Լրահոս
Օրվա լրահոսը

«Զորակոչի ենթակա անձը ԱՆ հիվանդությունների ցանկում է, ու չի կարող քաղաքացիական զենք ձեռք բերել․ աբսուրդ է»․ Տարոն Բաղդասարյան

Ապրիլ 17,2023 16:22

Առողջապահության նախարարության «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» որոշման վերանայման առաջարկը քննադատությունների տեղիք է տվել։ Նախարարությունը սահմանած հիվանդությունների ցանկն, ըստ ոլորտում մասնագիտացված ՀԿ-ների ներկայացուցիչների, անհիմն է եւ անհեթեթ։

«Ագրեսիվ հակառակորդով շրջապատված մեր երկրում, նաեւ հաշվի առնելով Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, սպասում էինք, որ այդ ցանցը կլիներ ավելի լիբերալ, կլիներ հոգեկան հիվանդություններ եւ թմրամոլություն ու վերջ։ Այս ցանկով ստացվում է՝ եթե մարդը բրոնխիալ ասթմա ունի, ուրեմն ինքը իրավունք չունի՞ ինքնապաշտպանվելու եւ իր երեխաներին պաշտպանելու։ Կամ սրտանոթային խնդիրներով․․․ իմ զավակը սրտի խնդրով գնաց բանակ, սպա էր, հիմա ինքը իրավունք չի՞ ունենա քաղաքացիական զենք կրել։ Կամ ասենք մարդն այրվածքներ ունի։ Մեկ-մեկ ինձ թվում է՝ մեր որոշ քաղաքացիներ կտրված են իրականությունից, իրենց թվում է՝ իրենք ապրում են Վացլավ Հավելի Չեխիայում՝ Սլովակիայի եւ Չեխիայի խաղաղ բաժանվելու պրոցեսի մեջ է»,-այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «ՈՄԱ» («Ողջ մնալու արվեստ») լեռնահրաձգային գումարտակի հրամանատար, առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր Վովա Վարդանովը։

Քննարկման մեկ այլ բանախոս՝ Անվտանգային եւ ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման խորհրդի նախագահ Նարեկ Ներսիսյանն էլ ասաց․ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի հիմնավորման մեջ ինքնապաշտպանության գործոնը առաջին տեղերում էր, ենթաօրենսդրական ակտեր ընդունող կառույցները պետք է անդրադառնան հիմնավորմանն ու առաջնորդվեն ռազմավարությամբ»։ Նա հետաքրքրվել է ու պարզել՝ նախարարության՝ այս ցանկի մասին որոշման նախագիծը անակնկալ է եղել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի համար, նրանց հետ քննարկում տեղի չի ունեցել։

«Պատկերացրեք՝ սահմանափակ գործունակության կամ սահմանափակ աշխատունակ անձինք․․․ գիտեմ մարդկանց, որոնք հատուկ նշանակության զորքերում են ծառայել, ունեն, ասենք, վերջույթների վնասվածքներ, անդամահատություն, մատների ինչ-որ մասը չկա, բայց այսօր տանում են զորահավաքի՝ որպես հատուկ ստորաբաժանման սպա։ Հետ են գալիս ու ցանկություն ունեն քաղաքացիական զենք ձեռք բերել։ Կառավարության որոշման հիման հիմա նրանք չեն կարող ձեռք բերել։ Աբսուրդ է։ Ցանկը վերանայման կարիք ունի»,-ասաց Ներսիսյանը։

«Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, փաստաբան Տարոն Բաղդասարյանի կարծիքով էլ՝ առողջապահության նախարարությունն անիմաստ քաղաքականացրեց այս հարցը․ «Այս ամբողջ խառնաշփոթը նախարարության լրատվական բաժնի թերի աշխատանքի հետեւանքն է, որովհետեւ հրապարակվեց 7 կետից բաղկացած ցանկ, որի տակ ամեն ինչ կարելի էր հասկանալ։ Ազատազէնը ուսումնասիրեց այդ որոշումը, առանձնացրեց այդ հիվանդությունները, այսինքն՝ վերնագրերի տակ եղած բովանդակությունը եւ տարածեց, որպեսզի հասարակության մոտ մի քիչ այդ խառնաշփոթը վերացվի, ինչը պետք է պետական մարմինն աներ»։ Ըստ բանախոսի՝ այս ՀԿ-ն նույնպես որեւէ քննարկման չի մասնակցել։

«Եթե անձն այս ցանկի հիվանդություններից մեկն ունի, վերջինս ենթակա է զորակոչի, հավաքներ են լինում, կանչում են։ Աբսուրդ է ստացվում։ Մարդն ամբողջ կյանքում ծառայել է զինված ուժերում, գնդապետ է, էլի շարունակում է ծառայել, մատների խնդիր ունի, վնասվածք է ստացել, բայց հաստատ, երբ անհրաժեշտ լինի՝ նրան ասելու են՝ արի, որովհետեւ հնարավորություն ունի իր առջեւ դրված խնդիրը լիարժեք կատարելու։ Հիմա այստեղ մի կետ կա՝ եթե մատ չկա, վերջինս ցանկում է ու հնարավորություն չունի զենք ձեռք բերելու»,-ասաց Բաղդասարյանը։

Նրա դիտարկմամբ՝ քաղաքացիական զենք ձեռք բերելու համար քննություն հանձնելու կարգ է սահմանվելու, ուրեմն՝ միգուցե ցանկը վերանայվի եւ նշված անձինք քննություն հանձնեն․ «Եթե հանձնում է նորմալ, ինչո՞ւ արգելել քաղաքացիական զենք կրել։ Պետք է հիմք ընդունել անձի զենքի տիրապետումը, բայց բացառիկ դեպքերում։ Թմրամոլության հետ կապված՝ նշված է՝ հոգեկան խանգարումներ կամ վարքի խանգարումներ կապված հոգեակտիվ նյութերի գործածման հետ։ Այսինքն, եթե հոգեկան խանգարում չունի, բայց հոգեակտիվ նյութ է օգտագործում, դա նորմա՞լ է, որ իրեն զենք տանք»։

Նախարարության առաջարկով՝ զենք ձեռք բերելու, կրելու եւ օգտագործելու իրավունք չեն ստանում նրանք, ում մոտ առկա է`

1.հոգեկան խանգարումների տեսակներ

2.նյարդային համակարգի հիվանդություններ

3.վնասվածքների հետևանքներ

4.վիրաբուժական մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ մաշկի հետայրվածքային, հետվնասվածքային, հետվիրահատական տարածուն սպիներ` վերին վերջույթի շարժումները զգալի չափով սահմանափակող,

5.ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ

6.զարգացման արատներ

7.վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների զգալի խանգարմամբ, ինչպես նաև ապրելակերպի հետ կապված խնդիրներ։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930