Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը պահանջեց Վազգեն Մանուկյանին դատապարտել տուգանքի` 500 հազար դրամի չափով

Ապրիլ 17,2023 16:50

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր ՀՀ նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստն էր, որի ընթացքում մեղադրող-դատախազ Արմեն Գեւորգյանն ընթերցեց մեղադրական ճառը։ Ասաց, որ պնդում է մեղադրանքը, եւ որ այն հիմնավոր է, փաստարկված։

Դատախազը մեջբերեց 2020թ․-ի դեկտեմբերին եւ փետրվարին «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի երկու ելույթներն ամբողջությամբ։ Հիշեցնենք, որ այդ ելույթներից մեկում Վազգեն Մանուկյանն, ի թիվս այլ կոչերի, ասել էր․ «Ցանկացած պահ, դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»:

Դատախազն ընթերցեց նաեւ «պլան Բ»-ի մասին Վազգեն Մանուկյանի խոսքերը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Վազգեն Մանուկյանը, հանրության առաջ կատարելով պատգամավորների, բարձրաստիճան ոստիկանների տեղաշարժը սահմանափակելու, բանակին ուղղված ընդվզելու հայտարարություններ՝ կատարել է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։

Դատախազ Արմեն Գեւորգյանը համոզմունք հայտնեց, որ մեղադրանքը հիմնավորված է գործի նյութերում առկա` Վազգեն Մանուկյանի ելույթների տեսագրություններով, նրա ելույթների վերաբերյալ համախոհ քաղաքացիների արձագանքներով։ Նա մեջբերեց ապացույց հանդիսացող այդ բոլոր ելույթների տեսագրությունների սղագրությունները, ինչպես նաեւ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի գրառումը Վազգեն Մանուկյանի ասած «պլան Բ»-ի մասին։

Ղարամյանի 2021թ.-ի գրառումը հետեւյալն է. «Հայրենիքի փրկության շարժման մասնակից ուժերի հարգարժա՛ն առաջնորդներ և ղեկավարներ։
Կարծում եմ՝ ձեր շարժման անվանմանը համապատասխան ունեք հայրենիքի փրկության պլան (ըստ փետրվարի 20-ի հանրահավաքում Վազգեն Մանուկյանի ունեցած ելույթի): Առաջարկում եմ, ելնելով հայրենիքի համար ստեղծված օրհասական իրավիճակից, գործողության մեջ դնել պլան Բ-ն»։

Արմեն Գեւորգյանը կարծիք հայտնեց, որ թեեւ Վազգեն Մանուկյանը բռնությունը հերքում է, բայց դա իր կողմից քողարկման միջոց է, եւ իր ելույթներն ու կոչերը հակառակն են ասում։ Դատախազը մեջբերեց Մանուկյանի ճեպազրույցն Արարատի մարզում լրագրողների հետ, որում նա ասել է` «դրա տակ հասկանում եմ շենքեր գրավելը եւ զոռով իշխանություն փոխելը` առանց ֆիզիկական բռնության»:

Դատախազը հարցադրում արեց. «Թեեւ Վազգեն Մանուկյանն ասում է, թե առանց ֆիզիկական բռնության, բայց առանց բռնության ինչպե՞ս է հնարավոր շենքեր գրավելը»: Ապա Արմեն Գեւորգյանն ընթերցեց «զավթել», «գրավել», «ապստամբություն» բառերի ստուգաբանությունն ըստ Աճառյանի բառարանի։

Ավարտելով մեղադրական ճառը` դատախազը պահանջեց Վազգեն Մանուկյանին դատապարտել տուգանքի` 500 հազար դրամի չափով։ Նա նշեց, որ պատիժը մեղմացնող հանգամանք է այն փաստը, որ Վազգեն Մանուկյանը եղել է ՀՀ 3-րդ հանրապետության նախկին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար, զբաղվում է գիտությամբ։

 

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930