Գյումրու Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում ծիսական արարողությունների պահպանմամբ՝ զատկական ավանդական երգերով, պարերով, գունեղ, ճոխ սեղանով նշվեց «Զատկական տոնից Կանաչ-կարմիր կիրակի» խորագրով հանդիսությունը։
Այն անցկացվեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյա հոբելյանի շրջանակներում։
Տոնակատարությունը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու բաժանմունքը, Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը, Գյումրու Մտորումների թատրոնը և «Զանան» մշակութային կենտրոնը։
Էթնոհոգեբան Կարինե Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նպատակը ժողովրդական ծեսերի ու տոների մասին իրազեկելն է, այն սերնդեսերունդ փոխանցելն ու ազգային ինքնապաշտանությունն ամրապնդելն է։
Այս տոնախմբությանը մասնակցում էր Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում գործող «Մարջան» տարեց կանանց երգչախումբը։ Երգչախումբը սիրողական է, այստեղ ընդգրկված են միայնակ տարեց տատիկներ։
Այն հիմնադրել է Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի ցուցանմուշների պատասխանատու Մարինա Մանուչարովան՝ երգչուհի Մոնիկա Մանուչարովայի մայրը։
Նպատակը տարեց կանանց օգնելն է, որպեսզի հաղթահարեն միայնակության զգացումը ու իրենց պիտանի զգան հասարակությանը։ Երգչախմբում ամենատարեց տատիկը 90 տարեկան է։
Նրանք ելույթ ունեցան Գեղագիտության ազգային կենտրոնի սաների հետ։ Տարեց կանայք առանձնակի ոգևորվածությամբ կատարեցին Գյումրու հիմնը։
Երգչախմբի գործունեությանը կանդրադառնանք ավելի ուշ, նշենք միայն, որ այն եզակի է, երկրորդը չկա հանրապետությունում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ