«Հայելի» ակումբում անդրադառնալով ՀՀ ՄԻՊ պաշտոնը ստանձնած Անահիտ Մանասյանի՝ աշխատանքային առաջին այցը Սյունիքի մարզի Տեղ համայնք կատարելուն՝ հասարակական գործիչ Էդգար Ղազարյանն ասաց. «Երբ ես ՄԻՊ պաշտոնում առաջադրվել էի, հայտարարել էի, որ իմ առաջադրման նպատակն ընտրվելը չէր, որովհետեւ ես հասկանում էի իրողությունը: Իմ նպատակը այդ իրողությունները ջրի երես բերելն էր:
Գնացել է Տեղ գյուղ, հանդիպել միայն պետական պաշտոնյաների հետ: Նրա խնդիրը պաշտոնյաների գործողություններից մարդկանց պաշտպանելն է, բայց հանդիպել է Սյունիքի մարզպետի, Տեղ համայնքի ղեկավարի հետ, երբ Տեղ համայնքի բնակիչը սեփականության իրավունքի վկայականը ձեռքում՝ սեփականությունից զրկվել է:
Ու պարզվեց նաեւ, որ ՄԻՊ-ը բանտում հանդիպել է ադրբեջանցի մարդասպանին, այն ադրբեջանցուն, որը ներթափանցել է Հայաստանի տարածք անարգել, սպանված քաջարանցու մոտից հեռախոսը վերցրել: Քննչական կոմիտեն մարդասպանության լուրը չի հաստատում, որպեսզի նրան Հայաստանում չդատեն մարդասպանության համար եւ կարողանան հեշտ հանձնել Ադրբեջանին:
Ու Սյունիք այցելած ՄԻՊ-ը իր առջեւ խնդիր է դնում ոչ թե գնալ Արցախ, որտեղ Հայաստանի անձնագրով 120 հազար քաղաքացի գերության մեջ է, նրանց երեխաները մանկական սնունդ չունեն, այլ գնացել է ադրբեջանցի մարդասպանի սննդի, հիգիենայի պարագաների հարցերն ուսումնասիրելու: Նրա հետ նաեւ բժիշկ է եղել, որն ուսումնասիրել է ադրբեջանցու բժշկական փաստաթղթերը, որ իմանա նրա առողջական վիճակը նորմա՞լ է, թե չէ: Տիկինը ՔՊ-ի կողմից առաջադրվել եւ ՔՊ-ի կողմից ընտրվել է, որպեսզի Հայաստանում պաշտպանի ադրբեջանցի մարդասպան-դիվերսանտի՞ շահերը:
Կարդացեք նաև
Իսկ երբ զոհված զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեի մոտ ցույց են անում, ասում՝ պետություն, մեր նկատմամբ ոստիկանները ապօրինի բռնություն են գործադրել մեր երեխաների գերեզմանի մոտ, այդ մարդիկ տուժող են ճանաչվել, բայց արդեն յոթ ամիս մեղադրյալ չկա, Քննչական կոմիտեն չգիտի, թե այդ մարդիկ ում գործողություններից են տուժել, Մարդու իրավունքների պաշտպանը չի այցելել զոհված զինծառայողների ծնողներին, չի հանդիպել նրանց հետ, չի գնացել Քննչական կոմիտե: Դրա փոխարեն գնացել է այդ մարդկանց զավակներին սպանող բանակի զինվորին այցելության»:
Էդգար Ղազարյանն ասաց, որ ՄԻՊ-ի իր թեկնածության քննարկման ժամանակ հանձնաժողովի նիստում դրսեւորված խուլիգանական պահվածքի, իր հասցեին հնչեցված ֆիզիկական բռնություն կիրառելու հայտարարությունների և անձնական վիրավորանքների հատկանիշներով դատախազությունը հանցագործության մասին երեք հաղորդում է ստացել՝. «Մեկը ներկայացրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, երկրորդը՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, երրորդը ներկայացրել եմ ես: Ու մինչեւ հիմա վարույթ չի նախաձեռնվել»:
Ու նաեւ տեղեկացրեց, որ վաղը վարչական դատարան հայցադիմում է ներկայացնելու ԱԺ՝ Անահիտ Մանասյանին ՄԻՊ ընտրելու մասին որոշումը դատական կարգով չեղարկելու պահանջով, քանի որ միանգամից հինգ բաղադրիչներով ապօրինի որոշում է կայացվել:
1.Որոշումը կայացվել է ՄԻՊ-ի մասին սահմանադրական օրենքի սահմանված ժամկետները խախտելով:
2.Ընտրվել է տվյալ պաշտոնին սահմանադրությամբ չհամապատասխանող թեկնածու:
3.Ընտրվել է գլխավոր դատախազի տեղակալ, որը դատախազության մասին օրենքի համաձայն իրավունք չուներ պետական մարմնի ընտրություններին մասնակցել որպես թեկնածու:
4.Հանձնաժողովի նիստը տապալվել է, գործընթացը եղել է ապօրինի եւ ես որպես թեկնածու հնարավորություն չեմ ունեցել իմ ծրագիրը ներկայացնել, ելույթ ունենալ, պատասխանել պատգամավորների հարցերին, այսինքն, նիստը տապալվել է, որը պաշտոնապես արձանագրել է հանձնաժողովի նախագահը:
5.Փակ-գաղտնի քվեարկության փոխարեն եղել է, ըստ էության, բաց քվեարկություն, որովհետեւ քվեարկությանը մասնակցել են միայն ՔՊ խմբակցության պատգամավորները: 69 մարդ մասնակցել է ու 69-ն էլ կողմ է եղել: Այսինքն, թե ովքեր են մասնակցել, արձանագրված է ու քվեարկության արդյունքը, թե ով ինչպես է քվեարկել, գաղտնի չէ: Բոլորն էլ կողմ են եղել: Չեն հասկանում, որ երբ միաձայն են քվեարկում, այդ գաղտնի քվեարկությունը դառնում է անվանական քվեարկություն: Նրանք խեղճ դատարանին որոշումը չեղարկելուց բացի՝ այլ բան որոշելու տեղ չեն թողել»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ