Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի հաղթանակ չի բերում այնքան, որքան կարող է խլել մեկ պարտությունը»

Ապրիլ 17,2023 12:00

Այո, կան պարտություններ, որոնք ողբերգական ու կործանարար հետեւանքներ են ունենում ժողովուրդների համար, որոնք նվաստացուցիչ են եւ կան հակառակորդներ, որոնցից պարտվելն ամենամեծ ամոթն ու անարգանքն է: Հռոմեացի ռազմական ու պետական տաղանդավոր գործիչ Հուլիոս Կեսարը կարծես 2020թ. մեր կրած պարտության համար է ասել, որ. «Ոչ մի հաղթանակ չի բերում այնքան, որքան կարող է խլել մեկ պարտությունը»։ Իսկ 2020թ. պարտությունը հենց այդպիսին էր, դա սովորական պարտություն չէր, այլ անփառունակ ու ամոթալի պարտություն էր, որ հայ ժողովուրդն ունեցավ սեփական տականքի ստորության ու դավադրության արդյունքում, որը հայ ժողովրդին բերեց նվաստացում, դեպրեսիա, անտարբերություն, հուսահատություն, բարոյական անկում, աղետ, մի ամբողջ սերնդի եւ տարածքային ահռելի չարդարացված կորուստներ, անվստահություն ու չարություն տարածեց երկրում, պառակտեց հայ ժողովրդին, իսկ պետականությունը կործանման եզրին է կանգնած։ Նպատակը մեկն էր, դավադիր պատերազմի ու պարտության միջոցով վախի համատարած մթնոլորտի ստեղծումն էր, հայի ազգային ինքնությունն ու արժանապատվությունը ջախջախելն էր, արժեհամակարգը խեղաթյուրելն էր, ընդվզելու դիմադրողականությունը, ըմբոստությունը կոտրելն էր, հայի ողնաշարը, նրա անկոտրում ոգին ջարդելն էր, այնպիսի սարսափ տարածելն էր, որ նա երբեւէ այլեւս չմտածի պայքարի մասին, նրան անհաղորդ ու անտարբեր դարձնելով իր հայրենիքից ու պետությունից օտարացնելն էր։ Նպատակը երկրում ատելության, անգիտության ու չարության այնպիսի մթնոլորտի ձեւավորումն էր, բարոյական այնպիսի այլասերումն ու այլանդակումն էր, որի պայմաններում մթագնում ու ստվերում է միտքը, որի միջավայրում էլ մեռնում է սերը, արժանապատվությունն ու համերաշխությունը։

Մի այնպիսի խղճուկ իրավիճակի ու հուսահատ մթնոլորտի ստեղծումն էր, որտեղ լռությամբ կտանեն ստրկությունը, հայրենիքի կորուստը, դավաճանությունն ու պարտությունը։ Հային այնպիսի ամորֆ վիճակի հասցնելն էր, որ չմտածի անգամ ազատության ու անկախ պետականության մասին, որ համակերպվի ստրկության, թրքահպատակության ու ցանկացած զիջման հետ, փրկության այլ ելք չտեսնի եւ ստիպված լինի հաշտվել ինքնասպանության հետ։ Այս պատերազմը հայ զինվորի պարտությունը չէր, դա սեփական տականքի ու դավաճանների, անկազմակերպ ու ապաշնորհ իշխանության պարտությունն էր։ Իսկ պարտություն ամենեւին էլ չեն կրում մարտի դաշտում, մարտի դաշտում ընդամենը արձանագրում են մինչ այդ կրած պարտությունը, պարտությունը անբարոյականության ու կեղծիքի դաշտում։ Դա այն պարտությունն էր, որ խլեց հայության սերը, հավատը, հաղթանակը, երջանկությունը, ուրախությունը, երազանքները, համերաշխությունը, արժանապատվությունն ու հայրենիքը: Իսկ ցավալին նա է, որ պարտվեցինք մեկին, ով վախկոտ է եւ կռվել չգիտի, ով պատերազմեց դավադրությամբ, նենգությամբ ու խարդավանքով, ով չունի ոչ պետականության պատմություն, ոչ ազգային պատկանելություն։ Հայ ժողովուրդը չպարտվեց, նրան տարան նվաստացուցիչ ու կանխորոշված պարտության, իսկ մեր զինվորները ոչ թե զոհվեցին, այլ անպաշտպան՝ դաժանաբար սպանդի ենթարկվեցին թուրքի ու ահաբեկիչների ձեռքով, ոչ թե զոհվեցին դիմահար կրակոցից, այլ՝ թիկունքից։ Իսկ պարտություն ամենեւին էլ չեն կրում մարտի դաշտում, մարտի դաշտում ընդամենն արձանագրում են մինչ այդ կրած պարտությունը, պարտությունը՝ անբարոյականության ու կեղծիքի դաշտում։ Սա մարդկության պատմության մեջ կմնա որպես նախադեպը չունեցող ստորություն ու ապերախտություն սեփական ժողովրդի ու հայրենիքի նկատմամբ։

Պետք է արձանագրել, որ հայ ժողովուրդը ապրում է թերեւս իր պատմության ամենաամոթալի, խղճուկ, տխուր ու նվաստացուցիչ ժամանակահատվածը։ Այս պարտության արդյունքում հային արտերկրում շատերը ընկալում են՝ որպես անամոթի, վախկոտի ու դավաճանի։ «Կեղծիքը պետք է պարտվի, մեռնի մեր կյանքում, որ ապրի մեր ժողովուրդը։ Պարտություն, ստրկություն, տառապանք. սա է կեղծիքի կողմնակից ժողովուրդների ճակատագիրը։ Ոչ մի տարբերություն չկա բարեխիղճ ստրուկի եւ հանցագործի միջեւ։ Եղեք անվերապահ… Եվ ոչ մի զիջում։ Զիջումները հանցագործություն են: Տալ՝ նշանակում է տկարանալ, ամոթալի պարտություն կրել… Ահա թե ինչպես է իմ մարգարեությունը կտակում իր աստվածաշնչյան խոսքը, եւ հոգիս վեհորեն թեւեր է բացում կրակոտ ուխտերի գերիների համար…»,- գրել է Գարեգին Նժդեհը։ Պարտվեցինք, որովհետեւ մեծամտացանք ու արխայնացանք հաղթանակից, որովհետեւ չգիտեինք, թե ինչ անենք, ինչպես վարվենք հաղթանակի հետ։ Մեզ 1991թ. տրվեց հայ ժողովրդի ոսկեդարը կառուցելու եզակի պատմական հնարավորություն, դրա համար ունենալով բոլոր նախադրյալները՝ Աստծո օրհնությունն ու բարեհաճություհը՝ տաղանդ, արժանապատիվ քաղաքացի, հարուստ բնական պաշարներ (անսահման արեւ, բերրի հող, անմահական ջուր) եւ աշխարհագրական բարենպաստ դիրք ու դաշնակից բարեկամներ։

Սակայն մենք ոչ միայն չօգտվեցինք այդ հնարավորությունից, այլ ամեն ինչ արեցինք սեփական պետությունն ու երկիրը կործանելու համար, բարեկամներին մեզանից վանելու համար։ Իսկ դառը իրականությունը նա է, որ գրեթե բոլոր ժամանակներում սեփական իշխանություններն ավելի դաժանորեն են կեղեքել ու ճնշել սեփական ժողովրդին, քան օտար նվաճողները։ 2020թ. պարտության հիմքերը դրեցինք դեռ 30 տարի առաջ, երբ ընտրությունները կեղծեցինք, երկիրը անխնա կողոպտեցինք, երբ քաղաքացուն երկիրը կառավարելու մասնակցության իրավունքից զրկեցինք, պետությունից օտարեցինք, երկրում ստեղծված արդյունքը անարդար բաշխեցինք, քաղաքացուն իրավազուրկ դարձրինք, երբ կրթությունը փլուզեցինք, ցածրաճաշակ մշակույթ մատուցեցինք եւ առաքինության, հայրենասիրության, ազգային արժանապատվության ու ազգային արժեքների ու ավանդույթների պահպանման, պետական մտածողության եւ օրինապաշտության ոգով հասարակությանը կրթելու փոխարեն խրախուսեցինք ցածր արժեքներ՝ հանցագործ աշխարհի բարքերը, զորբայությունը, նյութապաշտությունը, քցելը, ձեւամոլությունը, անամոթությունը եւ ճարպկությունը։ Նսեմացրինք գիտելիք ու դաստիարակություն տվող մարդու՝ մանկավարժի դերը, վաստակ ու փորձառություն ունեցող մարդու դերը։։ Գրանտների դիմաց օտարին անարգել մեր տուն թողեցինք, ովքեր փորձեցին կտրել մեզ մեր հիշողությունից, արմատներից, մեր մեջ ազգայինը ոչնչացնել, մեզ բարոյազուրկ դարձնել։

Վերջնականապես եւ հիմնավոր պարտվեցինք, երբ 1918թ. փողոցից եկած ուժերին իշխանություն ու երկիր վստահեցինք, երբ մեր լուռ համաձայնությամբ պետական ինստիտուտները, ազգային արժեքները, ավանդապաշտ ընտանիքը, եկեղեցին սկսեցին ապականել, հերոսներին, հեղինակություններին, մտավորականներին ու ազգի նվիրյալներին արժեզրկել։ Իսկ հին չինական իմաստությունը փաստում է, որ. «Պետությունը կործանվում է ներսից, իսկ արտաքին ուժերը միայն ավարտին են հասցնում նրա պարտությունը…»: Հիմա իշխանությունները մեզ հրամցնում են երկու զավեշտալի ու ստորացուցիչ տարբերակ՝ հանձնում ենք Արցախը եւ ապրում ենք խաղաղ, կամ մեզ սպասվում է պատերազմ ու նոր ցեղասպանություն։

Իշխանությունները այս հինգ տարիների ընթացքում կազմաքանդելով երկրի անվտանգային համակարգը եւ մանիպուլյացիաների միջոցով գրեթե զրոյացնելով ժողովրդի դիմադրողականությունը, նրան անտարբեր դարձնելով պետությունից ու իր հայրենիքից, Թումանյանի «Չարի Վերջի» կկվի կարգավիճակում են հայտնվել եւ ամեն Աստծո օր Ալիեւի մի նոր կամակոր պահանջներն ու հոխորտանքներն են բավարարում։ Մինչդեռ պարտությունը, սակայն, երբեք չպետք է լինի հիասթափության ու հուսահատության աղբյուր։ Պարտությունը, սակայն, ամենեւին էլ վերջը չէ, սիրելի հայրենակիցներ, հաղթանակն էլ ամեն ինչ չէ։ Կան հաղթանակներ, որոնք ոչինչ չարժեն եւ պարտություններ, որոնք նոր ճանապարհներ են բացում։ Պարտությունն ու ձախողումը պարզապես նորից սկսելու հնարավորություն է նաեւ, բայց ավելի իմաստուն ու խոհեմ։ Պարտությունն այն է, երբ ընդունում ես այն, երբ հաշտվում ու համակերպվում ես նրա հետ: Եթե չես ընդունում այն, դա ընդամենը ժամանակավոր ձախողում է։ Շատ դեպքերում հաղթանակը թուլացնում է ժողովրդին՝ պարտությունը նոր ուժ է արթնացնում նրա մեջ։ Հաճախ մարդիկ եւ պետություններն ավելի շատ կործանվում են գլխապտույտ հաջողություններից, փառքից, քան թե ձախողվելուց: Պարտությունը դպրոց է, որտեղից ժողովուրդները դուրս են գալիս իմաստնացած, հասունացած, ոգով ուժեղ եւ կոփված: Պարտությունը նաեւ ժողովուրդների, ազգերի համար առիթ է ինքնագնահատման ու ինքնաճանաչման։ Գոյատեւման եւ արժանապատիվ ապրելու միակ միջոցն էլ չվախենալն է պարտությունից, աղետից ու մեռնելուց։

Ինչպես Բոնապարտ Նապոլեոնն է ասել. «Մահը ոչինչ է, բայց անփառունակ պարտությամբ եւ անարգանքի մեջ ապրելը մահ է ամեն օր»։ Հիմա ամեն Աստծո օր մենք մեռնում ենք, մեռնում ու ոտնատակ է տրվում մեր արժանապատվությունը, ազգային ինքնությունը, մեր պետականությունը, մեր պատիվը, սերը, մեր խիղճը, իսկ Հայաստանը, Արցախը ու հայ ժողովուրդը կանգնած են մի նոր լայնամասշտաբ պատերազմի, մի նոր կապիտուլյացիայի ու ցեղասպանության առաջ։ Հայաստանի իշխանություններն էլ բացահայտ ձեւով անգործություն են ցուցադրում, փաստացի չեն ներկայացնում ու պաշտպանում Հայաստանի ու Արցախի շահը։ Երկրի վիճակը օրհասական է, բայց անհուսալի չէ, դեռ ամեն ինչ վերջացած չէ։ Հիմա ելքը հայ ժողովրդի առողջ, իմաստուն, բանական, նվիրյալ ու խիզախ հատվածի համախմբումն է, մեր միջի ստրուկին սպանելն է, պայքարի նոր՝ առավել արդյունավետ  ձեւաչափի եւ նոր քաղաքական օրակարգի ու հարթակի ձեւավորումն է, անձնական ու խմբային շահերից վեր կանգնելն է, ապագայի իրատեսական, գործուն եւ հավատ ներշնչող ծրագրային դրույթների ու առաջնորդողների հրապարակումն է եւ ամենակարեւորը՝ ժողովրդի հետ ամենօրյա անմիջական աշխատանք տանելն է՝ անտարբերության, վախի, դեպրեսիայի ու հանդուրժողականության մթնոլորտի ցրումն է։

Սիրելի ժողովուրդ, մենք կանգնած ենք ամենադաժան կորստի՝ հայրենիքի կորստի առաջ, համազգային խայտառակության, հայի ու հայկականության ոչնչացման փաստի առաջ, որտեղից կարող ենք դուրս գալ համազգային համախմբման ու մեծ ջանքեր գործադրելու շնորհիվ միայն։ Հիմա ամեն ինչ մեզանից է կախված։ «Պետությունը կարելի է համեմատել նավի հետ, իսկ ժողովրդին՝ ջրի. ջուրը կարող է նավը անվտանգ տեղափոխել, կարող է եւ խորտակել»,- ասել է չինացի հին ստրատեգ եւ մտածող՝ 543-495 մ.թ.ա. Սուն Ցզուն։ Չեմ կասկածում, որ հայի տաղանդի, վճռականության, կամքի, հայրենասիրության, խիզախության, պայքարի ու իմաստության, արարչագործական անթեղված կրակը դեռ բոցավառվելու է եւ հայ ժողովուրդը դուրս է գալու այս մղձավանջից ու դաժան փորձությունից։ Մեր սիրելի ժողովրդին էլ ուզում եմ դիմել մեր իսկ թշնամու՝ Աթաթուրքի խոսքերով. «Քնած ժողովուրդները կամ ոչնչանում են, կամ արթնանում են ստրկացած»։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

«Առավոտ» օրաթերթ
15.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930