ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ՝ ապրիլի 14-15ը Հալեպում տեղի ունեցավ ՀՅԴ Միջին Արեւելքի մարմինների ռայոնական ժողովը, որին մասնակցում էին արաբական երկրների, Իրանի, Հայաստանի եւ Արցախի կուսակցական մարմինների ներկայացուցիչները։
ՀՅԴ Բյուրոյի, ինչպես նաեւ շրջանների համահայկական, քաղաքական, կազմակերպական եւ համայնքային մեկամյա գործունեության զեկուցումներից հետո ծավալվեց ներկա մարտահրավերների քննարկում, մասնավորապես՝ Սիրիայի եւ Լիբանանի ճգնաժամերի եւ վերջին իրադարձությունների շուրջ։ Ելնելով դրանից՝ ժողովը վերահաստատեց Միջին Ալեւելքի գաղութների կենսական նշանակությունն ու դերակատարությունը համազգային տեսլականների հետապնդման եւ իրագործման ուղղությամբ։
Ժողովը հատուկ օրակարգով անդրադարձավ Միջին Արեւելքի շրջանների կազմակերպական կյանքին, ինչպես նաեւ երիտասարդական, ուսանողական եւ պատանեկան միավորների գործունեությանը։ Այս միությունների գործունեությանը նոր թափ հաղորդելու առաջադրությամբ՝ ժողովը փոխանցեց պատկերացումներ եւ խորհրդածություններ։
Հակառակ Միջին Արեւելքի դիմագրաված տագնապներին՝ բոլոր շրջանները պատրաստակամություն հայտնեցին հավելյալ աշխուժությամբ դերակատար դառնալ ՀՅԴ Բյուրոյի ծավալած գործունեությանը։ Անհրաժեշտ նկատվեց տնտեսական նոր ռազմավարության մշակումը։
Ժողովը գնահատեց երկրաշարժից հետո Սիրիայի շրջանում գործի դրված վերականգնողական ճիգը եւ վերահաստատեց իր հանձնառությունը՝ նեցուկ կանգնել սիրիահայությանը եւ նրա գոյապայքարին։
Կարդացեք նաև
Միջին Արեւելքի մարմինների խորհրդաժողովն իր ամբողջական զորակցությունը հայտնեց ՀՅԴ Բյուրոյի ծավալած կազմակերպական, հայաստանյան, արցախյան եւ Միջին Արեւելքի շրջաններում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ գործադրված ջանքերին եւ գործունեությանը։
Միաժամանակ ժողովն անդրադարձավ վերջին տարիներին տագնապահար Միջին Արեւելքի գաղութներում ճգնաժամերի շրջանցման ուղղությամբ համահայկական զորակցությանն ու իր երախտագիտությունը հայտնեց բոլոր շրջաններին՝ իրենց ցուցաբերած օժանդակության եւ նեցուկի համար:
Հ.Յ.Դ. Միջին Արեւելքի մարմինների
Ռայոնական ժողով