Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ապագան կախված է մեզնից, աշխատել է պետք». Ստեփան Դեմիրճյան

Ապրիլ 17,2023 16:31

«Հոկտեմբերի 27-ը» պետության և ժողովրդի դեմ կատարված ծանրագույն հանցագործություն էր և, անշուշտ, միանգամայն այլ իրավիճակ կլիներ մեր երկրում, եթե չլիներ «հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի որդին՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը։

Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է, 91-ամյակը. այդ առիթով նրա հարազատները, ընտանիքի անդամները, ընկերները այցելել էին Կարեն Դեմիրճյանի շիրիմին:

«Ժողովուրդը մեծ հույսեր էր կապում «Միասնություն» դաշինքի հետ, արդեն հավատ կար վաղվա օրվա նկատմամբ, սակայն այդ հույսն ու հավատը գնդակահարվեցին հոկտեմբերի 27-ին։ Ես չեմ ուզում այդ դաշինքը համեմատել այլ ժամանակների այլ ուժերի հետ, բայց այդ դաշինքի հետ ժողովուրդը հույսեր էր կապում և այն ի վիճակի էր իրականացնել անհրաժեշտ փոփոխություններ»,- երկու տասնամյակի վաղեմության իրադարձություններն է հիշում Ստեփան Դեմիրճյանը։ Իսկ ներկայիս իրավիճակին վերաբերող հարցերին էլ պատասխանում է. «Հայաստանի ապագան կախված է մեզնից, աշխատել է պետք»։

Գործող իշխանության հռչակած՝ «Ապագա կա» կարգախոսի ներքո հանձնվող հայրենիքի տարածքների մասին հարցին էլ պատասխանում է. «Ապագան կանխագուշակելու ամենաճիշտ ձևն ապագան ստեղծելն է»։

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ՝ թե ի վերջո, ե՞րբ է տեղադրվելու Կարեն Դեմիրճյանի արձանը: «Ինձ էլ է հետաքրքրում, թե ե՞րբ է վերջապես տեղադրվելու Կարեն Դեմիրճյանի արձանը։ Այս հարցը պետք է ուղղել քաղաքապետարանին։ Սկզբից ասում էին՝ 2022թ․ դեկտեմբերին, հետո խոսում էին արդեն այսօրվա մասին, այսօր ասում են ամենաուշը մինչև սեպտեմբեր. տեսնենք։ Հուսով ենք, որ այս անգամ խոստումը կպահեն»։

Հայաստանի նորագույն պատմության մեջ Կարեն Դեմիրճյանի գործունեությունը բացառիկ կարեւոր է համարում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը եւ ոչ միայն անկախ Հայաստանում նրա քաղաքական գործունեությամբ պայմանավորված, այլ նաեւ խորհրդային կարգերի ժամանակ, քանի որ այդ շրջանում ղեկավարելով Հայաստանը՝ նա հաջողել է բավական մեծ եւ ռազմավարական նշանակության աշխատանք կատարել Հայաստանի հանրապետության համար, որի արդյունքները մինչ օրս կան. դա վերաբերվում է թե տնտեսության զարգացմանը, թե հատկապես հայապահպանմանն ուղղված աշխատանքներին, քանի որ խորհրդային կարգերի բարդ շրջանում Կարեն Դեմիրճյանը կարողացավ հայկական մշակույթը եւ հայոց լեզուն հասցնել բարձրագույն մակարդակի վրա:

Իսկ 1998-ին, Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի կազմած «Միասնություն» դաշինքը, Մեսրոպ Առաքելյանի համոզմամբ, էականորեն փոխելու էր Հայաստանի զարգացման ուղեգիծը եւ դաշինքի մի քանի ամսվա գոյությունն արդեն իսկ ցույց էր տալիս՝ Հայաստանի առջեւ առկա մարտահրավերները միանգամայն այլ լուծում էին ստանալու: Մեսրոպ Առաքելյանը ցավով է արձանագրում, որ «հոկտեմբերի 27-ի» ողբերգությունն իր ծանր հետեւանքները մոտ երկու տասնամյակ թողեց, քանի որ այդ շրջանում, թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական առումներով մենք լուրջ խնդիրների բախվեցինք: Նրա կարծիքով, իր սերունդը այս ամենից առնվազն դասեր պետք է քաղի եւ քաղաքական այն համակարգն ու պետական միտքը, որը ներդրված էր Հայաստանում Կարեն Դեմիրճյանի կողմից, առնվազն օրինակ պետք է լինի:

Իսկ «հոկտեմբերի 27-ի» ողբերգությունն, ըստ Մեսրոպ Առաքելյանի, բացահայտված չէ եւ եթե մինչեւ 2018-ը չբացահայտման պատճառ բերվում էր օրվա իշխանությունը, ապա 2018-ից հետո, նա ցավով է արձանագրում, որ այդ ուղղությամբ տեղաշարժեր չեղան, քանի որ քաղաքական կամքի առկայությունը պետք է իրավական գործընթացի համար ապահովեր անհրաժեշտ ուղի: Նույնը՝ «մարտի 1-ի» առնչությամբ է ասում:

Իր գնահատմամբ, խնդիրը կատարողների բացահայտումը չէր, քանի որ սա քաղաքական հանցագործություն էր. այդ օրը գլխատվեց հայոց պետականության ղեկավարների խումբը ու դրա քաղաքական հիմքը եւ գնահատականը՝ բացահայտումից հետո, կարեւոր էր լինելու պետականության հետագա զարգացման հարցում: Նա ձեռնպահ է մնում գնահատականներ հնչեցնել «հոկտեմբերի 27-ի» կազմակերպիչների առթիվ, բայց նկատում է, որ մտահոգությունները, որ դա այլ երկրի «ձեռքի գործն էր», մինչ օրս շարունակում են մնալ հանրության շրջանում ու նաեւ այս իմաստով է կարեւորում ողբերգության ամբողջական բացահայտումը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930