Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի սկզբանե հայտնի էր, որ 50-100 հազար մարդ էլ հավաքվի՝ Փաշինյանը հրաժարական չի տալու»․ Վազգեն Մանուկյան

Ապրիլ 17,2023 19:07

«Դուք հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուն էիք, եւ շարժման ժամանակ ձեր ելույթների պատճառով ձեր դեմ քրեական գործ հարուցեցին։ Չեք փոշմանո՞ւմ ձեր անցած ճանապարհի համար»։ Այսօր ՀՀ երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանին նման հարց հղեցին լրագրողները՝ նրա գործով դատական նիստից առաջ։

«Ափսոսում եմ, որովհետեւ այն ժամանակ պետք է կարողանայինք փոխել իշխանությունը, եւ չէր լինի այդ խեղկատակությունը՝ գնալ ընտրությունների, լեգիտիմացնել այս իշխանություններին։ Ընտրությունները կայացան, եւ ես կողք կանգնեցի, որովհետեւ սխալ էի համարում ընտրությունների գնալը։ Դա շատ կործանարար կարող էր լինել, եւ այդպես էլ եղավ։ Այդ ընտրություններով Հայաստանը շատ մեծ հարված ստացավ»,-նախ նշեց Վազգեն Մանուկյանը։

Հարցին՝ ո՞վ է մեղավոր դրանում, Վազգեն Մանուկյանը պատասխանեց․ «Չեմ կարող մեղավորներ նշել, բայց այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն ինքը հայտարարեց՝ եթե չգա համաձայնության ընդդիմության հետ խորհրդարանի, ապա չի գնա ընտրությունների։ Այսինքն, ինչ-որ իմաստով երկու կողմից ցանկություն եղել է ընտրությունների գնալու։ Բայց դրանից հետո շատ ավելի սարսափելի բաներ եղան՝ այն, ինչը կատարվում է հիմա ՀՀ-ի եւ Արցախի սահմաններին»։

Մեկ այլ հարցի՝ հիմա Փաշինյանի հեռացման ի՞նչ հնարավորություն եւ ճանապարհ եք տեսնում, Վազգեն Մանուկյանը պատասխանեց․ «Տեխնոլոգիաներ նկարագրել չեմ կարող եւ չեմ ուզում, բայց իր իշխանության երկար մնալը ՀՀ-ին տանելու է վերջնական կործանման»։

Ինչ վերաբերում է այս իրավիճակում ընդդիմության գործողություններին, Վազգեն Մանուկյանը նախընտրեց ընդդիմության քննադատությամբ չզբաղվել․ «Հիմա չեմ տեսնում գործողություններ։ Եղան ոգեւորիչ եւ մարդաշատ հանրահավաքներ, որոնք արդյունք չբերին։ Բայց ի սկզբանե հայտնի էր, որ 50-100 հազար մարդ էլ հավաքվի՝ Փաշինյանը հրաժարական չի տալու։ Իսկ այժմ չեմ տեսնում գործողություն, որ գնահատեմ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930