Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան հարցի կարգավորման գործընթացում երկխոսությունն անհրաժեշտություն է. Ռուբեն Վարդանյան

Ապրիլ 17,2023 23:03

Արցախյան հարցի կարգավորման գործընթացում, որքան էլ բացասական էներգիայի մեծ կուտակում կա, որքան էլ, որ բարդ է երկու կողմերի համար էլ, մեզ շատ անհրաժեշտ է երկխոսությունը. այսօր, տելեգրամյան իր ալիքում, կարծիք հայտնեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ միջազգային կոնֆլիկտներից՝ Վիետնամի եւ ԱՄՆ-ի, Ռուանդայում՝ թութսիների ցեղասպանությունից օրինակներ բերելով, երբ մի քանի ամիսների ընթացքում միլիոնավոր մարդիկ են մահացել առճակատման պատճառով: Այդ ոչ դյուրին երկխոսությունը, ըստ Ռուբեն Վարդանյանի, պետք է լինի քաղաքակիրթ եւ այլընտրանք այն չի ունենալու:

Ռուբեն Վարդանյանն այսօր, ավանդույթի համաձայն, պատասխանում էր քաղաքացիների հարցերին:

Հարց էր տրված՝ «ոչ մի ետ քայլ» արտահայտության Ձեր բացատրությունը ո՞րն է: Այդ արտահայտության իր ընկալումը Ռուբեն Վարդանյանն այսպես ներկայացրեց.

«Երբ դու հասկանում ես՝ ետքայլի ճանապարհ չկա, փոխզիջման գնալ էլ հնարավոր չէ, դա այն կարմիր գիծն է, որը դու պատրաստ չես անցնել՝ ոչ մի դեպքում: Դա բարդ ընտրություն է եւ բարդ որոշում, մարդիկ հաճախ հնարավորություն ունեն խուսափել նման ընտրությունից: Բայց այն մարդիկ, ովքեր կընդունեն նման որոշում՝ մեկ կարեւոր հանգամանք պետք է հաշվի առնել՝ նրանք պատրաստ են մինչեւ վերջ կռիվ տալ եւ դա զգում է նաեւ հակառակորդը: Դա շատ հաճախ նույնիսկ առանց բարձրագոչ բառերի է տեղի ունենում. պարզապես ներսումդ այնպիսի էներգիա, ուժ ու այնպիսի ինքնավստահություն կա, որ դու կգնաս մինչեւ վերջ, որ դու այդ էներգիայով կոտրում ես ցանկացած վախ, քեզ վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձ»:

Հարցերից մեկն էլ հետեւյալն էր՝ Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անի Սփյուռքը, հենց հիմա:

Ներկայիս աշխարհում, Ռուբեն Վարդանյանը հարաբերական է համարում Սփյուռք հասկացողությունն առհասարակ, քանի որ մարդը կարող է բնակվել մի երկրում, աշխատել այլ երկրում: Իր համար կարեւորը հետեւյալն է՝ արդյո՞ք նա իրեն համարում է որեւէ ազգի ներկայացուցիչ եւ ի՞նչ է պատրաստ անել. «Կարեւորն ինքնաճանաչումն է եւ պատրաստակամությունը՝ տարբեր ծրագրեր իրականացնել, աշխատել հայրենիքի համար, որը դու քեզ համար ընտրել ես»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930