JAMnews. BBC-ն հրապարակել է լրագրողական հետաքննություն, ըստ որի՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին կարող է կապված լինել խարդախության համաշխարհային ցանցի հետ, որը եվրոպացի քաղաքացիներին խաբելով ավելի քան մեկ միլիարդ դոլար է վաստակել։
Գործը վերաբերում է ֆինանսական խարդախության սխեմայի, որը BBC-ն հետաքննում է ավելի քան մեկ տարի: Ցանցը ոստիկանությանը հայտնի է որպես Milton Group: BBC-ի տեղեկությունների համաձայն՝ բացահայտվել է այդ ցանցում ընդգրկված ավելի քան 152 ապրանքանիշ։ Խարդախությամբ զբաղվողները զանգահարել են եվրոպացի քաղաքացիներին, առաջարկել ներդնել իրենց խնայողությունները և բազմապատկել կապիտալը ու խաբեությամբ հազարավոր, իսկ որոշ դեպքերում հարյուր հազարավոր եվրոներ կամ ֆունտ ստերլինգներ են մուտքագրել հատուկ կրիպտո հաշիվների: Որպեսզի պոտենցիալ զոհերը որևէ բան չկասկածեն, խարդախությամբ զբաղվող ընկերություններն ակտիվորեն օգտագործել են գովազդ սոցիալական ցանցերում:
BBC-ի փոխանցմամբ՝ պարզել են, թե ով է կանգնած այդ ցանցի հետևում։ Մատնանշել են հինգ հոգու անուն, որոնցից չորսը վրացական ազգանուններ ունեն և, հավանաբար, Վրաստանի քաղաքացիներ։
ВВС-ն գրում է, որ այս անուններն ու ազգանունները ներառված են եղել Պանամայի փաստաթղթերում և կապված են Դավիթ Կեզերաշվիլիի հետ։
Կարդացեք նաև
Ընդգծում է, որ չի կարող փաստագրել Կեզերաշվիլիի կապն այդ ցանցի հետ։ Հետաքննող լրագրողները չեն կարողացել գտնել կոնկրետ ապացույցներ, որ Կեզերաշվիլին Milton Group ապրանքանիշերի հետ կապված ֆինանսական շահեր ունի։
Սակայն լրագրողները հիշատակում են նաև այլ կարևոր մանրամասներ, որոնք, ըստ նրանց, կարող են վկայել այդ գործի հետ Կեզերաշվիլիի առնչության մասին։
«Շատ հետքեր տանում են դեպի մեկ գործիչ՝ Վրաստանի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Դավիթ Կեզերաշվիլին, որը երկու տարի եղել է երկրի պաշտպանության նախարար»,- ասվում է հետաքննության մեջ։
Milton Group-ի մի քանի նախկին աշխատակիցներ անանունության սկզբունքով BBC-ի հետ զրույցում հաստատել են, որ իրենք անմիջական կապ են ունեցել Կեզերաշվիլիի հետ, և որ նա ներգրավված է եղել Milton Group-ում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: