Սննդային ֆենոլները ֆիտոքիմիական նյութեր են, որոնք ներառում են ֆլավոնները, ֆլավոնոլները, ֆլավանոնները, իզոֆլավոնները, անտոցիանիդինները, ստիլբենոիդները, լիգնանները, դաբաղող նյութերն ու կուրկումինոիդները։ Բուսական տարբեր աղբյուրներից ստացված այդ միացությունները, աղիքային միկրոբիոմի հետ միասին, կարող են արդյունավետ լինել տարբեր հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում։
Antioxidants ամսագրում վերջերս հրապարակված զեկույցում հետազոտողները հայտնում են, որ սննդային ֆենոլների ու աղիքային միկրոբիոմի փոխազդեցությունը գործում է սիրտը, իմունիտետը, նեյրոնները պաշտպանող ազդեցություն, ինչպես նաև առողջությանը նպաստող այլ առավելություններ։
Ֆենոլային միացությունների օգտակարությունն առողջության համար
Պոլիֆենոլները կարող են բարելավել ռևմատոիդ արթրիտի ընթացքը՝ միտոգեն ակտիվացնող պրոտեինկինազի (MAPK) արգելակման հաշվին։ Դրանից բացի բուսական ծագման պոլիֆենոլները կարող են նվազեցնել դեպրեսիան, բորբոքումն ու օքսիդացման սթրեսը։
Կարդացեք նաև
Կվերցետինն ու էպիկատեխինը նվազեցնում են աթերոսկլերոզը ազոտի օքսիդի ակտիվացման մեծացման և էնդոթելին-1-ի շճաբանական մակարդակի նվազեցման շնորհիվ։ Կվերցետինը, որը կարելի է ստանալ կարմիր սոխից կամ խաղողից, պայքարում է ճարպակալման և ինսուլինառեզիստենտության դեմ։
Կակաոն, որը էպիկատեխինի աղբյուր է, օգտակար է սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար, քանի որ բարելավում է արյան միկրոշրջանառությունը, անոթալայնիչ ազդեցություն է գործում ու բարձրացնում ազոտի օքսիդի մակարդակը։ Էպիկատեխինը կարգավորում է սպիտակուցների ու գեների արտահայտումը գլխուղեղի էնդոթելային բջիջներում, և որպես արդյունք կարող է օգտագործվել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բուժման համար։
Կանաչ թեյի մզվածքները կարող են օգտակար լինել լյարդի ալկոհոլային հիվանդություն ունեցող մարդկանց համար։ Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն ունեցող անձանց շրջանում գալլատ էպիգալլոկատեխինը վերականգնել է աղիքային միկրոբիոմի հավասարակշռությունը, բարելավել սիրտուինի (սպիտակուց, որը մասնակցում է նյութափոխանակության կարգավորմանը՝ խմբ․) գենի ակտիվությունը։
Կոլիտ ունեցող պացիենտների շրջանում գալլատ էպիգալլոկատեխինը նվազեցնում է ցիկլոօքսիգենազ 2-ի մակարդակը, մեծացնում բջիջների բազմացումը, նպաստում է էպիթելի վերականգնմանը, նվազեցնում հաստ աղիքի վնասվածքները, բարձրացնում հակաօքսիդանտային ֆերմենտատիվ ակտիվությունը։
Ալցհայմերի հիվանդության դեպքում էպիկատեխինները նվազեցնում են բետա-ամիլոիդների կուտակումը, թթվածնի ակտիվ ձևերի արտադրությունն ու նեյրոտոքսիկությունը։ Կակաոյի մզվածքները նվազեցնում են բետա-ամիլոիդի օլիգոմերացումը (խտացումը)։
Կակաոյի ֆլավանոլները նվազեցնում են սրտի իշեմիկ հիվանդության զարգացման վտանգը։
Դաբաղող նյութերը, որոնք, օրինակ, ստանում են խուրմայի տտիպ պտուղներից, սահմանափակում են օսլայի մարսումն ու արգելակում գլյուկոզի ներծծումը, նվազեցնում ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը։
Հնդկացորենի ու ծնեբեկի կազմում հայտնաբերված ռուտինը հակաքաղցկեղային ազդեցություն է գործում, ինչպես նաև կարող է նվազեցնել հիպերխոլեստերինեմիան ու հիպերգլիկեմիան։ Սոյայի սպիտակուցները նվազեցնում են խոլեսթերինի, C-ռեակտիվ սպիտակուցի մակարդակը, ինչպես նաև մեզում՝ կրեատինինի և դեզօքսիպիրիդինոլինի մակարդակները:
Քունջութից ստացվող սեզամինը ցուցաբերել է սիրտը պաշտպանող, նեյրոպրոտեկտոր և հակաբորբոքային ազդեցություն։
Ռեսվերատրոլը նվազեցնում է ցիտոտոքսիկությունը, արգելակում թրոմբոցիտների ռեակտիվությունը։ Խաղողի կորիզների յուղը օժտված է վերքերն ապաքինող, հակաբորբոքային և լյարդը պաշտպանող ազդեցությամբ։
Կուրկումինը հակաբորբոքային ու հակաքաղցկեղային ազդեցություն է գործում։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Գլխավոր լուսանկարը՝ Danijela Maksimovic / Shutterstock.com