Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին պրոռեկտորն ու 25 տարվա աշխատողը կպայքարեն թատերականի ռեկտորի պաշտոնի համար

Ապրիլ 17,2023 15:39

Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում ապրիլի 20-ին կկայանա ռեկտորի ընտրություն, որը տարբեր պատճառներով ձգձգվում էր: Ձգձգվելու պատճառներից մեկն էլ այն էր, որ փետրվարի վերջին կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարական էր տվել ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանը՝ ասելով, որ իր նախագահության ընթացքում չի կարողացել պարզել, թե ով է կառավարման խորհրդի նախագահը, իրեն չի տրվել թուղթ, որի վրա գրված լինեին իր պարտականություններն ու իրավունքները։

Այդ պաշտոնին հավակնում են երկու թեկնածու՝ Սառա Նալբանդյանը եւ Հասմիկ Իսրայելյանը:

Քանի որ Aravot.am-ը խոսել էր Սառա Նալբանդյանի հետ, որոշեցինք թեմայի վերաբերյալ զրուցել նաեւ մյուս թեկնածուի՝ Հասմիկ Իսրայելյանի (լուսանկարում) հետ:

Հարցրինք, թե ինչպես է գնահատում ընտրվելու իր շանսերը: «Չգիտեմ, հավատում եմ իմ բուհին… Մեծ ծրագրեր ունեմ եւ, ի վերջո, 25 տարի է՝ այստեղ եմ աշխատում»,-ասաց Հասմիկ Իսրայելյանը:

Փորձեցինք պարզել բուհի զարգացման նրա տեսլականը:

«Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը, հավատարիմ իր առաքելությանը, միշտ ձգտելու է բարեփոխել կրթամշակութային, ազատության իր ուղեգծումները, որոնք պետք է առանցքային նշանակություն ունենան երկրի մշակութային կյանքում: Արագ ու համարժեք պիտի արձագանքենք հասարակության փոփոխվող կարիքներին, աշխատաշուկայի պահանջարկին:

Պետք է մտածենք ուսանողակենտրոն միջավայրի զարգացման ուղղությամբ, ապահովենք մասնագիտական կրթական ծրագրերի մրցունակությունը՝ բոլոր արտաքին մարտահրավերներին ընդառաջ…Պետք է լինի արդյունավետ կառավարում, բարձրորակ մարդկային ռեսուրսների ապահովում, որպեսզի կարողանանք պահպանել կառույցի ֆինանսական կայունությունը, աշխատանքներ տանենք տարբեր դրամաշնորհային ծրագրերին դիմելու ուղղությամբ, ընդլայնենք միջազգային կապերը՝ ուսանողների եւ դասախոսների շարժունության հնարավորությունը ապահովելու համար»,-ասաց մեր զրուցակիցը:

Հասմիկ Իսրայելյանը հավելեց, որ 25 տարի է թատերականում է աշխատում եւ որակի ապահովման կենտրոնն է ղեկավարել, հիմա էլ ուսումնական մասն է ղեկավարում, ուստի իր ծրագիրը ավելի քան իրատեսական է համարում. «Խորությամբ եւ բազմակողմանիորեն ծանոթ եմ բուհի խնդիրներին, ինչը հնարավորություն է տալիս ավելի իրատեսական ծրագիր ներկայացնելու»:

Ինչ վերաբերվում է Սառա Նալբանդյանին, նա էլ Aravot.am-ին ասել էր, որ լավ գիտի բուհը, քանի որ 3 տարի եղել է թատերականի պրոռեկտորը, նաեւ մասնագիտության բերումով գրեթե բոլորի հետ գործ է ունենում, ուստի վստահ է, որ իր հանդեպ պետք է որ վատ վերաբերմունք չլինի՝ թե ուսանողների, թե դասախոսական կազմի կողմից։

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930