Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ սոպրանոն՝ Operawire-ի աստղ

Ապրիլ 17,2023 12:30

Վերջերս հեղինակավոր Operawire պարբերականը հրապարակել էր օպերային արվեստի 10 ամենահայտնի աստղերի անունները, որում տեղ է գտել սոպրանո Ջուլիանա Գրիգորյանի անունը։ Դեռեւս 2022թ. աշնանը աշխարհի մեդիա դաշտը, ինչպես նաեւ համացանցը ողողված էին Լատվիայի մայրաքաղաքում՝ Ռիգայի ազգային օպերային թատրոնում հոկտեմբերի վերջերին անցկացված Operalia մրցույթում առաջին մրցանակի արժանացած հայ երգչուհու լուսանկարներով։

«Առավոտն» առաջին անգամ հմայիչ Ջուլիանային ներկայացրել է անցյալ տարվա ամռանը, երբ Վարշավայում կայացած Ստանիսլավ Մոնյուշկոյի անվան միջազգային մրցույթում մասնակից 28 երկրի 112 երգիչների մրցապայքարում երգչուհին արժանացել էր Գրան պրիի։ Նա հայտնել էր, որ հրավերներ է ստացել մի շարք թատրոններից, այդ թվում՝ Հռոմի, Ցյուրիխի, Մյունխենի…, «Քովենթ Գարդենից»։ Եղել են նաեւ համերգների առաջարկներ Լեհաստանից, Հունաստանից, Գերմանիայից… եւ Պլասիդո Դոմինգոյի կողմից՝ աշնանը մասնակցելու 1993թ. նրա հիմնած Operalia մրցույթին։

Պլասիդո Դոմինգոյի հետ

Այս մրցույթից հետո սոպրանոն հանդես եկավ մեր օպերային թատրոնում Զեմֆիրայի դերերգով՝ Ռախմանինովի «Ալեկո» ներկայացման մեջ։ Երիտասարդ արվեստագետին մեր հանդիսատեսը ծանոթ է նաեւ ֆիլհարմոնիկ, սիմֆոնիկ նվագախմբերի հետ ունեցած բեմելներից։ Երգչուհին 2019թ., ընդգրկված լինելով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրում (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան), վերջինիս մասնակիցների կազմում բազմաթիվ ելույթներ է ունեցել Երեւանում, մարզերում, Ստեփանակերտում եւ Շուշիում, իսկ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հյուրախաղերով հանդես եկել Չեխիայում եւ Իտալիայում։ Ի դեպ, Մոնյուշկոյի մրցույթից հետո, Իտալիայում կայացած Ֆիորենցա Չեդոլինզի մրցույթում դարձյալ առաջինն էր ճանաչվել։ Եվ քանի որ Operalia մրցույթից հետո երգչուհին դեռ չէր վերադարձել հայրենիք, թեեւ նրա ելույթներին սպասում էին հանդիսատեսն ու մասնագետները, Լեւոն Ջավադյանից հետաքրքրվել ու տեղեկացել էինք, որ սոպրանոն Ամստերդամի թագավորական թատրոնում մարմնավորել է Լիույի կերպարը Վերդիի «Տուրանդոտում» (6 ներկայացում), Ռավեննայում՝ մեծանուն Ռիկարդո Մուտտիի ղեկավարությամբ մասնակցել է Վերդիի Ռեքվիեմի կատարմանը, ինչը կրկնվել է նաեւ Ռումինիայում ու Բոլոնիայում անցկացվող փառատոնային համերգներում եւ այլն։

Ռիկարդո Մուտիի հետ

Օրերս Լեւոն Ջավադյանին դարձյալ «անհանգստացրինք», թեեւ համոզված էինք, որ աստղերի կամ ծագող աստղերի տարբեր ձեւաչափերով բեմելների գրաֆիկը կազմվում է մեկ տարվա կամ գուցե ավելի ժամանակահատվածի համար, այնուամենայնիվ, հետաքրքրվեցինք՝ գոնե մեկ անգամ առիթ կունենա՞նք երգչուհու արվեստին հաղորդակցվել Երեւանում։

«Ընթացիկ տարվա սկզբին՝ հենց հունվարին, Ջուլիանան պայմանագիր է կնքել՝ Ռավեննայի փառատոնին 4 ներկայացումով հանդես գալ Պուչինիի «Բոհեմ»-ում։

Վերջին ներկայացումն ապրիլի 2-ին էր, որն ուղիղ հեռարձակմամբ սփռվեց աշխարհում։ Մինչ այդ՝ մարտին, երգչուհին Պլասիդո Դոմինգոյի հետ ելույթ ունեցավ Բուդապեշտի MVM Dome 8000 հանդիսատեսի համար նախատեսված սրահում»,- հայտնեց մեր զրուցակիցը, հավելելով, որ շուտով սոպրանոն կմասնակցի Միլանի «Լա Սկալա» թատրոնում Դվորժակի «Ջրահարսը» ներկայացմանը, իսկ հետո կկայանա նրա բեմելը Պրահայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որին կհաջորդի Շվեյցարիայում կայանալիք Բազելի փառատոնում նրա ելույթը, ապա Վիեննա… Ռեպլիկին՝ եւ այդպես շարունա՞կ, «Ստացվում է այդպես»,- ժպտալով եզրափակեց Լեւոն Ջավադյանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930