Ինչպես հայտնել էինք, Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի գործով հերթական դատական նիստում այսօր մեղադրող-դատախազ Արմեն Գեւորգյանն ընթերցեց մեղադրական ճառը, պնդեց մեղադրանքը եւ դատարանին խնդրեց Վազգեն Մանուկյանին դատապարտել 500 հազար դրամ տուգանքի։
Դատախազը մեջբերեց 2020թ․-ի դեկտեմբերին եւ փետրվարին «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի ելույթներն ամբողջությամբ։ Հիշեցնենք, որ այդ ելույթներից մեկում Վազգեն Մանուկյանն, ի թիվս այլ կոչերի, ասել էր․ «Ցանկացած պահ, դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»:
Կարդացեք նաև
Վազգեն Մանուկյանի մյուս հայտարարությունը հետեւյալն է․ «Ինչ ցույցեր էլ անենք, Նիկոլ Փաշինյանը իշխանությունն ինքնակամ չի թողնելու, ուրեմն պետք է ջարդել այն հենարանները, որն ունի: Այդ հենարաններից առաջինը մեր հայրենակիցներից այն հատվածն է, որը չի գիտակցում, թե երկիրն ուր է գնում: Կա նաեւ պլան Բ. ցանկացած պահի, դա կլինի այսօր, թե 10 օրից, պատրաստ լինել ապստամբելով վերցնել իշխանությունը»։
Այսպիսով, ըստ մեղադրական եզրակացության, Վազգեն Մանուկյանը, հանրության առաջ կատարելով պատգամավորների, բարձրաստիճան ոստիկանների տեղաշարժը սահմանափակելու, բանակին ուղղված ընդվզելու հայտարարություններ՝ կատարել է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ Մանուկյանն ավելի վաղ հայտարարել է, որ մեղադրանքը չի ընդունում։
Վազգեն Մանուկյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը պաշտպանական ճառի ժամանակ հայտարարեց․ «Փետրվարի 12-ի ելույթում պարոն Մանուկյանը խոսել է ներկայիս իշխանության քաղաքական հենարանների, դրանց հանդեպ հանրային պարսավանքի, ճնշման մասին։ Իր խոսքերում բռնություն կատարելու կոչ չի եղել։ Իսկ պատգամավորների, հանրային գործիչների հասցեին քննադատության լայն սահմաններ են նախատեսված եվրոպական դատարանի մի շարք նախադեպային վճիռներով։ Ի դեպ, 2018թ․-ին շատ ավելի կտրուկ հանրային-քաղաքական գործընթաց կար, եւ որեւէ մեկը քրեական հետապնդման չի ենթարկվել»։
Էրիկ Ալեքսանյանը շեշտեց, որ Վազգեն Մանուկյանին առաջադրված հանցակազմում բացահայտված չեն բռնության տեսակները եւ կիրառման ձեւերը․ «Պարոն Մանուկյանի ելույթներում առկա չէ որեւէ մեկին կյանքից զրկելու, ազատությունը սահմանափակելու, առողջությունը վնասելու որեւէ կոչ, այն էլ՝ իշխանությունը զավթելու կամ սահմանադրական կարգը տապալելու համատեքստում»։
Վազգեն Մանուկյանի մյուս պաշտպան Արամ Վարդեւանյանն էլ իր հերթին նկատեց, որ Վազգեն Մանուկյանին վերագրել են իշխանության զավթում․ «Պետական իշխանությունը բաղկացած է դատական իշխանությունից, գործադիրից եւ օրենսդիրից։ Հիմա ստացվում է, որ Վազգեն Մանուկյանը դատական իշխանությունն էլ է ուզեցել իրացնե՞լ։ Ուստի մեղադրանքը նույնիսկ չի հաղթահարել նվազագույն հստակության չափանիշը»։
Արամ Վարդեւանյանը նաեւ շեշտեց՝ քաղաքացիների մի մասը Վազգեն Մանուկյանի հայտարարություններում կարող է նկատել իր համար ոչ դուրեկան խոսույթ՝ այնպես, ինչպես 2018թ․-ի իրադարձությունների ժամանակ էր քաղաքացիների մի մասը լսում ոչ դուրեկան խոսույթ։
«Բացի այդ, քննիչ Սարդարյանը, ըստ գործի նյութերի, վարույթ ընդունելուց հետո փորձել է հասկանալ՝ Վազգեն Մանուկյանի հայտարարություններից հետո ի՞նչ է եղել։ Այդ պլան Բ-ն տեղի չի ունեցել։ Դրա համար քննիչը դիմել է ոստիկանությանը, վերջինս էլ ասել է, որ որեւէ բան տեղի չի ունեցել։ Սրանից հետո քննիչ Սարդարյանը դադարել է վարույթ իրականացնող լինել։ Ենթադրաբար, զեկուցել է վերադասին, որ հանցակազմ չկա։ Ու քննիչը փոխվել է։ Եւ մեղադրողի ելույթում այս հայտնի ՕՀՄ-ի մասին որեւէ բան չկա»,-հավելեց Արամ Վարդեւանյանը։
Պաշտպանները նշեցին՝ կարեւոր փաստ է ոստիկանության աշխատակցի վերոնշյալ գրությունը, ըստ որի՝ Վազգեն Մանուկյանի՝ Ազատության հրապարակում կատարած հայտարարության հետքերով խմբեր, ջոկատներ կազմելու մասին ոստիկանությունում տեղեկություններ չեն ստացվել, ուստի անգամ ժողովրդի համար Վազգեն Մանուկյանի հայտարարություններն ընկալելի են եղել որպես քաղաքական հայտարարություններ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ