Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է պատգամավոր Կարեն Համբարձումյանը երկար սպասել Սիսիանի համայնքապետի երդմանը (ֆոտոշարք)

Ապրիլ 17,2023 13:12

Սիսիան համայնքի նորընտիր ղեկավար Արմեն Հակոբջանյանը, երկուշաբթի՝ ապրիլի 17-ին, ավագանու հատուկ նիստում երդվեց բնակիչների առաջ։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին կայացած ընտրությունների արդյունքում՝ Սիսիանի ավագանու 21 մանդատներից 13-ը բաժին ընկավ «Քաղաքացիական պայմանագրին», 5 մանդատ՝ ՀՀԿ–ին եւ 3 մանդատ «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությանը։ Քանի որ ավագանու 21 մանդատից 13-ը կառավարող ուժին է պատկանում, ապա Սիսիանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանը օրենքի ուժով համարվում է ընտրված Սիսիան համայնքի ղեկավար։

Նիստին մասնակցում էին կառավարող ուժի 13 անդամներն ու «Քաղաքացու որոշում»-ից Աննա Ավետիսյանը։

Երդման տեքստը արտասանելուց հետո, երբ Արմեն Հակոբջանյանը դեռ ստորագրում էր այն, թերեւս հնչյունային օպերատորը ժամանակից շուտ միացրեց Հայաստանի օրհներգը, ու Հակոբջանյանը չհասցրեց ստորագրել։

Օրհներգից հետո ավարտելով կիսատ մնացած գործը՝ Սիսիանի համայնքը ղեկավարն ասաց․ «Հպարտ եմ, որ այժմ համայնքը կունենա հմուտ, կարող ավագանու կազմ, շնորհակալ եմ՝ այս ձեր ընտրությամբ ավագանու այս կազմը ձեւավորելու եւ համայնքի ապագայով մտահոգվելու համար։ Շնորհակալ եմ այս հիշարժան օրը կողքիս լինելու համար։ Առաջիկա 5 տարիների, խաղաղ տարիների ընթացքում աշխատենք ի շահ համայնքի»։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհավորելով համայնքի նորընտիր ղեկավարին, ավագանու անդամներին ու սիսիանցիներին՝ նշեց, որ ելույթ չէր ունենա, եթե նիստին ավագանու բացակա անդամներ չլինեին։ «Սա ճիշտ չի։ Սյունիքը ունի բազմաթիվ մարտահրավերներ։ Տեղի է ունեցել ընտրություն, եղել է պայքար, կան արդյունքներ, հարգում եմ յուրաքանչյուր քաղաքացու որոշումը։ Սյունիքն այսօր այնպիսի օրեր է ապրում, որ մենք ուղղակի դատապարտված ենք միասին աշխատելու, հանուն մեր համայնքի, հանուն մարզի, հանուն Հայաստանի։ Ես հուսով եմ, իմ կոչը կլսեն ավագանու բացակա անդամներն ու կլծվեն համայնքի խնդիրները լուծելու սուրբ գործին»,–ասաց Ռոբերտ Ղուկասյանը։

Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Համբարձումյանը խոստովանեց՝ շատ երկար է սպասել այս օրվան։ «Շատ եմ սպասել, ոչ թե նրա համար, որ ինչպիսի արդյունքներ են լինելու, այլ սպասել եմ, որ այստեղ պետք է լինեին մարդիկ։ Պիտի նայեի ուղիղ նրանց աչքերի մեջ ու որոշ հարցերի պատասխանները ստանայի։ Մամուլով կամ անձի հետեւից էին փորձում պիտակավորել, կամ ոչ վայել խոսքեր ասել․ կուզեի նայել այդ մարդկանց աչքերին, չէ՞ որ այսօրվանից նաեւ պատասխանների մեկնարկն է ։ Սա մեր ընտանիքն է, մեր համայնքն է, բոլորս ունենք ստանձնած պարտավորություններ»,-մասնավորապես ասաց Կարեն Համբարձումյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930