Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Չենք կարող բավարար համարել հնչող հայտարարությունները, եւ ԵՄ պաշտոնյաների հետ հանդիպումներում բարձրաձայնում եմ սպասումները՝ ավելի կոշտ արձագանքի ԵՄ կողմից»

Ապրիլ 17,2023 14:00

Տեղում տեղի ունեցածի, ԵՄ-ի արձագանքի եւ ՌԴ-ի ուղերձների մասին «Առավոտը» զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։

-Արդյոք բավարար համարո՞ւմ եք ԵՄ-ի կողմից հնչող հայտարարությունները, օրինակ՝ ԵՄ խոսնակի վերջին հայտարարությունը, որտեղ ոչ մի խոսք չկար Տեղում տեղի ունեցածի վերաբերյալ դիտորդական առաքելության դիտարկումների մասին։

-Իհարկե չենք կարող բավարար համարել հնչող հայտարարությունները, եւ ԵՄ պաշտոնյաների հետ օրերս ունեցած իմ հանդիպումների ընթացքում ես մշտապես բարձրաձայնում եմ Հայաստանի հանրության սպասումները՝ ավելի կոշտ արձագանքի Եվրամիության կողմից:

-Այս համատեքստում որքանո՞վ արդյունավետ կգնահատեք ԵՄ դիտորդական առաքելությունը, մանավանդ, որ նրանց ներկայությամբ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները հայ զինվորների սպանեցին, իսկ դրա մասին որեւէ արձանագրում, հայտարարություն դիտորդների կողմից չեղավ։

-Իրականում ԵՄ արդյունավետությունը պետք է գնահատել ընդհանուր համատեքստում, այլ ոչ թե միայն այդ դրվագի, մանավանդ, որ դա մի դրվագ էր, որը դեռ պետք է հետաքննվի եւ պարզվի, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ադրբեջանցի զինվորականների անարգել մոտեցումը հայկական դիրքին, որը նշանակում է, որ եղել է ինչ-ինչ պայմանավորվածություն հայկական կողմի հետ՝ ինչ-որ բանակցություններ վարելու, ինչը նման ձեւով չի արվում: ԵՎ այստեղ, թե որն է ԵՄ դիտորդների պատասխանատվությունը՝ պարզ չէ: Ինչ վերաբերում է զոհերին՝ դրանք հենց այս իրադրության պատճառով են եղել երկու կողմից:

-ԵԱՀԿ գործող նախագահը երեկ հայտարարեց, որ իրենք «քաջալերում են երկու կողմին անդրադառնալ այնպիսի հույժ կարեւոր թեմաների, ինչպիսիք են սահմանագծումն ու սահմանազատումը, ինչպես նաեւ բացել հաղորդակցության ուղիները»։ Ի՞նչ է ակնարկում ԵԱՀԿ-ն, արդյոք այս իրավիճակում ՀՀ-ին ձեռնտո՞ւ է սահմանագծման գործընթացի արագ իրականացում։

-Հայաստանին իհարկե ձեռնտու է սահմանագծման եւ սահմանազատման հրատապ իրականացում՝ ԵԱՀԿ եւ ԵՄ չափորոշիչներով եւ ԵՄ փորձագետների անմիջական ներգրավմամբ, ինչի շուրջ իրենց համաձայնությունը տվել են թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը:

-Ռուսաստանը պաշտոնական Երեւանից բացատրություն է պահանջել՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ: Ո՞րն է ռուսական կողմի ուղերձը։

-Ռուսական կողմը վարում է Հայաստանի հանդեպ մշտական շանտաժի եւ ռազմական ճնշումների քաղաքականություն, որն իրականացնում է Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ: Այդ թակարդից դուրս պրծնելու եւ այլընտրանքային անվտանգային բարձիկներ ստեղծելու՝ Հայաստանի ցանկացած քայլ, բնականաբար, առաջացնում է եւ առաջացնելու է Ռուսաստանի դժգոհությունը, քանի որ անպիտան է դարձնում իր հիմնական գործիքը Հայաստանի դեմ՝ Ադրբեջանին: Զուգահեռաբար, Կրեմլը պարբերաբար փակում է կամ Հայաստան մուտք գործող գազը, ինչի հետեւանքով ստեղծված խնդիրները հաջողությամբ հաղթահարվում են Հայաստանի կողմից՝ Իրանի հետ էներգետիկ համագործակցության շնորհիվ, կամ էլ՝ Հայաստանից արտահանվող այս կամ այն տեսակի ապրանքատեսակների ներկրումը Ռուսաստան: Նման ուղերձները, շանտաժները չպետք է պատճառ դառնան Հայաստանի իշխանությունների համար հետ կանգնելու որդեգրած ուղեգծից, քանի որ Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը մեր պետության եւ հանրության համար գերագույն արժեքներ են:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930