«Ծանրաբեռնվածության պատճառով ամեն դատական նիստ կարճ ժամանակահատված է տևում։ Կարծում եմ՝ արդյունավետ չի կարող լինել այս բարդ գործի դեպքով քննությունը այն պայմաններում, որոնք ստեղծվում են այս գործի համար»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց զինծառայող Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում ապրիլի 17-ին տեղի ունեցավ 2021 թվականի օգոստոսին մարտական հենակետում սպանված երեք զինծառայողների գործով հերթական դատական նիստը։
Հիշեցնենք՝ 2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում հայտնաբերվել էին նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի, Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով: Նշված հանցագործությունը կատարելու՝ ապօրինաբար դիտավորությամբ վերոհիշյալ զինծառայողներին կյանքից զրկելու կասկածանքով ավելի վաղ ձերբակալվել էր նրանց համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ-ն:
Հայարփի Սարգսյանին մտահոգում է այն, որ այս գործով դատական նիստերը շատ կարճ են տևում։ Նա մեզ հետ զրույցում մանրամասնեց․ «Հիսուն րոպե էլ չտևեց դատական նիստը։ Այսինքն՝ եթե մենք մեկ վկային մեկ ժամ ենք հարցաքննում, ինչպե՞ս եք պատկերացնում 30-40 րոպեանոց նիստը։ Չգիտեմ՝ ինչպես են կարգավորելու այս խնդիրը, բայց ճիշտ կլինի, որ այդ ուղղությամբ լուրջ քայլեր անեն»։
Կարդացեք նաև
Հայարփի Սարգսյանը տեղեկացրեց՝ քանի որ դատարանը մեկ այլ նիստով ծանրաբեռնված էր, նախապես ավելի երկար ժամանակ չէր նախատեսել այս բարդ գործի համար։ Մեղադրողը ներկայացրեց իր մեղադրական եզրակացությունը մեղադրյալների մասով, որոշեց ապացույցների հետազոտման հաջորդականությունը և հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին։
Հաջորդ դատական նիստի ընթացքում կհարցաքննվեն տուժողները։
Հայարփի Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ իր մտահոգությունները այն մասով, որ գործը կոծկելու միտում կա փարատվե՞լ են մեղադրական եզրակացության ներկայացումից հետո, թե՞ ավելի խորացել, նա պատասխանեց․ «Մեղադրական եզրակացության ընթերցումը չի նշանակում ամբողջական փաստերի հրապարակում, այսինքն՝ ինչ-որ ապացույցների հետազոտություն։ Մենք հիմա պիտի ապացույցներ հետազոտենք, փաստաթղթեր ուսումնասիրենք, հարցաքննենք վկաներին, և բացառված չէ, որ վկաներն այլ բան ենթադրենք ասեն դատական նիստի ընթացքում, քան ասվել է նախաքննության ընթացքում։ Միանշանակ չէ, և իմ մտահոգությունները չեն կարող փարատվել՝ միայն մեղադրողի կողմից ինչ-որ մեղադրական եզրակացություն հրապարկելով։ Մենք ուզում ենք, որ բացահայտվի այն, ինչ տեղի է ունեցել, և դա կարող է բացահայտվել միայն գործի բազմակողմանի, ամբողջական քննության արդյունքում, ինչը նախաքննության ընթացքում չի արվել։ Եվ շատ բացեր կան այս գործով։ Մենք հենց դա ենք ցանկանում ապահովել, և եթե կարիք կա ինչ-որ լրացուցիչ գործողության, որը չի կարող դատական նիստի ընթացքում ապահովվել, դա պիտի արվի, բնականաբար, նախաքննության ընթացակարգով։ Եվ չեմ կարող եղած ակնհայտ փաստերն այլ կերպ մեկնաբանել»։
Հիշեցրինք փաստաբանի այն դիտարկումը, թե տուժողների վրա բռնության հետքեր են եղել, նա այս առիթով արձագանքեց․ «Տուժողների՝ տղաների վրա բացի հրազենային վնասվածներից եղել են նաև պայքարի հետքեր։ Դա խոսում է այն մասին, որ իրենց վարկածը կեղծ է։ Այսինքն՝ այդտեղ կարելի է ասել՝ այդ հանցագործության մեջ մի քանի անձի, խմբի մասին ենք խոսում։ Հանցագործությունը կատարվել է խմբի կողմից։ Երեք զինծառայողները սպանվել են հանցավոր խմբի կողմից, թե հիմա ովքեր են, այդ ամբողջ շրջանակը պարզված չէ, ինչը նաև դժգոհության մեծ առիթ է տալիս։ Ակնհայտ է, որ չի կարող ուղղակի մեկ զինծառայող իրենց կողմից նշված հանգամանքներում մտնել տնակ մի քանի անգամ՝ իբր քնած են, մի քանի անգամ մեկին հարվածել, հրազենային վնասվածք պատճառել, հետո դեռ մյուս երկուսը քնած են, հետո էն մյուսին նորից խփել։ Պարզունակ վարկած է առաջ քաշել նախաքննական մարմինը։ Իմ գնահատմամբ՝ ցանկանալով կոծկել իրական հանգամանքները և այն անձանց շրջանակը չբացահայտել հանրության համար, որոնք իրականում այդ հանցագործությունը կատարել են։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ