեն իրենք իրենց եւ դրանով էլ վարկաբեկեն մեր պետությունը: Սա գլոբալ այլասերվածների նպատակն է՝ ոչնչացնել ամեն ազգայինը՝ լինի պետություն, բնօրրան, մշակույթ, լեզու, այնպես որ, ով հասկանում է, որ սրանք բոլորը գորբաչով են աշխատում՝ ժողովրդին սկզբից հիասթափեցնում են իրենց պետությունից ու հետո վերացնում այդ պետությունը եւ դրա դեմն առնելու համար պետք է հզոր պետականամետ շարժում: Հենց այս դեպքի կապակցությամբ մեր քաղաքական ուժերը պետք է համախմբված դուրս գան հրապարակ եւ Կառավարությունից պահանջեն հյուրերի անվտանգության ապահովում եւ մեղավորներին օրենքով դատել: Նման ինքնավարկաբեկումները շատանալու են մինչեւ դրսի դրածոները պետությունը վարի չտան, դրա համար էլ մեր ժողովրդի հետ անմիջականորեն է պետք շփվել, ոչ միայն համացանցով: Ո՞վ է մեղավոր, որ մենք մինչեւ հիմա չենք ձեւավորել Ստվերային Կառավարություն, մեղավոր ենք միայն մենք եւ ուրիշ ոչ մեկը:ՄԻԱՑՈ՛ՒՄ: