Պատերազմում զոհված զինծառայողների ծնողների մի մասն օրերս մեկնել էր Սյունիք: Նրանց թվում էր 44-օրյա պատերազմում անմահացած Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:
«Մեր այցի հիմնական նպատակը Կապան այցելելն էր: Կապանը Սյունիքի սիրտն է, այսօր աչքի առաջ ունենալով Սյունիքի շուրջ ծավալված իրադարձությունները եւ Փաշինյանի մտադրությունները՝ կարեւոր էինք համարում այնտեղ լինելը»,- «Հայելի» ակումբում նշեց Նաիրա Մելիքյանը: Նրա խոսքով՝ Կապանը եվրոպական քաղաքի տպավորություն է թողնում, քաղաքը սերտաճած է բնության հետ, 44 հազար բնակչություն կա:
«Տպավորությունները ճանապարհի մասով շատ տխուր են: Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի 21 կիլոմետրը զիջելուց հետո ամբողջ բեռնափոխադրումները իրականացվում են Տաթեւի վանքի ճանապարհով, որը երբեւէ նախատեսված չի եղել նման բանի համար, ճանապարհի մեծ մասում ոլորապտույտներ են, ասֆալտի որակը՝ խայտառակ: Ճանապարհին անգամ սեւ հումոր էինք անում. որտեղ լավ ասֆալտապատած էր, ասում էինք՝ սա հանձնելու են թշնամուն, որտեղ կարկատաններ եւ փոսեր էին, ասում էինք, ուրեմն այս հատվածում կարող ենք հանգիստ լինել, եթե ասֆալտ չկա, չեն հանձնելու»,- տպավորությունները ներկայացրեց Նաիրա Մելիքյանը:
«Մտնում ես Կապան, օդանավակայանի թիկունքում, լանջի վրա փողփողում է ադրբեջանական դրոշը, այսինքն՝ այդ հատվածն էլ են հանձնել թուրքին, Փաշինյանը իր ադրբեջանցի եղբոր հետ միասին իրականացնում է դեմարկացիա: Բոլոր իրենց սրտի ուզած տարածքները թշնամիները գնում-զավթում են, ամրակայվում:
Կարդացեք նաև
Ուզում էի խնդրել այն տղային (Արամ Նիկոլյանին-Գ.Հ.) , որ Երեւանում հերոսաբար այրեց Ադրբեջանի դրոշը, քանի որ այդքան համարձակ է, թող գնա Կապան, փորձի այրել Կապանի օդանավակայանի հարեւանությամբ ծփացող ադրբեջանական դրոշը, այ դա կլիներ իրական գործ:
Եվ ոչ միայն իր դեպքում, այլ ընդհանրապես այսպես կոչված հայ տղամարդկանց մասին է խոսքը: Իսկական հայ տղամարդու տեսակը վերացել է, այսօր այլեւս Հայաստանում տաբատ հագնողները տղամարդ չեն, իրական տղամարդիկ մեր տղաներն էին, որ գնացին ու իրենց կյանքը տվեցին այս երկրի համար, իսկ այն, ինչ մնացել է հայ տղամարդկանցից, ընդամենը պոպուլիստական փոքրիկ ճառեր ասողներ են»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ