Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսելով Արցախին եւ Հայաստանին սպառնացող նոր վտանգների մասին՝ ժամանակագրականորեն նկարագրեց Սյունիքի Տեղ գյուղի մատույցներում կատարված իրադարձությունները եւ շարունակեց. «Իսկ հինգշաբթի օրը կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի զինված ուժերը պատրաստ են մեկ կիլոմետրի չափ դեպի Հայաստանի խորք նահանջել: Այսինքն, հիմիկվա մեր զբաղեցրած բնագծերից, որտեղ մենք ունենք կահավորված բնագիծ՝ սահմանագիծ, խրամատներ, ինժեներական կառույցներ, զինվորականների, տեխնիկայի քողարկման միջոցներ, տարածքներ եւ այլն, պետք է հանգիստ թողնել հակառակորդին ու մեկ կիլոմետր խորանալ դեպի Հայաստանի տարածքից ներս:
Ես Վայոց Ձորի մարզպետ եմ եղել եւ շատ լավ եմ պատկերացնում, թե ինչ է նշանակում, ասենք, Վայոց Ձորում, սահմանային գոտում մեկ կիլոմետր խորք ասվածը: Դա նշանակում է Խաչիկ , Խնձորուտ, Բարձրունի ու այլ գյուղերը հանձնել ադրբեջանցիներին, որովհետեւ մեր դիրքերը գտնվում են այդ բնակավայրերի անմիջական հարեւանությամբ:
Հիմա եթե պիտի մեր զինուժը Խաչիկ գյուղի դիրքերից մեկ կմ նահանջի, նշանակում է՝ հայտնվելու է գյուղից այս կողմ: Գյուղը թողնվում է թշնամուն: Նույնը՝ Խնձորուտում եւ նշածս մյուս գյուղերում: Ու դա միայն Վայոց Ձորում:
Կամ ի՞նչ է նշանակում 1991 թվականի սահմաններ: Նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ասում էր, որ Ադրբեջանի հետ սահմանազատման, սահմանանշման հարցերի հանձնաժողովը ուսումնասիրելու է տարբեր ժամանակաշրջանների քարտեզները, որ կայացվել են բազմաթիվ որոշումներ, որ սահմանի անընդհատ փոփոխություն է եղել Հայաստանում 1920 թ. խորհրդային կարգեր հաստատելուց սկսած, մինչեւ 1991 թվական: Ասում էր, թե պետք է քննարկեն, տեսնեն, թե այդ որոշումները ինչքան են իրավաչափ: Որոշում կա, որ գյուղսովետն է կայացրել, որոշում կա՝ քաղկոմը, կենտկոմը: Այդ հարցերը պետք է քննարկվեին: Հիմա մեկ էլ որոշում է այդ ամենը դնել մի կողմ ու խոսում է 1991 թվականի քարտեզների մասին: Ինչի՞ 1991 թվականի, որովհետեւ ադրբեջանցիները սրանց շատ շուտվանից ասում են, որ այսպես կոչված անկլավները պետք է հանձնեն: Իսկ, այսպես կոչված, անկլավները 1991 թվականի իրողություններ են»:
Կարդացեք նաև
Էդգար Ղազարյանը հանգամանալից բացատրեց, որ խորհրդային տարիներին բոլորը մի մեծ պետության մեջ էին եւ միեւնույն էր, թե հողատարածքները վարչական առումով հայերի՞, թե ադրբեջանցիների վերահսկողության ներքո էին: «Դա ի՞նչ կապ ունի պետության տարածքի, սահմանի հետ, ո՞նց կարող է մի պետության տարածքում մի ուրիշ պետություն կղզյակներ ունենալ, որոնք ցամաքային որեւէ կապ չունեն իր հետ: Նման բան չի կարող լինել: Սակայն սա այս անհեթեթ թեզն առաջ է մղում՝ թշնամու շահերը սպասարկելու նպատակով, որովհետեւ ինքը ադրբեջանա-թուրքական հեղափոխության հետեւանքով է հայտնվել իշխանության ղեկին»,-ասաց հասարակական գործիչը ու ավելացրեց, որ այսօրվա իշխանության մեկ օր ավելի մնալը երկրի ղեկին այս պահի դրությամբ Սյունիքը, Վայոց Ձորը, Գեղարքունիքը, Տավուշը կորցնելու իրական վտանգ է, որից հետո հերթը Երեւանինն է լինելու: «Մեզ հիմա պետք է շատ կարճ ժամանակում մեր ուժերը համախմբել եւ իրականացնել մի հայկական՝ հայաստանա-արցախյան հեղափոխություն՝ այս ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը ջախջախելու համար»,-հայտարարեց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ