Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանի, Սամվել Ալեքսանյանի, Հրանտ Դավթյանի ու նրանց հարազատների չհայտարարագրված տները Դուբայում. «Հետք»

Ապրիլ 17,2023 12:18

«Հետքի» ձեռքի տակ հայտնված նոր տվյալները ցույց են տալիս որոշ հայ պաշտոնյաների ու գործարարների՝ Դուբայում ունեցած անշարժ գույքի ծավալներն ու շքեղությունը: Այս անձանցից ոմանք Հայաստանում անցնում են տարբեր քրեական գործերով:

Դուբայում գույք ունեցող հայերի թիվը բավականին մեծ է, բայց նրանցից ոչ բոլորն են հանրությանը հայտնի: Այս անգամ ընտրել ենք նախկին 4 բարձրաստիճան պաշտոնյայի, որոնք չեն հայտարարագրել Դուբայում իրենց ունեցվածքը, չնայած օրենքով նման պարտավորություն ունեին:

Գագիկ Բեգլարյանը բնակարան է գնել Դուբայի հայտնի արմավենու վրա

Գագիկ Բեգլարյանի քաղաքական կարիերան ծաղկում էր 1990-ականների սկզբից մինչեւ 2016 թ.: 1993-1995 թթ. եւ 2012-ին մի կարճ ժամանակահատված նա ՀՀ խորհրդարանի պատգամավոր էր, 2002-2009 թթ. Երեւանի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարն էր, 2009-2010 թթ.՝ Երեւանի քաղաքապետը, 2012-2016 թթ. էլ զբաղեցնում էր տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնը: Հիմա, սակայն, Հայաստանում Բեգլարյանի գործերը, մեղմ ասած, լավ չեն: ՀՀ իրավապահները երկու խոշոր գործ են նախաձեռնել նրա վերաբերյալ:

Քրեական վարույթ եւ ապօրինի գույքի բռնագանձում

Դրանցից մեկը քրեական վարույթ է, որի նախաքննությունն իրականացնում է ԱԱԾ-ն: 2022 թ. նոյեմբերին Գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Երեւանի Կենտրոն թաղային համայնքի նախկին ղեկավարն ու Երեւանի նախկին քաղաքապետը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաեւ այդ դիրքի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի անշարժ գույք Երեւանում եւ այլ բնակավայրերում:

Դատախազությունը հրապարակել է Երեւանում գտնվող 24 միավոր անշարժ գույքի ցանկ:

2022 թ. նոյեմբերին Գագիկ Բեգլարյանի նկատմամբ 27 դեպքով քրեական հետապնդում է հարուցվել: Մի քանի հոդվածներով նրան մեղադրանք է առաջադրվել:

Նախկին պաշտոնյային առնչվող մյուս գործը ներկայում Հակակոռուպցիոն դատարանում քննվող քաղաքացիական հայցն է, որով Գլխավոր դատախազությունը ցանկանում է բռնագանձել Գ. Բեգլարյանին, նրա կնոջը, որդուն ու դստերը պատկանող ու, ըստ Դատախազության, ապօրինի ծագում ունեցող մեծածավալ գույքը:

Այդ գույքի կազմում են Երեւանում գտնվող 33 բնակարանները, տարածքները, շինությունները, ավտոհանգրվանները, որոնցից 11-ը գտնվում են Հյուսիսային պողոտայում, 7-ը՝ Խորենացի փողոցում, 3-ը՝ Արշակունյաց պողոտայում, 2 առանձնատները՝ Ազատության պողոտայում, 2 տարածքները՝ Թամանյան փողոցում, 2-ը՝ Տերյան փողոցում: Մնացած անշարժ գույքը գտնվում է Երեւանի այլ վարչական շրջաններում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում եւ Արարատի մարզի Սիս համայնքում: Դատախազությունը ցանկանում է բռնագանձել նաեւ «Mercedes-Benz S600L» մեքենան:

Նշված գույքը բռնագանձելու անհնարինության դեպքում Դատախազությունը ցանկանում է գանձել այդ ամենի միջին շուկայական արժեքը՝ ընդհանուր մոտ 11 մլրդ դրամ, ինչպես նաեւ մասնակցության իրավունք 10 իրավաբանական անձանցում եւ մոտ 2 մլրդ դրամ, որը հանձնված 8 փոխառությունների չվերադարձված մասն է: Ըստ Դատախազության՝ պետք է բռնագանձել եւս 4,5 մլրդ դրամ, որը բաղկացած է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտից, այդ գույքի վաճառքից գոյացած միջոցների մնացորդից, ինչպես նաեւ անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված գումարից:

Վերոնշյալ գույքը բռնագանձելու համար Գլխավոր դատախազությունը 2022 թ. մայիսին դիմել է դատարան: Նախապես գործը գտնվում էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, սակայն հետո տեղափոխվել է նոր ձեւավորված Հակակոռուպցիոն դատարան:

Բեգլարյանը չի հայտարարագրել Դուբայի իր բնակարանը, Դատախազությունն էլ այն չի ներառել բռնագանձվող գույքի մեջ

Ինչպես տեսնում ենք, Դատախազության ներկայացրած բռնագանձման ենթակա անշարժ գույքը գտնվում է միայն Հայաստանում, սակայն «Հետքը» պարզել է, որ Գագիկ Բեգլարյանը գույք ունի նաեւ Դուբայում:

Մեր ձեռքի տակ եղած տվյալների համաձայն՝ նա այդ գույքը ձեռք է բերել 2008 թ.-ից մինչեւ 2018 թ. ընկած ժամանակահատվածում: Թե կոնկրետ երբ, դժվար է ասել: Նախկին պաշտոնյայի գույքը գտնվում է արմավենու տեսքով հայտնի «Palm Jumeirah» արհեստական կղզու ամենավերին մասում՝ «Balqis Residence» համալիրում: Բեգլարյանի բնակարանն այս համալիրի 7-րդ հարկում է, ընդհանուր մակերեսը 243 քմ է, ունի 3 ննջասենյակ, պատշգամբ (42 քմ):

Ներկայում «Balqis Residence»-ում այսքան մակերես եւ 3 ննջասենյակ ունեցող բնակարանների գները սկսվում են 4,5 մլն արաբական դիրհամից, ինչը հավասար է 1,2 մլն դոլարի:

Պաշտոնավարման տարիներին Գ. Բեգլարյանը ներկայացրել է գույքի եւ եկամուտների հայտարարագրեր, որտեղ, սակայն, երբեւէ չի հիշատակել Դուբայում ունեցած բնակարանը: Այս մասին «Հետքը» տեղեկացել է հայտարարագրերն ընդունող ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից (ԿԿՀ): Հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելը Հայաստանում քրեականացվել է 2017-ի հուլիսից, սակայն Գ. Բեգլարյանն իր վերջին հայտարարագիրը լրացրել է 2017-ի փետրվարին:

«Հետքը» նամակ էր ուղարկել նախկին պաշտոնյային՝ հարցնելով, թե ինչու երբեւէ չի հայտարարագրել Դուբայում գտնվող իր անշարժ գույքը: Հետաքրքրվել էինք նաեւ, թե երբ է գնվել բնակարանը, ու որն է եղել հենց Դուբայում ներդրում կատարելու (գույք ձեռք բերելու) պատճառը: Բեգլարյանը, չնայած ստացել էր մեր նամակը, դրան չի պատասխանել: Այդուհանդերձ, «Հետքը» հանդիպել է նախկին պաշտոնյային ու փորձել ստանալ այս հարցերի պատասխանները, սակայն Գագիկ Բեգլարյանը մեկնաբանություն չի տվել:

Նախկին քաղաքապետն ու նախարարը Բեգլարյանների գերդաստանից միակը չէ, որ գույք է ձեռք բերել Դուբայում:

Գագիկ Բեգլարյանի նախկին պաշտոնյա եղբայրը եւս տուն է գնել արմավենու վրա 

Գագիկ Բեգլարյանի կրտսեր եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, եւս բնակարան է ձեռք բերել Դուբայում: Գույքը նա գնել է 2007-2017 թթ.  միջակայքում: Հ. Բեգլարյանը պետական պաշտոնյա էր 2005-2012 թթ., երբ զբաղեցնում էր «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի, այնուհետ՝ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի պետի պաշտոնը: 2014-2017 թթ. կրտսեր Բեգլարյանը ՀՀ քաղաքաշինության նախարարի, ապա՝ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալն էր, իսկ 2017-2019 թթ.՝ ԱԺ պատգամավոր:

Սամվել
Ալեքսանյանն ու Շողերինա Մկրտչյանը Հրանտ Դավթյանի հարեւաններն են

Մեծահարուստ գործարար Սամվել Ալեքսանյանը ԱԺ պատգամավոր էր 2003-2019 թթ.: Նա եւ կինը՝ Շողերինա Մկրտչյանը, վերը հիշատակված «Trident Grand Residence»-ում բնակարան են ձեռք բերել 2012-2014 թթ. միջակայքում: Ամուսինները Հրանտ Դավթյանի անմիջական հարեւաններն են:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Վահե ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Էդիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930