Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիանի ավագանու ընդդիմադիր անդամի հարցը իշխանական պատգամավորին․ ի՞նչ նկատի ուներ Կարեն Համբարձումյանը (ֆոտոշարք, տեսանյութ)

Ապրիլ 17,2023 23:23

Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում ապրիլի 17-ին կայացած համայնքի ավագանու հատուկ նիստում համայնքի նորընտիր ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Հակոբջանյանի երդմնակալության արարողությանը ավագանու 21 անդամից ներկա էր 14 անդամ, որից 13-ը կառավարող ուժից էին, մեկը՝ «Քաղաքացու որոշումից»։

Հիշեցնենք, որ 13 մանդատ ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը», 5-ը՝ ՀՀԿ-ն, 3-ը՝ «Քաղաքացու որոշումը»։

Նիստին մասնակցում էր նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Համբարձումյանը, որն իր ելույթում անդրադառնալով «Քաղաքացու որոշում» կուսակցության նախընտրական քարոզարշավին՝ մասնավորապես հայտարարեց՝ որ չի ներելու այդ մարդկանց, որոնք անդրադարձել են մեծերին։ «Դուք անձ ենք ընտրում, բայց նայեք՝ թե ովքեր են նրա մեծերը։ Նման նախադասություն է հնչել։ Սիսիանի բոլոր մեծերը ինձ համար յուրահատուկ անքննելի արժեք են, որովհետեւ մենք դաստիարակվել ենք մեր մեծերով ու ժողովուրդը մարտի 26-ին ցույց տվեց մեծերի արժեքը»,-ասաց Կարեն Համբարձումյանը։

Նիստին ներկա «Քաղաքացու որոշում»-ի ավագանու անդամ Աննա Ավետիսյանի համար թերեւս անհասկանալի էր պատգամավորի հայտարարությունը, ու նրա խոսքով՝ ամենեւին չցանկանալով ավագանու նիստը վերածել քաղաքական երկխոսության, այնուամենայնիվ՝ պատգամավորին մեկ հարց ուղղեց։ «Ի՞նչ կամ ո՞ւմ նկատի ունեք «մեծեր» ասելով։ Ինձ համար կոնկրետ անհասկանալի է դա, կարծում եմ՝ լսարանի համար եւս»,-հարցրեց ավագանու ընդդիմադիր անդամը իշխանական պատգամավորին։

«Ինձ համար, օրինակ, Համո Սահյանն է մեծ, այդպես էլ պատգամավորը, ըստ էության չպատասխանեց իմ հարցին։ Ուստի՝ փորձեմ մեկնաբանել ենթադրությունների մակարդակով։ Եթե «մեծեր» ասելով պատգամավորը նկատի ուներ ընտրակեղծարարության փորձ ունեցող ավագ սերնդին, ապա, այո՛, այդ մեծերի գործելաոճը մենք մերժել ենք, մերժում ենք, մերժելու ենք եւ շարունակելու ենք պայքարել դրա դեմ»,-ավագանու նիստից հետո Aravot.am-ի հետ զրույցում ասաց Աննա Ավետիսյանը։

Վերջինիս խոսքով՝ քարոզարշավին, «Քաղաքացու որոշում» կուսակցության ավագանու թեկնածուն ասել է, որ սա նաեւ անձերի ընտրությունն է եւ ուշադրություն դարձրեք՝ թե ո՞ւմ եք ընտրում, ովքե՞ր են, ի՞նչ ճանապարհ են անցել, ի՞նչ արժեքային համակարգ ունեն։ «Այս ենթատեքստում է եղել ամեն ինչ ու կարեւորել ենք այն փաստը, որ ընտրությունները պետք է անցնեն արդար մրցակցության դաշտում, պիտի մերժենք նախկին բարքերը, այդ թվում նաեւ ընտրակեղծիքները։ Եթե իրենք ճանաչել են այստեղ ինչ-որ մեծերի, էլ ի՞նչ ասեմ»,-նշեց Աննա Ավետիսյանը։ Նորընտիր ավագանու անդամը համոզված է՝ ընտրակեղծիք անողը՝ լինի մեծ, թե երիտասարդ՝ պետք է ստանա իր արժանի գնահատականը։

«Հենց այդ արատավոր բարքերը մերժելով՝ մենք պետք է կառուցենք ուժեղ, հզոր, բարեկեցիկ համայնք»,-մեզ հետ զրույցում նշեց Աննա Ավետիսյանը։

Կարեն Համբարձումյանը նիստում նաեւ հայտարարեց, որ ինքը երկար է սպասել այս օրվան, որպեսզի նայի ոմանց աչքերին եւ ստանա իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը։ Պատգամավորը ափսոսանք հայտնեց, որ այդ մարդիկ դահլիճում չեն։

«Ի դեպ, ստացվում է՝ որ Կարեն Համբարձումյանը սպասել էր այս օրվան, որպեսզի ավագանու ամբիոնը օգտագործելով՝ արտահայտի քարոզարշավի ընթացքում հավաքած բացասական հույզերն ու ասելիքը։ Ազգային ժողովի պատգամավորը ավագանու նիստում նման լիազորություն չունի, առավել եւս՝ ավագանու անդամներին ներկա-բացակա անելու իրավասություն։ Փոխարենը, արձանագրենք, ավագանու նիստում ավագանու ձայնը լսելի չէր, քանի որ նիստը նաեւ այս առումով պատշաճ մակարդակով չէր կազմակերպվել»,-ասաց Աննա Ավետիսյանը։

Չնայած նորընտիր ավագանու անդամի փորձը քաղաքականության մեջ դեռ նոր է սկսում, բայց պատգամավորին եւ նրա նման մտածողներին խորհուրդ է տալիս՝ դուրս գալ քննադատությունը որպես անձնական վիրավորանք ընկալելու տրամաբանությունից։ «Այո՛, մենք քննադատելու ենք, բայց դա անելու ենք ոչ թե ինչ-որ մեկին հակառակվելու կամ վիրավորելու համար, այլ արատավոր երեւույթները բացառելու եւ համայնքն այս վիճակից դուրս բերելու համար։ Կառուցողական դաշտում պետք է նայել այս ամենին»,-մեզ հետ զրույցը եզրափակեց Աննա Ավետիսյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930