Մինչ հայությունը հատկապես «ֆեյսբուքում» ծանր բանավեճերի մեջ է, թե արդյոք Արամ Նիկոլյանը ճի՞շտ արեց, որ այրեց Ադրբեջանի դրոշը, արդյոք նա նախկի՞ն է, թե ներկա, արդյոք դրանով նա բարձրացրե՞ց, թե իջեցրեց Հայաստանի վարկանիշի նշաձողը, Aravot.am-ը որոշել է հիշեցնել ադրբեջանական կողմի մի շարք հայտնի արարքներ, որոնք ոչ միայն «հակասպորտային» են, այլեւ հակահայ ու հակամարդկային, միաժամանակ՝ խրախուսված այդ երկրի բարձր ղեկավարությունից։ Հայերին ոչ մեկ անգամ «վանդալիզմի» մեջ մեղադրող մեր հարեւանների մասնակցությամբ մի քանի տասնյակ, եթե ոչ ավել ցայտուն դեպքեր կան՝ ինքնին փաստող, թե որքան խորն է հայատյացության ակունքն այդ երկրում ու հասարակությունում։ Եվ խոսքը դեռ միայն սպորտի մասին է։ Ընդ որում, նման դեպքեր եղել են դեռեւս սովետական Ադրբեջանի տարիներին եւ դրանց մի մասը, ցավոք, հասանելի չեն դարձել լայն հանրությանը։
Օրինակ․
1984թ․-ին «Արարատ»-ի եւ Բաքվի «Նեւթչի»-ի միջեւ խաղի ժամանակ ադրբեջանցիները շրջափակել էին մարզադաշտը ու հայ մարզիկներին սպանելու կոչեր էին անում։ Նրանց խմբերը շուռ են տվել ու այրել ոստիկանական մեքենա, քաղաքում ջարդեր հրահրել։ «Արարատ»-ի ֆուտբոլիստներին հաջողվել է տարհանել մարզադաշտից։ Մեկ անգամ չէ, որ «Արարատ»-«Նեւթչի» խաղերը բախումներով են ուղեկցվել։
1985թ․-ի խաղերից մեկից առաջ Շուշիի ջարդերի 65-րդ տարելիցի առիթով ադրբեջանցիները Բաքվում թռուցիկներ էին տարածել։ Ապրիլի 21-ի խաղն անցել է ոստիկանների խիստ հսկողության ներքո, սակայն հանդերձարանում, այնուամենայնիվ, ձեռնամարտ է տեղի ունեցել։
Կարդացեք նաև
Գանք մեր օրեր․
2005թ․–ի նոյեմբերին Կիպրոսում ընթացող կարատեի աշխարհի երիտասարդական եւ պատանեկան առաջնության բացման ժամանակ Ադրբեջանի հավաքականի մարզիկները հանկարծակի հարձակվել են Հայաստանի հավաքականի վրա: Մինչ այդ ադրբեջանցիները մի կողմ են հրել կիպրոսցի պատանուն, որի ձեռքերում «Հայաստան» ցուցանակն է եղել: Կարատեի համաշխարհային ֆեդերացիան այս միջադեպի համար Ադրբեջանին 1 տարով որակազրկեց։
2006թ․ հունվարին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել հրաժարվել «Համագործակցության գավաթի» կիսաեզրափակիչ խաղից Բաքվի «Նեւֆչիի» հետ` խուսափելու համար «քաղաքական եւ այլ ենթատեքստերից»։ Ինչպես հայտարարել է «Փյունիկ»-ի այդ ժամանակվա փոխնախագահ Կարեն Հարությունյանը, նախորդ տարի՝ 2005թ․-ին, «Փյունիկ»-«Նեւֆչի» հանդիպումն անցավ անցանկալի միջադեպերով, որոնք կարող էին անկանխատեսելի հետեւանքներ ունենալ ինչպես ֆուտբոլիստների, այնպես էլ մարզադաշտ եկած երկրպագուների համար: «Դեռեւս «Փյունիկ»-«Շախտյոր» խաղի ժամանակ ներկա էին մեծաթիվ ադրբեջանցի երկրպագուներ, եւ արդեն այն ժամանակ հայտարարություններ էին հնչում մահու եւ կենաց պայքարի, հաշվեհարդարի մասին»,-ասել է Կարեն Հարությունյանը։
2011թ․ հոկտեմբերին Բաքվում բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» անդամները ներխուժել են մարզահամերգային համալիր, քարեր գցել հայկական պատվիրակության ուղղությամբ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, սակայն, հերքեց հայ բռնցքամարտիկների վրա հարձակվելու վերաբերյալ տեղեկությունը: Սակայն «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Շահնազ Բելյարգիզին հաստատել է, որ հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել հարձակում հայ մարզիկների վրա։ Ուշագրավ է, որ «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» ղեկավար Աքիֆ Նաղին հայտարարել է․ «Երբ կա հայ-ադրբեջանական չլուծված հակամարտություն, երբ ադրբեջանական տարածքները գրավված են հայերի կողմից, մենք չենք հանդուրժի հայերի ներկայությունն Ադրբեջանում»։
2015թ․ ապրիլին ադրբեջանցի մարզիկ Բախտիյար Աբասսովը Սամբոյի աշխարհի գավաթի պարգեւատրման արարողության ընթացքում ՀՀ օրհներգը հնչելիս ցուցադրաբար կքանստել է։ Ադրբեջանական սպորտի պատասխանատուները սա ոչ միայն չդատապարտեցին, այլեւ մարզիկի արարքը լրատվամիջոցներով «հերոսություն» ներկայացրին։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտարարեց, որ մարզիկի արարքը ոչ միայն մարզական էթիկայի կանոնների խախտում է, այլեւ քաղաքական, ազգային հակակրանքի ու թշնամանքի դրսեւորում։
2016թ․-ի մայիսի 12-15-ը Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացվող «Քունգ-ֆուի» Եվրոպայի առաջնության ժամանակ զանգվածային ծեծկռտուք է եղել հայ եւ ադրբեջանցի մարզիկների ու նրանց երկրպագուների միջեւ: Արցախցի Դավիթ Պետրոսյանին պարտված Ադրբեջանի թիմի մարտավկան փորձել է հարվածել հայ մարզիկին, ինչին միացել են ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները՝ մահակներով: Միջադեպը կրկնվել է մայիսի 16-ին։
2019թ․ մայիսին պաշտոնական Բաքուն հայտարարեց, թե «Արսենալի» այդ ժամանակվա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է ժամանել Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին մասնակցելու: Սակայն «Արսենալը» հայտարարեց, որ անհրաժեշտ երաշխիքներ չի ստացել՝ Հենրիխ Մխիթարյանի անվտանգության ապահովման համար։ Այս պատճառով Մխիթարյանը Բաքու չգնաց։
2018թ․ նոյեմբերին Մոսկվայում կայացել է «ACB Promotion» մարտեր առանց կանոնների մրցաշարը՝ Գեորգի Կարախանյանի եւ Էդուարդ Վարդանյանի մասնակցությամբ։ «First Armenian Front» երկրպագուների խմբի Facebook-ի էջի հաղորդմամբ՝ Կարախանյանի ելույթի ժամանակ ադրբեջանցի երկրպագուները փորձել են հայերից խլել ՀՀ-ի եւ Արցախի դրոշները: Երկրպագուների միջեւ ձեռնամարտ է եղել, ադրբեջանցիները փախել են։ Տիմուր Նագիբինը Գեորգի Կարախանյանին պարտվելուց հետո որակազրկվել է, քանի որ հարվածել է Կարախանյանին։
2019թ․ հունիսին ուկրաինական ХарківTimes-ը գրել է, որ Խարկովի պետական ակադեմիայի հայազգի ուսանող Արթուր Մարտիրոսյանին հանրակացարանի 6-րդ հարկից ցած են նետել ադրբեջանցի հարեւանները, որոնք ցանկացել են նրա սենյակում թմրանյութ թողնել։ «Տղաս պրոֆեսիոնալ մարզիկ է, զբաղվում է սամբոյով, ձյուդոյով։ Ուկրաինայի հավաքականի անդամ է, Ուկրաինայի վեցակի չեմպիոն, Ուկրաինայի առաջնության կրկնակի մրցանակակիր, Եվրոպայի առաջնության եռակի մրցանակակիր»,-լրատվամիջոցին ասել է հայրը։
2020թ․ փետրվարին Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության հնգակի չեմպիոն: Հաղթանակը «չմարսած» ադրբեջանցի երկրպագուները դահլիճում մեջքով շրջված դիմավորեցին Արթուր Ալեքսանյանին:
2020թ․ հուլիսին ադրբեջանցիները կոտրել են ազատ ոճի ըմբիշ, 2019 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն Արսեն Հարությունյանի «ինստագրամյան» էջը։
2021թ․ սեպտեմբերին հայ երկրպագուները Ֆրանսիայի Մարսել քաղաքում Եվրոպա լիգայի խմբային փուլի «Օլիմպիկ»-«Գալաթասարայ» խաղի ժամանակ պարզել են ՀՀ դրոշը։ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներով երկրպագուներն իրեր են նետել հայ եւ ֆրանսիացի երկրպագուների վրա, ապա քաշքշուկ է եղել։ Ագրեսիվ թուրքերն ավանդապար ձեռքով ցույց են տվել «գորշ գայլերի» նշանը։
2022թ․ հուլիսին Հռոմում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովը պարգեւատրության ժամանակ Հայաստանի օրհներգը հնչելիս իջել է հարթակից: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային, եւ Ջաֆարովը որակազրկվել է, զրկվել մեդալից ու հեռացվել։
2022թ․ հոկտեմբերին Ալբանիայում ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող աշխարհի կրկնակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը նվաճեց ոսկե մեդալ եւ եւս 2 փոքր ոսկե մեդալներ։ Պարգեւատրման արարողության ժամանակ Էմրե Օզթուրքը Գարիկ Կարապետյանի հետ վիճելով՝ անընդհատ ձգտում էր Թուրքիայի դրոշով ծածկել Հայաստանի դրոշը։ Հայաստանի հիմնը հնչելու ժամանակ թուրք մարզիկն իջավ հարթակից, հետո հետ եկավ, ենթադրաբար, իր մարզչի խորհրդով։ Ոսկե մեդալը ստանալուց հետո Գարիկ Կարապետյանը ձեռքը մեկնեց՝ շնորհավորելու արծաթը նվաճած Օզթուրքին, բայց վերջինս չարձագանքեց։ Տեղի ունեցավ հրմշտոց։
2023 հունվարին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան բողոք է հղել ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հրապարակած տեսահոլովակի առնչությամբ։ Ադրբեջանին զայրացրել է այն փաստը, որ անվանի ֆուտբոլիստը պատկերել է Հայաստանի քարտեզը՝ Արցախի հետ միասին:
2023թ․–ի մարտի 28-ին Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի Շվեդիա-Ադրբեջան խաղի ժամանակ հայ երիտասարդները բարձրացրել են Արցախի եւ Հայաստանի դրոշները, եւ Ադրբեջանի հավաքականի մարզչի օգնականը մոտեցել է նրանց, փորձել հարվածել։ Տվյալ անձը քաշքշել է Արցախի դրոշը, հայհոյել։ Ոստիկանները հեռացրել են նրան։
2023թ․ մարտին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Մանվելյանը հաղթանակ տարավ ադրբեջանցի մրցակցի նկատմամբ։ Ադրբեջանցի ըմբշամարտիկ Ռահիմ Հասանովը Կարապետ Մանվելյանին պարտվելուց հետո չսեղմեց նրա ձեռքը, հարվածեց նրան, ինչից հետո որակազրկվեց։
Ավելացնենք սպորտում հայատյացության այլ դրսեւորումների թարգմանություններ եւս, որոնք հրապարակել է Ադրբեջանի հարցերով փորձագետ, «Հայատյացությունն Ադրբեջանում» գրքի համահեղինակ Անժելա Էլիբեգովան։
- «Champiоnat.cоm» սպորտային պորտալի գլխավոր խմբագրի տեղակալ Եվգենի Սլյուսարենկոյի՝ «Յութուբում» հրապարակած տեսանյութի նկարագրությունը․ «2015թ․-ին Բաքվում եվրոպական խաղերի բացման ժամանակ ՀՀ-ի հավաքականի հասցեին սուլոցները»։ Իսկ «ֆեյսբուքյան» էջում այդ տեսանյութը կիսելով՝ Սլյուսարենկոն գրել էր․ «Առաջին անգամ եմ տեսնում, որ բացման արարողության ժամանակ դրոշով դուրս եկող պատվիրակությանը դիմավորում են բարձր «բու՜»-երով։ Իհարկե գուշակեցիք, որ սա կատարվում է Ադրբեջանում, իսկ պատվիրակությունը Հայաստանինն է»։
- Բաքվի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում սահմանային հսկողության կետում Ռուսաստանի հավաքականի երկրպագուներին հարցեր են տալիս Հայաստանի եւ ՀՀ-ի քաղաքացիների հետ կապերի մասին։ «Սովետական սպորտ»-ի թղթակիցը դեպքի ականատեսն է եղել ու գրել․ «Երկրպագուներից մեկը՝ Սերգեյ Ն․-ն, որն իր անձնագրում ՀՀ մուտք գործելու կնիքներ ուներ, բառացիորեն հարցաքննվեց սահմանապահի կողմից։ Նա հարցրել է՝ ի՞նչ նպատակով եք գնացել ՀՀ, ինչո՞վ եք զբաղվում, ՀՀ-ի հետ ի՞նչ կապեր ունեք»։
- Հունահռոմեական ոճի ըմբիշ, Ադրբեջանի ներկայացուցիչ Թալեհ Մամեդով․ «Ես ցերեկն իմացել եմ՝ ում հետ եմ կպնելու։ Ես ատում եմ հայ ըմբիշներին եւ չեմ էլ կարող պատկերացնել, թե գորգի վրա պարտություն կրելու դեպքում ինձ ինչպես կպահեմ»։
- Լյուքսեմբուրգյան «Պրոգրեսի» հայազգի ներկայացուցիչ Ալեքսանդր Կարապետյանը Եվրոպայի ֆուտբոլի լիգայում ադրբեջանական թիմին հաղթելուց հետո azerisport-ի հետ զրույցում ասել է․ «Ի դեպ, մարզադաշտ դուրս գալուց հետո մրցակիցն ագրեսիվ դրսեւորեց իրեն։ Դա ոչ թե իմ թիմի դեմ էր, այլ հենց իմ։ Խաղի ժամանակ իրենց թիմի ֆուտբոլիստներն ինձ վիրավորում էին»։
- Ադրբեջանական «Նեւթչի» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական Բեյուկագա Հաջիեւը հայտարարել է, որ Կազանի «Ռուբին» ակումբի կիսապաշտպան Ռուսլան Աբիշովը պետք է հեռանա ակումբից, եթե այն գլխավորի Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը։ «Ադրբեջանցի ֆուտբոլիստը չպետք է խաղա հայ մարզչի ղեկավարության տակ։ Նա պետք է փոխի թիմը, անգամ՝ վերադառնա Ադրբեջան»,-ասել է Հաջիեւը։
- Սերբ դարպասապահ Ստեֆան Չուպիչի մուտքն Ադրբեջան արգելել են։ 2019-2020թթ․ Չուպիչը հանդես էր եկել հայկական «Արարատ»-ի կազմում։ «Իմ մեկնումն Ադրբեջան չի կայանա, որովհետեւ վիզա չտվեցին։ Իմ սոցիալական էջերում որեւէ քաղաքական գրառում չկա։ Սա կապված է նրա հետ, որ նախկինում ես ՀՀ-ում եմ խաղացել։ Թեեւ ես Սերբիայի քաղաքացի եմ, ոչ թե ՀՀ-ի։ Ես մարդկանց հետ խնդիրներ չունեմ։ Համացանցում ՀՀ-ին սատարող որեւէ գրառում չեմ արել։ Ամեն դեպքում, իմ մեկնումն Ադրբեջան չի ստացվել»,-ասել է Չուպիչը։
- Ադրբեջանցի շախմատիստ Վուգար Հաշիմով․ «Ինձ չեն հրավիրել օլիմպիադային մասնակցելու՝ հեռացնելով հավաքականից աբսուրդ մեղադրանքներով՝ կապված հայերի հետ։ Ես երբեւէ չեմ խաղացել հայ շախմատիստների հետ նույն թիմում, էլ չասած՝ հայկական թիմի համար խաղալու մասին։ Մեր որոշ շախմատիստներ նույն թիմում խաղացել են հայերի հետ։ Օրինակ՝ Թեյմուր Ռաջաբովը խաղացել է Հակոբյանի հետ նույն թիմում։ Եթե այդպես մտածես, ապա ես վախենում եմ մտածել, թե ինչ կսպասեր Թեյմուրին, եթե նա իմ տեղում լիներ»։
- Ադրբեջանական 1news.az-ը՝ հայազգի հանրահայտ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին․ «Մխիթարյանը վախկոտի պես հրաժարվեց գալ Բաքու՝ Եվրոպայի լիգային մասնակցելու համար Լոնդոնի «Արսենալի» կազմում։ Փոխարենը նախընտրեց էժանագին սադրանք կազմակերպել Ադրբեջանի հասցեին»։
- Բաքվի №95 միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի Զահրա Սալմանլըն բողոք է արտահայտել Իրանում ընթացող կարատեի մրցումների ժամանակ այն պատճառով, որ Ադրբեջանի դրոշը ՀՀ դրոշից ավելի ցածր է դրված եղել։ Նա հայտարարել է, որ մրցմանը չի մասնակցի, եթե Ադրբեջանի դրոշի տեղը չփոխեն։ Ավելի ուշ Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամի տնօրեն Մեհրիբան Ալիեւան մրցույթի հաղթող Զահրային շնորհավորելիս նրան նվեր մատուցեց՝ հաջող մրցումների եւ «ցուցաբերած հայրենասիրության» համար։ Աղջնակը համակարգիչ է նվեր ստացել եւ հիմնադրամի տպագրած գրքերից։
(Վերոնշյալ բոլոր հրապարակումների սկզբնաղբյուրն առկա է)
Հ․Գ․ Օրերս ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում ադրբեջանական դրոշն այրելու միջադեպից հետո Բաքուն հետ կանչեց իր մարզիկներին Երեւանից։ Ամենազազրելի ու սարսափելի հանցագործությունների հեղինակ այդ պետությունը կատարվածը որակեց «բարբարոսություն, վանդալիզմ»։ Դպրոցից իր աշակերտներին կացինով հայ սպանել սովորեցնող Ադրբեջանը դա որակեց նաեւ «ադրբեջանատյացություն»։ Ի դեպ, ինչպես ենթադրելի էր, Ադրբեջանցի ծանրորդներին իրենց հայրենիքում որպես հերոսների դիմավորեցին, իսկ Ադրբեջանի դատախազությունը քրեական գործ հարուցեց՝ Արամ Նիկոլյանին պատասխանատվության ենթարկելու հարցով միջազգային ատյաններին դիմումներ ուղարկելու նպատակադրմամբ։ Խոսքն այն Ադրբեջանի մասին է, որը ՀՀ-ի եւ Արցախի տարածքներն օկուպացնելու, հայերի ցեղասպանության, ռազմական եւ մշակութային հանցագործությունների համար ոչ միայն երբեւէ ներողություն չի խնդրել, այլեւ խրախուսել ու խրախուսում է այդ հանցագործությունները։ Իսկ զուգահեռ իրականությունում իշխող թիմի պատգամավոր Հովիկ Աղազարյանը ներողություն է խնդրում միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունից, որ որպես քաղաքացի և պատգամավոր՝ չի արել իրենից կախված առավելագույնը, որպեսզի իր ազգի միջից ամբողջովին արմատախիլ արվեն վայրի եւ մարդակեր ցեղերին հատուկ դրսևորումները։
Հ․Գ․ 2․ Համացանցային որոնումներս հիշեցրին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ում 2010թ․-ին տպագրված այս հոդվածը, որում հարցադրում է հնչում՝ պատկերացնո՞ւմ եք, եթե ադրբեջանցիները իրոք ժամանեն Երեւան ու ոսկե մեդալի արժանանան։ «Հայաստանը, այս դեպքում, ստիպված է լինելու ոչ միայն Ադրբեջանի դրոշը բարձրացնել, այլ նաեւ հիմնը հնչեցնել, ընդ որում` Ծիծեռնակաբերդում (մրցաշարը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում)։ Ահա թե ինչ է սպասվում մեզ, եթե ադրբեջանցիները գան։ Սա բացառելու մեկ ձեւ կա, որը շատ ու շատ անգամ արդեն իրագործել է Ադրբեջանը։ Պետք է ընդամենը խուսափել ադրբեջանցի մարզիկներին ընդունելուց, ընդ որում` շատ էլ հեշտ ու հասկանալի պատճառաբանությամբ` անվտանգության երաշխիքների բացակայություն»,-եզրափակում է հոդվածագիրը։
Թե ով է նա, թողնենք ընթերցողների ենթադրությանը։
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ
Լուսանկարում՝ Արթուր Մարտիրոսյանը