Ապրիլի 14-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (ՄՄՀՊԻ), որտեղ ապրիլի 10-ից 14-ն անցկացվել է «Հայաստանի շաբաթը» ծրագիրը։
Այցելության շրջանակում ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ՄՄՀՊԻ-ի երիտասարդական քաղաքականության, սոցիալական աշխատանքի և միջազգային կապերի գծով պրոռեկտոր Ստանիսլավ Սուրովցևի հետ։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք հարցերի, այդ թվում՝ հայաստանյան բուհերի և ՄՄՀՊԻ-ի միջև համագործակցության զարգացմանը, ինչպես նաև մտքեր են փոխանակել դիվ․ ներկայացուցչության և բուհի միջև երիտասարդական քաղաքականության ոլորտում կապերի ամրապնդման վերաբերյալ։
Վ․Հարությունյանն ելույթ է ունեցել նաև «Հայաստանի շաբաթը» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը։ Իր խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպանն ընդգծել է ճանաչողական և մշակութային ուղղվածությամբ համանման նախաձեռնությունների իրականացման կարևորությունը, ինչպես նաև անդրադարձել հայ-ռուսական մշակութային և հասարակական կապերի ամրապնդման գործում երիտասարդության դերին։
Կարդացեք նաև
Դեսպան Վ․Հարությունյանը հայտնել է նաև պատրաստակամություն հետագայում ևս նպաստել դեսպանության և ռուսաստանյան բուհերի հայկական միությունների հետ համագործակցության զարգացմանը։
Միջոցառումը շարունակվել է համերգային ծրագրով, որի շրջանակում ելույթներով հանդես են եկել ՄՄՀՊԻ-ի և այլ բուհերի հայ ուսանողները։
«Հայաստանի շաբաթը» ծրագիրը՝ կազմակերպված ՄՄՀՊԻ-ի հայկական ուսանողական միության կողմից, մեկնարկել էր ապրիլի 10-ին։ Նախաձեռնության շրջանակում կայացել են ցուցահանդեսներ, վարպետության դասընթացներ, թեմատիկ դասախոսություններ և այլ միջոցառումներ։
ՌԴ-ում ՀՀ դեսպանություն