Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում աճում է Ռուսաստանի դեմ զայրույթը. France 24

Ապրիլ 17,2023 13:34

Կանգնած Երևանի Օպերայի մոտ` կանաչ սոսիներով շրջապատված բանուկ փողոցում, Արթուր Սարգսյանն ասում է, որ Ռուսաստանը անհուսալի գործընկեր է, և Հայաստանը պետք է դաշնակիցներ փնտրի այլուր:

«Ես երազում եմ, որ կգա մի օր, երբ Հայաստանը դուրս կգա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) և Ռուսաստանի ազդեցության գոտուց»,- ասում է 26-ամյա բանասեր Սարգսյանը՝ անդրադառնալով Մոսկվայի գլխավորած տարածաշրջանային պայմանագրին։

«Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը չեն օգնել Հայաստանին շատ դժվար ժամանակաշրջանում», – ասում է նա ՝ նկատի ունենալով անվտանգության բլոկի անգործությունը ոխերիմ թշնամի Ադրբեջանի հետ ռազմական գործողությունների պայմաններում։

2022թ. փետրվարին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ցնցեց նախկին խորհրդային երկրներին՝ ստիպելով Մոսկվայի ավանդական գործընկերներին դաշնակիցներ փնտրել այլ տեղերում, գրում է ֆրանսիական France 24-ն իր կայքում:

Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցության նվազման գլխավոր օրինակը Հայաստանն է, որը մինչ այժմ Մոսկվայի ամենամոտ դաշնակիցներից մեկն էր:

1991թ. Խորհրդային Միության փլուզումից ի վեր, մոտ երեք միլիոն բնակչություն ունեցող կովկասյան փոքրիկ այս երկիրը իր ռազմական և տնտեսական աջակցության հարցում ապավինում է Ռուսաստանին: Երկրում տեղակայված է ռուսական ռազմաբազա, շատերը խոսում են ռուսերեն:

Սակայն այժմ Հայաստանում մարդիկ ասում են, որ չեն կարող ներել Մոսկվային Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի դեմ իրենց երկիրը ռազմական ճանապարհով պաշտպանելու պատասխանատվությունից խուսափելու համար:

Կովկասյան երկու երկրները երկու պատերազմ են մղել Լեռնային Ղարաբաղի վիճելի անկլավը վերահսկելու համար, իսկ 2020թ. վերջին հակամարտությունը հանգեցրեց Հայաստանի պարտությանը և տարիներ շարունակ վերահսկվող տարածքների կորստին, հիշեցնում է հոդվածագիրը:

Ուկրաինայում ճահճացած Մոսկվայի նկատմամբ հիասթափությունն ավելի աճեց այն բանից հետո, երբ դեկտեմբերի կեսերին Ադրբեջանը արգելափակեց Ղարաբաղի և Հայաստանի միջև միակ ցամաքային կապը:

«Հայաստանը փոքր երկիր է, և պետք է միանա արևմտյան դաշինքին, մի դաշինքի, որտեղ իրական օգնություն կստանա»,- ասում է մեկ այլ երևանցի՝ Արփինե Մադարյանը։

«Մենք պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից, նրանք մեզ չեն օգնում, նրանք մեր ընկերները չեն»,- հավելում է անգլերենի 42-ամյա մի ուսուցիչ։

 

«Վստահությունը՝ պատմական ցածր մակարդակի վրա»

 

2020թ. աշնանը հազարավոր կյանքեր խլած վեց շաբաթ տևած մարտերի ընթացքում Թուրքիան դիվանագիտորեն և ռազմական առումով աջակցեց Ադրբեջանին, մինչդեռ Հայաստանը մենակ մնաց շատ ավելի հզոր թշնամու դեմ:

Կրեմլը միջամտեց միայն դիվանագիտորեն. նախագահ Վլադիմիր Պուտինը միջնորդեց հրադադարի համաձայնագիրը, որի համաձայն Երևանը զիջեց տարածքներ, որոնք վերահսկում էր տասնամյակներ շարունակ, իսկ Ռուսաստանը խաղաղապահներ տեղակայեց՝ վերահսկելու փխրուն զինադադարը:

Հայաստանում գործարքը դիտվեց որպես ազգային նվաստացում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն բողոքել է Պուտինին Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետ կապված «խնդիրների» մասին և դիմել միջազգային հանրությանը, որպեսզի օգնեն կանխել «ցեղասպանությունը» Ադրբեջանից անջատված տարածաշրջանում։

Հունվարին Հայաստանը չեղարկեց ՀԱՊԿ զորավարժությունները հյուրընկալելու ծրագրերը, սակայն մինչ այժմ հրաժարվում է դուրս գալ պայմանագրից:

Ուկրաինական պատերազմի պատճառով Պուտինին ձերբակալելու միջազգային օրդերն ավելացրել է Մոսկվայի և Երևանի միջև լարվածությունը:

Ռուսաստանը զգուշացրել է Հայաստանին չվավերացնել Միջազգային քրեական դատարանի հիմնադիր պայմանագիրը, որի անդամները պետք է ձերբակալեն Պուտինին, եթե նա ոտք դնի իրենց տարածք:

Մոսկվայի՝ Ուկրաինա ներխուժումից և հարյուր հազարավոր տղամարդկանց ռազմական զորահավաքից հետո Հայաստանում տասնյակ հազարավոր ռուսների հոսք է սկսվել:

Բայց մինչ շարքային ռուսներին երկրում ողջունում են, Մոսկվայի էլիտաների դեմ տրամադրվածությունը շոշափելիորեն փոխվում է:

«Ռուսաստանի նկատմամբ վստահությունը Հայաստանում պատմական նվազագույնի վրա է,- ասում է քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը։- Ռուսներից հիասթափությունն այնքան խորն է, որ ժամանակի ընթացքում կարող է հակառուսական տրամադրություններ բորբոքել»:

 

«Պրագմատիկ նկատառումներ»

 

Սակայն Հայաստանի ապագա հետագիծը հայտնի չէ, և շատ վերլուծաբաններ ասում են, որ փոքր երկիրը չի կարող իրեն թույլ տալ դուրս գալ ՀԱՊԿ-ից:

Ղարաբաղի՝ մեծամասնությամբ հայկական տարածաշրջանում շատերը հակասական զգացումներ են արտահայտում ռուս խաղաղապահների նկատմամբ, որոնք դեռ համարվում են Ադրբեջանի դեմ միակ պաշտպանող ուժը, շարունակում է հոդվածագիրը:

«Ռուս խաղաղապահները զսպում են ադրբեջանցիներին, ովքեր ցանկանում են սպանել բոլոր հայերին և վտարել մեզ մեր տներից»,- AFP-ին ասել է Ղարաբաղի 56-ամյա մի բնակիչ։- Բայց երբ մեկ գիշերվա ընթացքում ադրբեջանական ուժերը գրավում են մի ամբողջ գյուղ և կարևոր մարտական դիրքեր, մենք սկսում ենք կասկածել ռուսների ազնվությանը»։

Բախումները հայկական և ադրբեջանական ուժերի միջև հաճախակի են. նախորդ երեքշաբթի յոթ զինծառայող է զոհվել երկու երկրների ընդհանուր սահմանի երկայնքով վերջին փոխհրաձգության ժամանակ։

Ռուս անկախ վերլուծաբան Կոնստանտին Կալաչևն ասում է, որ Մոսկվան չի ցանկանում խաթարել հարաբերությունները Ադրբեջանի հովանավոր Թուրքիայի հետ Հայաստանի պատճառով:

«Մոսկվան պրագմատիկ նկատառումներից ելնելով ձեռնպահ է մնացում հակամարտության կողմերից մեկին պաշտպանելուց,- ասել է նա AFP-ին: -Հայաստանը որևէ պարագայում գնալու տեղ չունի»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930