ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ապրիլի 17-ից մեկնարկում է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագրի նոր փուլը: Ծրագրի մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Արաքսիա Սվաջյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է մասնակից աշակերտներին՝ կարևորելով ծրագրի իրականացումը. «Այս ծրագրի շնորհիվ դուք հնարավորություն ունեք ծանոթանալու արվեստի բոլոր ճյուղերին: Շփվելով և երկխոսություն ունենալով մեծ հաջողություններ գրանցած և փորձառություն ունեցող արվեստագետների հետ՝ դուք ձեռք եք բերելու ոչ միայն հիմնարար գիտելիք, այլև արժեքային դաստիարակություն, մասնագիտական կողմնորոշման լայն հնարավորություններ»:
Նախարարը հաջողություն է մաղթել աշակերտներին և հույս հայտնել, որ ծրագրով, որը հնարավորություն է տալիս զարգացնելու տաղանդներն ու հմտությունները, կամրապնդվի ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը և շարունակություն կունենա ապագայում:
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը և Արա Խզմալյանը:
Արաքսիա Սվաջյանի գնահատմամբ՝ ծրագիրն աշխարհայացքի ընդլայնման, արժեհամակարգի ձևավորման խթան է, որը նպաստում է հայ և համաշխարհային մշակույթի նկատմամբ վերաբերմունք և մտածողություն ձևավորելուն: «Արվեստին ծանոթանալու հնարավորությունն անձի զարգացման համար մեծ նշանակություն ունի: Վաղը դուք եք դառնալու արվեստի գլուխգործոցներ ստեղծողներից մեկը և, այդպիսով, մեր մշակույթը ներկայացնողն ու հանրահռչակողը»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը:
Ծրագրի առաջին շրջափուլը մեկնարկում է Երևանից և կկայանա ապրիլի 17-ից մայիսի 5-ը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում (Black box): Առաջին շրջափուլին կմասնակցի Երևանի 100 հանրակրթական դպրոցի 900 աշակերտ: Առաջին հանդիպմանը տեղի կունենա դասախոսություն-հանդիպում ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի հետ:
Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը խորհրդանշական է համարել առաջին շրջափուլը Ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի մասնակցությամբ մեկնարկելու հանգամանքը: «Առաջին մասնագիտությամբ լինելով բանասեր՝ Ռուբեն Մաթևոսյան արվեստագետն այն լավագույն օրինակն է, որ երբեք ուշ չէ խիզախելու և նոր ճանապարհ սկսելու՝ նպաստելով տվյալ ոլորտի կայացմանն ու հաջողություններ գրանցելուն»,- ասել է Արա Խզմալյանը:
Նախագծի շրջանակում իրականացվելու են Հայաստանի 50 մշակույթի գործչի, արվեստագետի կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Ծրագրին կմասնակցի ՀՀ մարզերի և Երևանի շուրջ 3600 դպրոցական՝ 450 դպրոցից։
Նախատեսվում է իրականացնել հանդիպումներ ինտերակտիվ ձևաչափով. երեխաները հնարավորություն կունենան ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև անմիջականորեն կդիտեն տվյալ արվեստագետի ներկայացումը, համերգային կատարումը, մասնակցություն կունենան հյուրի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, արվեստի նմուշների ցուցադրմանը, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում կլինի հարցուպատասխանին նվիրված հատված, որը կնպաստի աշակերտ-արվեստագետ՝ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը:
Կարդացեք նաև
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ