Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Իմ նկարահանածը մասնակի դեպք կլինի, իսկ իմ առաջարկի դեպքում՝ համատարած»

Ապրիլ 17,2023 13:30

Լոռու մարզում «Ֆավորիտ» գիշերային ակումբի մոտ բախվել էին Լոռու գումարտակի պարեկի «Infiniti»-ն ու «ՎԱԶ 2105»-ը. կա 2 զոհ, 3 վիրավոր. վիրավորներից մեկը երեխա էր: Այս ավտովթարը ցավ է պատճառել բոլոր տեղեկացածներին։ Ցավոք սրտի, նման վթարներ հանրապետությունում տեղի են ունենում շատ հաճախ։

2023 թ. հունվարի երկրորդ կեսին ես նամակ-առաջարկություն ուղարկեցի ՀՀ Ազգային ժողովի նախագահին, պատճենը՝ ՀՀ ոստիկանապետին։

ԱԺ-ից զանգեցին, հայտնեցին, որ ինքս էլ կարող եմ նկարահանել տեղի ունեցող ճանապարհային խախտումները եւ ուղարկել իրավապահ մարմիններին։ Իսկ ՀՀ ոստիկանությունից ստացա երկէջանոց պատասխան նամակ, ընդունված բազմաթիվ օրենքների հետ միասին պարզաբանելով նաեւ, թե՝ բոլոր քաղաքացիներն էլ կարող են նկարահանել եւ այլն։ Շնորհակալ եմ պատասխանի համար, հարգարժաններս։

Սակայն մեզանից շատերը նման նկարահանող հեռախոսներ չունեն կամ չունեն այն կատարելու հմտությունը։ Եվ, եթե ես նկարահանեմ հարեւանիս կամ ծանոթիս երթեւեկության կանոնների խախտումը, թշնամանքը կընկնի մեր մեջ։ Իմ նկարահանածը մասնակի դեպք կլինի, իսկ իմ առաջարկի դեպքում՝ համատարած։

Իմ առաջարկն ավելի իրատեսական ու ռացիոնալ չէ՞, արդյոք, որի դեպքում օրական հարյուրավոր խախտումների դեպքեր կբացահայտվեն իմ նամակում նշածս ավտոմեքենաների՝ մեքենաների մեջ տեղադրված նկարահանող սարքերի միջոցով, եւ օրինախախտներն էլ չեն կարող կանխագուշակել, թե ո՞վ է իրենց նկարահանում։ Կվերանան կաշառքի առաջարկները, մարդիկ արդեն միմյանց կհաղորդեն, որ նկարահանվում է յուրաքանչյուր խախտում եւ այլն։ Տեսասարքերի նկարահանման ծախսերը կարելի է կատարել այն պարեկների աշխատավարձերի հաշվին, ովքեր կազատվեն աշխատանքից իրենց դիմումների համաձայն կամ կրճատումների եւ թոշակի անցնելու կապակցությամբ։ Իսկ տեսանկարահանող սարքերի հսկողությունը կարելի է իրականացնել մեկ ընդհանուր կենտրոնից, առանց այդ սարքերում տեսագրությունների որեւէ փոփոխության հնարավորության։ Եթե կլինեն լրացումներ, ուրախ կլինեմ, հարգելիներս։

Ի՞նչ առաջարկներ էի ներկայացրել ԱԺ նախագահին եւ ոստիկանապետին

Հայցելով Ձեր ներողամտությունը, իմ մտահոգություններն եմ հայտնում մեզանում անկարգապահ վարորդների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների ամենօրյա բազմաթիվ կոպիտ խախտումների մասին։

Հայաստանում վարորդների մեծամասնությունը չի էլ նայում ճանապարհային նշաններին, իսկ նայելու դեպքում էլ՝ չգիտի դրանց նշանակությունը, քանի որ շատերն առանց ուսուցման են ձեռք բերել վարորդական իրավունքի վկայականները։ Եվ հենց սրանց նմաններն են լկտի, կարգ ու կանոնն անտեսող, անվախ ու «երես առած» ձեւով վարում իրենց թանկարժեք ու «գոլդ» համարանիշներով մեքենաները։ Կան բազմաթիվ բացահայտված դեպքեր, երբ վարորդները մեքենա են վարել ալկոհոլ օգտագործած, նույնիսկ՝ հարբած վիճակում։ Որոշ «հաբռգածներ» երբեմն մանկահասակ երեխաներին են վստահում իրենց մեքենայի ղեկը…

Անթույլատրելի վազանցներով եւ արագության գերազանցումներով են մեքենա վարում այսպես ասած՝ «ապրանք ցրողները»։ Նրանք ոչ միայն երթեւեկության կանոններին չեն ենթարկվում եւ իրենց կարգազանց գործողություններով ստեղծում են անկանխատեսելի վթարային իրավիճակներ, այլ հաճախ իրենց իսկ ստեղծած վթարների հետեւանքով զոհաբերում են սեփական եւ հանդիպակաց գոտում ընթացող անմեղ վարորդների կյանքը։ Շատերին եմ նկատել ղեկին հեռախոսով խոսելիս ու ծխելիս։

Կարգազանց յուրաքանչյուր վարորդ պոտենցիալ հանցագործ է։ Ակամայից մտածում եմ, մի՞թե նման վարորդներից յուրաքանչյուրի կողքին մեկական ճանապարհային ոստիկան պիտի նստի եւ ուղեկցի:

Հանրապետությունում նորաստեղծ Պարեկային ծառայության հսկիչները զօր ու գիշեր աշխատում են հսկել, հայտնաբերել, կանխել խախտումներն ու կարգավորել երթեւեկությունը։ Սակայն, որքան էլ ջանք թափեն, օրինազանցների այս «հսկայական բանակի» դեմն առնել, ինչպես երեւում է, դժվար է։

Արդյոք հնարավոր չէ՞ ուժային կառույցների բոլոր աշխատակիցներին տրամադրել տեսանկարահանող սարքավորումներ եւ դրանք տեղադրեն նրանց պետական ու սեփական ավտոմեքենաների սրահներում, որոնց միջոցով կտեսագրվի իրավախախտ վարորդների կարգազանցությունները։ Կարելի է նաեւ ներառել կարգապահ վարորդների, որոնց հարմար կգտնի ՆԳՆ ՃՈ համապատասխան բաժինը, որը նաեւ այդ մասին օրենք կմշակի եւ կներկայացնի ԱԺ։ Եթե հնարավոր լինի ԱԺ-ն նման օրենք ընդունի, ապա, համոզված եմ, որ երթեւեկության կանոնների խախտումները կհասնեն մինիմումի։ Քանի որ այս դեպքում կարգազանց վարորդների հայտնաբերումն ավելի արդյունավետ կլինի։ Քանի որ ոչ ոք տեղեկություն չի ունենա, թե տեսանկարահանո՞ւմ են իրեն, թե՞ ոչ։ Իսկ պարեկներին նկատելու դեպքում կարգազանցներն անմիջապես «ձգում են գոտիները»…

Իհարկե, որոշ իրավապաշտպաններ էլ կառարկեն, թե՝ առանց անձին տեղյակ պահելու օրենքը թույլ չի տալիս նկարահանել։ Այս դեպքում ինչպիսի՞ առաջարկություն ունեն իրենք:

Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր,

ՀՀ Ժուռնալիստների միության անդամ

«Առավոտ» օրաթերթ
15.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930