Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ռուս-ուկրաինական պատերազմը չլիներ, մենք նաեւ մեզ չէինք ճանաչի

Ապրիլ 17,2023 13:00

Սովորաբար, ինչպես մարդու էությունն, այնպես էլ ժողովրդի տեսակն իր դեմքը բացում է արտակարգ իրավիճակներում: Նման էքստրեմալ իրավիճակ է համարվում ռուս-ուկրաինական պատերազմը, որը յուրահատուկ իրավիճակ ստեղծեց Հայաստանում վարձով ապրող բնակիչների ապրելակերպի համար, որի հետեւանքով բացահայտվեց հայերից շատերի դիմակը: Պարզվեց, որ հայերը պատեհ առիթի դեպքում, կարող են հանգիստ, առանց խղճի խայթի «մաշկել» իրենց ազգակիցներին: Եթե այս առիթը չլիներ ու ինձ հարց տային, եթե հայը՝ հատկապես արցախյան 44-օրյա դաժան պատերազմից հետո մեր կողմից տրված բազում զոհերի, անհետ կորածների, վիրավորների, գերիների պարագայում հնարավորություն ունենա իր հայրենակցից շորթելու վերջին կոպեկը, ապա նա արդյո՞ք իրեն թույլ կտա այդպես վարվել: Ես առանց վարանելու կպատասխանեի. դա հնարավոր չէ: Սակայն կյանքը ցույց տվեց, որ ես կսխալվեի, քանզի կյանքը հակառակն ապացուցեց. հային հիմնականում չի հետաքրքրում, թե կողքի հայն ի՞նչ վիճակում է եւ եթե առիթը գա, մեկ տուփ լուցկին կարող է վաճառել մեկ միլիոն դրամով: Նրան հետաքրքիր չէ ազգակցի վիճակը, նրան հետաքրքրում է միայն իր շահը. որքան շատ, այնքան՝ լավ: Եթե այս ամենը տեղի ունենար 44-օրյա պատերազմից առաջ, ապա կարելի էր զարմանքը մի կերպ զսպել: Բայց մենք խոսում ենք մեր օրերի մասին, որը մեղմ ասած՝ չափազանց զարմացնող է …

Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերից սկսած զինվորական տարիքի տղամարդիկ ու նրանց ընտանիքները լքեցին Ռուսաստանը եւ սկսեցին տեղափոխվել Հայաստան, Ղազախստան, Վրաստան ու այլ նախկին խորհրդային հանրապետություններ եւ սկսեցին հեռահար աշխատել այդ երկրներից: Նրանց թիվն աստիճանաբար ավելացավ ու այսօր նրանց թիվը Հայաստանում գերազանցում է 100-150 հազարը: Բնականաբար, նրանք սկսեցին տներ վարձել ու տեղավորվել, տեղափոխվել: Դե պատկերացրեք, որ 100-150 հազար տներ վարձեցին նրանք, բնական է, որ այդ պատճառով վարձով տների պահանջարկը հատկապես փոքր Երեւան քաղաքում կտրուկ ավելացավ, որի հետեւանքով էապես, մոտ 2,5-ից 3 անգամ ավելացավ նաեւ այդ տների վարձերի չափը: Հատկապես Երեւանում սկիզբ առավ հետեւյալ պրոցեսը. վարձով տված տների տերերն սկսեցին արագ զգուշացնել իրենց վարձակալներին, որպեսզի շուտափույթ ազատեն վարձակալած տները կամ՝ այսուհետ պետք է մոտ 2-ից 3 անգամ ավելի վճարեն, որը շատ մեծ դժգոհություն առաջացրեց այդ բնակիչների մոտ, սակայն վարձով տների տերերն անդրդվելի են մնացել, քանզի դա հենց շուկայական հարաբերությունների դասական մոդելն է. որքան մեծ պահանջարկ, այնքան մեծ առաջարկ: Փաստորեն, զուտ շուկայական հարաբերությունների տեսանկյունից, վարձով տների տերերը ճիշտ են, սակայն մեր ասելիքը վերաբերում է ազգակիցների նկատմամբ մարդկային հարաբերությունների դրսեւորումներին, հատկապես՝ նրանց խղճին: Ինձ զարմացնում է այն, որ նրանք իրենց անտուն- աղքատ հայրենակիցների սոցիալական վիճակն անտեսելով, անխղճաբար միայն թվեր են կրակում, վայրկյան իսկ չմտածելով, եթե իրենց տեղերը փոխված լինեին, այդ դեպքում ինչպես կզգային իրենց: Նրանք անգամ չեն մտածում, որ ի վերջո կյանքն ակնթարթ է. ի՞նչ են տանելու իրենց հետ, երբ այդքան դաժան ու շահամոլ կեցվածք են որդեգրել բացարձակ անպաշտպան հայրենակիցների նկատմամբ: Եթե նրանք այդպես վարվեին 10-20 տարի առաջ, մի կերպ հասկանալի կլիներ, սակայն աշխարհի, այդ թվում նաեւ մեր երկրի նման ողբերգական վիճակում լրիվ անհասկանալի է, թե նրանք ինչո՞ւ են այդպես անգութ վարվում: Այն էլ այն պարագայում, երբ աշխարհն այսօր փաստացի գտնվում է միջուկային պատերազմի իրական վտանգի առջեւ …

Հայեր, վերջապես պարզ մի բան հասկացեք. բոլորդ էլ Տիրոջ զավակներն եք, այսինքն՝ քույր եւ եղբայրներ ու ծայրագույն վիճակներում պետք է իրար սատար լինեք, հակառակ դեպքում, դուք մեծ մեղք գործած կլինեք ու կգնաք Տիրոջ կամքին հակառակ: Որեւէ բան, այդ թվում նաեւ այս իրավիճակը հավերժ չէ, այն մի օր ավարտվելու է եւ դրանից հետո պետք է կարողանաք իրար աչքերի շիտակ նայել՝ առանց ամաչելու ու շարունակելու կողք կողքի նորմալ ապրել:

Տպավորություն է ստեղծվում, որ դուք անհամբեր սպասում էիք ռուս-ուկրաինական պատերազմի նման մի բանի, որ արագ օգտվեիք պատեհ առիթից՝ չունեւորներին կեղեքելու ու հարստանալու համար, քանզի համոզված եմ, որ այս դեպքում առանց խորագիտորեն մտածելու, առաջնորդվում եք սատանայի գծած ճանապարհով, մեծագույն մեղք վերցնելով ձեր ուսերին… Սակայն, համոզմունք ունեմ, որ սա պարզապես մոլորություն է, մեր ժողովուրդը բնավ այդպիսին չէ եւ շատ արագ կշտկի իր թույլ տված սխալը:

Մեր ժողովրդի համար այս ծանրագույն պայմաններում, մեր հայրենակիցներին կոչ եմ անում չտրվել ագահությանը, քանզի դա մեծագույն մեղքերից մեկն է, առաջնորդվել զուտ խղճի մտոք, թեւ ու թիկունք կանգնել մեր չունեւոր ազգակիցներին եւ իջեցնել վարձով տրվող տների գները: Արեք միմիայն այնպիսի քայլեր, որ աստվածահաճո լինի:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
15.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930