Գյումրու «Կումայրի արգելոց-թանգարանի» տարածքում գտնվող «Բարի լույսի» շենքը, որը վթարային վիճակում է, գնել է սիրիահայ գործարար։ Նա պատրաստվում է պատմամշակութային կառույցը վերածել հյուրանոցառեստորանային համալիրի՝ իհարկե, պահպանելով շենքի ֆասադը։ Այս մասին տեղեկացանք Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից։
Քաղաքապետարանի պաշտոնյան ասաց, որ գնորդի անուն-ազգանունը չի կարող հնչեցնել, բայց սիրիահայ գործարարը պատրաստվում է վերականգնել այն, նախագիծն արդեն պատվիրել է։
Ըստ ճարտարապետի, նախագիծը պիտի հաստատվի թե՛ քաղաքապետարանի, և թե՛ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
«Շենքը վթարային է, բայց կվերականգնեն՝ պահպանելով տեսքը։ Շենքը պատկանում էր մասնավոր անձի, 2-3-րդ ձեռքից է անցել սիրիահայ գործարարին»,- ասաց Հենրիկ Գասպարյանը։
Կարդացեք նաև
Նշենք, որ պատմական այս կառույցը գյումրեցիներն անվանում են «Բարի լույսի» շենք՝ հայելի և սրբիչ հիշեցնող զարդանախշերի պատճառով (տես լուսանկարում)։
Այն կառուցվել է 1880-1900 թվականներին` սև տուֆից, մի քանի փուլերով՝ մեծահարուստ Գրիգոր Դրամփյանի պատվերով։ Այն ծառայել է տարբեր նպատակների, հայտնի է որպես Դրամփյանների եկամտաբեր տուն․ 37 սենյակները վարձակալությամբ են տրվել ալեքպոլցի ընտանիքներին։ Սովետական տարիներին այստեղ գործել է Գյումրու խաշխանա ռեստորանը։
Խորհրդային կարգերի հաստատումից հետո Դրամփյաններին ունեզրկել են։ Շենքը ստալինյան բռնության տարիներին ծառայել է որպես կալանատուն։
Գլխավոր լուսանկարը՝ Mediamax.am-ի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ