Լրահոս
Օրվա լրահոսը

Մերի Քվանտ․ նա ոչ միայն մերկացրեց կանանց ոտքերը, այլև ցույց տվեց, որ նորաձևությունն առաջին հերթին ազատությունն է

Ապրիլ 17,2023 10:30

Ապրիլի 13-ին 93 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց բրիտանացի դիզայներ Մերի Քվանտը, որն «ազատեց» աշխարհի կանանց սրունքները՝ նրանց մինի-շրջազգեստ նվիրելով և ապացուցեց, որ նորաձևությունը կարող է ուրախության, երիտասարդության և ազատության աղբյուր լինել բոլորի համար։

Հենց Մերի Քվանտն էր, որը ռմբակոծված ու թանձր սմոգի մեջ պարուրված մռայլ Լոնդոնում առաջարկելու էր հագուստ, որը թույլ էր տալիս կերտել վառ, դինամիկ ու ազատ կերպարներ՝ ձևավորելով 1960-ական թթ․ երիտասարդական նորաձևության խենթ ոգին։

Թեև նորաձևության պատմաբանները մի քանի դիզայների անվան հետ են կապում մինի-շրջազգեստի ստեղծումը, սակայն անվիճելի է, որ հենց Մերի Քվանտն էր մինիի «գաղափարախոսության» առաջմղիչ ուժը։ Իսկ սկսվել է այդ պատմությունը 1960-ական թթ․ սկզբին՝ սովորական մաքրությունից, երբ դիզայները պատահաբար նկատում է, թե որքան գրավիչ է իր մտերիմ Լինդա Քվայզինի կերպարը, որը հատակը մաքրելիս հարմարավետության համար կարճացրել էր իր շրջազգեստը։

1962 թ․-ից հետո, երբ Մերի Քվանտը սանտիմետր առ սանտիմետր մերկացրեց կանանց ոտքերը, մինի-շրջազգեստը դարձավ նորաձևության բոլոր տների հավաքածուների անփոխարինելի բաղադրամաս՝ 8 տարի շարունակ չզիջելով իր դիրքերը աշխարհի ամենատարբեր երկրներում։

1965 թ․-ի գարնանը Մերի Քվանտը ուղևորվում է ԱՄՆ։ Նյու Յորքում երեկոյան հավաքածուի ցուցադրությունից հետո մանեկենուհիները դուրս են գալիս զբոսնելու Բրոդվեյում։ Նյու Յորքի կենտրոնում դեռ երբեք տղամարդիկ այդքան զարմացած ու հիացած չէին եղել, որքան այդ օրը։ 

Սակայն Մերի Քվանտի նորարությունը նորաձևության աշխարհում միայն մինի-շրջազգեստով չի սահմանափակվում․ նա, ինչպես և իր ժամանակին Կոկո Շանելը, հենց իր կազմվածքի առանձնահատկություններից ելնելով՝ թելադրելու էր նորաձևության միտումները՝ ստեղծելով նիհարիկ, տղայական կառուցվածքով աղջկա կերպար, որը շատ կանացի, լակոնիկ զգեստներ է կրում։

1966 թ․-ին, երբ հանրության առջև կարճ շրջազգեստով հայտնվում է ԱՄՆ առաջին տիկին Ժակլին Քենեդին, «Նյու Յորք Times»-ը գրում է․ «Այսուհետ մինի շրջազգեստի ապագան ապահովված է»։

Մինի շրջազգեստը,  որն ի ցույց էր դնում կանանց սրունքները, հետաքրքիր լրացումներ էր պահանջում, և Մերի Քվանտը նախաձեռնում է գունավոր զուգագուլպաների ու գուլպաների մասսայական արտադրություն, որը մեծ հաջողություն է ունենում։

1965 թ․-ի գարնանը Մերի Քուանտը ուղևորվեց ԱՄՆ։ Նյու Յորքում երեկոյան հավաքածուի ցուցադրությունից հետո մանեկենուհիները դուրս եկան զբոսնելու Բրոդվեյում։ Նյու Յորքի կենտրոնում դեռ երբեք տղամարդիկ յադքան զարմացած ու հիացած չէին եղել, որքան այդ օրը։ Փողոցային շարժն ամբողջովին դադարել էր, իսկ երեկոյան լուրերը հեռարձակում էին Բրոդվեյի «պատահարը» ։

1966 թ․-ին Մերի Քվանտին Բրիտանիայում հայտարարում են «Տարվա կին» և Բուքինգեմյան պալատում Բրիտանական կայսրության շքանշան շնորհում։

Նա նաև ստեղծում է կարճ փեշով զգեստներ ու վերարկուներ, բերետներ ու կարճ տաբատներ, որոնք երբեմն շատ վառ գունավորում ունեին ու պատրաստված էին անսովոր գործվածքներից։ Դիզայները նման յուրօրինակ լուծումներ է տալիս նաև ներքնազգեստին՝ առաջարկելով լայկրայից տարբերակներ, որոնք թեթև ձգող ազդեցություն ունեին, և հարմար էին նոր մինի շրջազգեստների հետ կրելու համար։

Հենց Մերի Քվանտն էր, որն օգտագործեց քլորվինիլը՝ ստեղծելով անջրանցիկ կարճ վերարկուների ու ճտքավոր կոշիկների «թաց» հավաքածուներ, որոնք արդիական են նաև այսօր։

Դիզայները նաև փոխեց դիմահարդարման կանոնները՝ «ազատ սիրո» սերունդ համարվող հիպպիներին նվիրելով կայուն դիմահարդարման գաղափարը, որը թույլ կտար չմտահոգվել շպարի մասին՝ սիրով զբաղվելիս։ Լեգենդար վարսահարդար Վիդալ Սեսունի հետ նպաստեց երկրաչափական սանրվածքների տարածմանը՝ կանանց ոտքից գլուխ նվիրելով նոր՝ ավանգարդիստական ոճ, որը բնութագրելու էր մի ողջ ժամանակաշրջան։

Մերի Քվանտի մազերը կտրում է լեգենդար վարսահարդար Վիդալ Սեսունը

Մի հարցազրույցում Մերի Քվանտը հարցին, թե նրան իր հաջողությունը երբևէ զարմացրե՞լ է,  այսպես է պատասխանել․ «Հաճախ ես ինքս ինձ ասում եմ՝ Աստված իմ, ինչ հետաքրքիր կյանք ունես դու, որքան է քո բախտը բերել, և որքան երջանիկ կին ես դու, և ինչպե՞ս ստացվեց այսպես զվարճանալ»։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930