Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկա պահին Հանրապետության Նախագահի ինստիտուտը ձևական է

Ապրիլ 16,2023 19:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2018 թվականի ապրիլի 9-ից Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է: 5 տարի անց էլ մեծամասնությունը դժվարությամբ է ընկալում Հանրապետության Նախագահի դերը պետության կյանքում:

Սահմանադրության 5-րդ գլխի 123-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության Նախագահը պետության գլուխն է: Սակայն եթե շարունակենք կարդալ 5-րդ գլուխը, կտեսնենք, որ պետության գլուխը, ընհանուր առմամբ, պետության կյանքում ինքնուրույն որևէ քայլ չի կարող կատարել: Առավելագույնը, որը նա կարող է անել, իրեն ներկայացված ակտով Սահմանադրական դատարան դիմելն է:

Իշխանամետ շրջանակներում հաճախ նշում են, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, Նախագահի դերը՝ սահմանափակ: Այո, Հայաստանը խորհրդարանական երկիր է, բայց եթե «պետության գլուխ» եզրույթը միայն թղթի վրա գրված դատարկ բառակապակցություն չէ, ապա պետք է լինեն բավականաչափ լիազորություններ, որով ՀՀ Նախագահը հակակշիռներ կունենա և իրապես կլինի պետության գլուխը:

Օրինակ, միգուցե Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվելու համար ներկայացված օրենքը, առաջարկությունը կամ միջնորդությունը հակասահմանադրական չէ, ուստի Նախագահը չի ուզում դիմել ՍԴ, բայց կարծում է, որ տվյալ ակտը վնաս կհասցնի պետությանը: Նախագահը պետք է ունենա վետոյի իրավունք: Գործող Սահմանադրությամբ, Նախագահը կարող է փոփոխության առաջարկություններ ներկայացնել դիմող մարմնին, բայց դրանց մերժման դեպքում նա պարտավոր է ստորագրել համապատասխան ակտը: Չստորագրելու դեպքում այն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով: 2021-ին այսպես պաշտոնանկվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը:

Հակափաստարկ կարող է բերվել, որ Նախագահը կչարաշահի վետոյի իր իրավունքը: Եթե Նախագահն ունի վետոյի իրավունք, Ազգային Ժողովն էլ վետոն չեղարկելու իրավունք կունենա, պատգամավորների ⅔ համաձայնության առկայության դեպքում, ինչպես Միացյալ Նահանգներում է: Սա կհանգեցնի նաև իշխանություն-ընդդիմություն երկխոսության:

Այն հանգամանքը, որ մեր պետության գլուխը Անվտանգության խորհրդի անդամ չէ, խոսում է այն մասին, որ Հանրապետության Նախագահը ձևական ինստիտուտ է: Ի վերջո, հարևան Վրաստանում, որտեղ նույնպես խորհրդարանական համակարգն է գործում, զինված ուժերի գլխավոր հրամանատարը Նախագահն է: Վրաստանի Հանրապետության քաղաքական համակարգը կարող է լավ մոդել լինել մեզ համար, քանի որ երկու երկրներն ունեն մի շարք նմանություններ բնակչության քանակի, մտածողության, մշակույթի և պատմության հարցերում:

Եթե Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը Նախագահին վերաբերող ուրիշ ոչինչ չփոխի, պետք է նվազագույնը սահմանի, որ Անվտանգության խորհուրդը Հանրապետության Նախագահն է գլխավորում:

Այնուամենայնիվ, ՀՀ Նախագահին պետք է համարել ապաքաղաքական խորհրդանիշ կամ պետության «հայր»: Բայց դժվար է դա անել, երբ Նախագահը իշխող քաղաքական թիմի նախկին (կամ միգուցե ներկա՞) անդամ է:

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930