Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնությունում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ Գոռ Սահակյանը 67 կգ քաշային կարգում նվաճեց չեմպիոնի տիտղոսը։
Պոկում վարժությունում մեր մարզիկը նախ գլխավերեւում պահեց 140 կգ ծանրաձողը, ապա նաեւ՝ 145 կգ-ն, իսկ երրորդ մոտեցման ժամանակ պատվիրելով 147 կգ՝ ցանկացավ սահմանել երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի նոր ռեկորդ։ Սակայն այս անգամ նրան չհաջողվեց գերազանցել այդ ցուցանիշը։ Այդուհանդերձ, նա արժանացավ փոքր ոսկե մեդալի:
Կարդացեք նաև
Հրում վարժությունում նույնպես մեր մարզիկը պատվիրել էր մեկնարկային ամենից բարձր կիլոգրամները՝ 170։ Այդ քաշն իրեն ենթարկելուց հետո Գոռ Սահակյանը բարձրացրեց նաեւ 175 կգ-ն եւ անկախ վերջին մոտեցումից, որից նա, ի դեպ, հրաժարվեց, ապահովեց նաեւ այս վարժության ու երկամարտի (320 կգ) Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Այսպիսով, տրվեց Հայաստանի ծանրորդների ոսկե մեդալների նվաճման հիմքը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ